Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի դրամական միջոցներն անցած տարվա վերջին կազմել են 10 միլիոն դրամ եւ 55 հազար դոլար: Այս մասին տեղեկանում ենք Գաբրիելյանի կողմից ներկայացված պաշտոնական հայտարարագրից: Դատավորի ամսական աշխատավարձը կազմում է կես միլիոն դրամ: Իսկ ահա դատավորի կինը՝ Լիլիթ Գաբրիելյանը, թեեւ չի աշխատում, այնուամենայնիվ, հայտարարագրել է 22 մլն դրամ եւ 5 հազար դոլար դրամական միջոց: Բացի այդ՝ նա անցած տարվա ընթացքում 11 հազար դոլարով վաճառել է «Toyota Rav 4 2.4» մակնիշի ավտոմեքենա, իսկ 21 հազար դոլարով գնել է «Lexus Rx 350» մակնիշի շքեղ ավտոմեքենա:
Տեղեկացնենք, որ դատավորի կինը ոչ մի տեղ չաշխատելով՝ անցած տարի 5.5 մլն դրամ եւ 10 հազար դոլարի եկամուտ է ստացել, որոնցից առաջինը ձեւակերպվել է որպես շահաբաժին, իսկ երկրորդը՝ 10 հազար դոլարը, որպես նվիրատվություն:
Ի դեպ, Հայաստանի պաշտոնյաների մոտ տասնյակ հազարավոր դոլարներ նվեր ստանալը դարձել է ավանդույթ: Սա ոչ այլ ինչ է, քան մեծուփոքր պաշտոնյաներին տրված կաշառքները օրինական գրանցելու հնարավորություն: Պարզապես անհրաժեշտ է գտնել մեկին, որը պաշտոնապես գումար նվիրի պաշտոնյաներին: