«Արվեստաբանների տեսա, որոնք մեծահարուստների ականջին փսփսում էին, թե որ կտավն առնեն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նկարչուհի Արմինե Ավետիսյանը (Մանոն) ասում է, որ ինքը տպավորության եւ տրամադրության նկարիչ է. այդ հանգամանքն ակնհայտ է նրա կտավներում: Արմինեն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց իր ստեղծագործական կյանքից, խոստովանեց, որ նկարիչների միության անդամ լինելը գործնականում ոչինչ չի փոխում այդ կյանքում: Արմինեն անդրադարձավ նաեւ միության ներսում ձեւավորված կորիզին, որի գործունեությունը կլանային բնույթ ունի:

-Արմինե՛, Ձեր կտավներից շատերում նկատելի է երեք թվի խորհրդանշական առկայությունը, օրինակ` դրանցում ծաղիկները մեծ մասամբ երեքն են, ինչ-որ հետաքրքիր եռամիասնության գաղափար կա՞:

12170500_939139022833831_574480998_n

-Այո՛, կա նման բան, այդ եռամիասնությունը հույսը, հավատը եւ սերն է: Որքան էլ կտավը «մութ» լինի, դրանք լուսավորում են այն…

-Ձեր նկարներում հաճախ հանդիպում ենք նաեւ խաչված կնոջ… Ինչո՞ւ եք հատկապես կնոջը «խաչել»…

-Ես տպավորության եւ տրամադրության նկարիչ եմ, իմ նկարներում արտացոլվում է տվյալ պահի, ժամանակահատվածի իմ տրամադրությունը: Եղել է շրջան, որ խաչված կնոջ եմ պատկերել, հետո նկարել եմ խաչը առանց նրա, միայն զգեստն եմ թողել, այսինքն` հոգին մնացել է, ինքը չկա… Փոխանցել եմ այն, ինչ զգացել եմ տվյալ պահին: Փառք Աստծո, վերջին տարիներին խաչված կին չեմ նկարում. կյանքի այդ փուլն արդեն ետեւում է, հիմա իմ կտավները մեծ մասամբ լուսավոր են…(ժպտում է):

-Նկարիչների միության անդամ եք. այս հանգամանքը Ձեր ստեղծագործական կյանքում ինչ-որ բան փոխո՞ւմ է:

-Դա ինձ ոչինչ չի տալիս: Հինգ տարին մեկ համագումար ենք անում, հերիք չի՞ (ծիծաղում է): Իհարկե, միության կազմակերպած որոշ ցուցահանդեսների մասնակցում եմ, սակայն այնտեղ կա մի կորիզ, որոնք այստեղ եւ արտերկրում կազմակերպվող ցուցահանդես-վաճառքների մշտական մասնակիցներն են, իրենք իրենցով բուկլետներ են թողարկում, իսկ միության շատ անդամներ այդ մասին իմանում են թողարկվելուց հետո միայն, այնինչ մենք էլ կցանկանայինք մեր մասնակցությունն ունենալ այդ աշխատանքներում: Բայց ոչ, մեզնից շատերի աշխատանքներն ընդգրկվում են հինգ տարին մեկ թողարկվող բուկլետներում միայն:

12179878_939139026167164_390018508_n

-Այսինքն` նկարիչների շրջանում ինչ-որ կլան է ձեւավորվե՞լ, այս ոլորտում է՞լ են իշխում կլանային հարաբերությունները:

-Այո՛, նման մի բան: Վերջերս, օրինակ, իմացա, որ նկարիչների միությունը մրցույթ է հայտարարել՝ մյուռոնօրհնեքի կապակցությամբ Էջմիածնում ցուցահանդես-վաճառքի մասնակցելու համար: Ես նշված թեմատիկայով երկու կտավ ներկայացրի, սակայն դրանք այդպես էլ չընտրվեցին: Ես ներկա եղա ցուցահանդեսին եւ տեսա, թե ինչ նկարներ էին ընտրվել: Դրանց շարքում կային շատ լավ աշխատանքներ, բայց ընտրվել էին նաեւ «ճ» կլասի, աբսուրդ գործեր, որոնց մի մասն, առհասարակ, թեմատիկայից դուրս էր: Ես զարմացած մնացի, թե ինչպես են դրանք ընտրել…Ո՛չ հարցրեցի, ո՛չ էլ հետաքրքրվեցի, թե ովքեր են եղել ընտրողները: Իհարկե, ես լավ գիտեմ իմ գինը, սակայն զգում եմ, որ անընդհատ բախվում եմ նույն ապակուն, ասելիքս չեմ կարողանում տեղ հասցնել:

-Իսկ նման պայմաններում Ձեր նկարները կարողանո՞ւմ եք ներսի կամ դրսի շուկայում իրացնել:

12180069_939139029500497_565282459_n

-Կտավներս իրացնում եմ հիմնականում դրսում: Օրինակ` տարիներ առաջ Փարիզում ցուցահանդեսներ եմ ունեցել, որոնց շրջանակներում կտավների վաճառք էլ է եղել: Բայց որ ասեմ` մեր շուկայում կարողանում եմ դրանք շրջանառել, սուտ կլինի:

-Ինչո՞ւ:

-Նախ` ինքնաներկայացման խնդիր կա: Երկրորդ` կան արվեստաբաններ, որոնք ունեն իրենց մտերիմ նկարիչներին: Էջմիածնի ցուցահանդեսին, օրինակ, երկու արվեստաբանի տեսա, որոնք մեծահարուստների ականջին փսփսում էին, թե որ կտավը կարելի է գնել: Իսկ ես այդ ամենից շատ հեռու եմ: Իմ գործը նկարելն է: Լավ նկարի համար «էստի համեցեք» չեն անում, բայց հիմա այդպես չէ, «էստի համեցեք»-ի դար է: Հուսով եմ` գնա մեռիր, արի սիրեմ տարբերակով գոնե հետո ամեն ինչ լավ կլինի (ծիծաղում է)…

Աննա Բաբաջանյան




Լրահոս