Մինչ բնապահպանության նախարարությունում վստահեցնում են, որ Սեւանա լճից ջրբացթողումները չեն հանգեցնի լճի մակարդակի իջեցմանը, մի խումբ բնապահպաններ ահազանգում են, որ այս տարվա սեպտեմբերի 1-ից մինչեւ հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լճի մակարդակը 10 սանտիմետրով իջել է:
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը բնապահպան Ինգա Զարաֆյանին տրամադրել է 2015 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածի Սեւանա լճի մակարդակի տատանման ցուցանիշները, որոնցից երեւում է, որ այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը եղել է 1900.34 սմ եւ մինչեւ հոկտեմբերի 19-ը աստիճանաբար իջել է` կազմելով 1900.24 սմ:
Նշենք, որ 2015 թվականի ընթացքում ՀՀ կառավարության որոշմամբ՝ Սեւանից բաց կթողնվի մինչեւ 170 մլն խմ ջուր այն դեպքում, երբ նախորդ տարի բաց էր թողնվել 269 մլն խորանարդ մետր ջուր: Ըստ բնապահպանների՝ ջրբացթողումները Սեւանա լճից պետք է սահմանափակվեին 170 միլիոն խմ-ով եւ պաշտոնապես դադարեցված լինեին հոկտեմբերից: Նրանց խոսքերով՝ «Հայպետհիդրոմետ» ծառայության տրամադրած աղյուսակից պարզ է դառնում, որ լճի մակարդակն իջել է նաեւ հոկտեմբերին, եւ սա առավել մտահոգիչ է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ հոկտեմբերի առաջին կեսին հանրապետությունում եւ մասնավորապես Գեղարքունիքի մարզում դիտվել են տեղումներ:
Սակայն ՀՀ ՏԿԱԻՆ «Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի պետի տեղակալ Համլետ Մելքոնյանը համաձայն չէ բնապահպանների այն պնդումների հետ, թե Սեւանա լճի մակարդակը այս տարվա սեպտեմբերի 1-ից մինչեւ հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում 10 սմ-ով իջել է: «Ամեն տարի այդ պրոցեսն իրականանում է: Այս տարվա հոկտեմբերի 21-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Սեւանա լճի մակարդակը 7 սմ-ով բարձրացել է: Այսինքն՝ նախորդ տարի այս ժամանակաշրջանում Սեւանա լճի մակարդակը կազմել է 1900.17սմ, իսկ այս տարվա հոկտեմբերի 21-ին՝ 1900.24սմ»,- «Ժողովուրդ»-ին պարզաբանեց Մելքոնյանը:
Մասնագետի խոսքերով՝ տատանումները բնական են, եւ ամեն տարի այդպես է լինում, գարնանը լճի մակարդակը բարձրանում է, ապա՝ աստիճանաբար նվազում: «Սեւանն ունի իր մուտքային եւ ելքային տվյալները: Մուտքային տվյալները տեղումների քանակն է, գետային հոսքերը, որոնք թափվում են Սեւան, նաեւ ստորերկրյա ներհոսք կա: Իսկ ելքային տվյալները Հրազդան գետն է, գոլորշիացումը, որն էլ ամենամեծ էլեմենտն է, եւ այն պայմանավորված է տվյալ տարվա ջերմաստիճանի արժեքով: Եթե շատ բարձր է ջերմաստիճանը, ապա գոլորշիացումը մեծանում է: Ըստ մեր գնահատականների՝ եթե ջերմաստիճանը նորմայից բարձր է 1 աստիճանով, ապա գոլորշիացումը 2 մլն կուբամետրով ավելանում է: Իսկ տեղումների, գետային հոսքերի 80 տոկոսը ծախսվում է գոլորշիացման վրա, ինչի արդյունքում էլ այդ տատանումների պատկերն ունենք: Բացի այս՝ 170 մլն խմ-ն էլ Հրազդան գետով բաց է թողնվում»,- ընդգծեց մասնագետը` հավելելով, որ այս տարի դեռեւս 2.3 մլն խմ ջուր կարող է բաց թողնվել:
Իսկ, ահա, բնապահպան Լեւոն Գալստյանը համոզված է, որ վերջին 5-6 տարիների ընթացքում ամեն բան արվում է՝ Սեւանա լճի մակարդակը չբարձրացնելու համար:
«Այն թվերը, որոնք ներկայացնում է «Հայպետհիդրոմետը» կամ մեկ այլ պետական կառույց, մեզ համար արժանահավատ չեն, որովհետեւ չկա հանրային վերահսկողության հստակ համակարգ: Մոտ օրերս Դիլիջանից Երեւան վերադառնալիս՝ Հրազդան քաղաք տանող խաչմերուկի մոտ նկատեցի, որ Սեւանա լճից բաց թողնվող ջրի համար նախատեսված ջրանցքի հատակի ողջ երկայնքով ջրի բարակ շերտ էր հոսում, ինչը նշանակում է, որ այս օրերին ջուր է բաց թողնվել Սեւանից՝ չնայած նրան, որ իրավունք չունեն բաց թողնելու: Ակնհայտ երեւում է, որ լավ էլ ջուր են բաց թողնում»,- ներկայացրեց բնապահպանը:
Տեւական ժամանակ է, ինչ բնապահպանն առաջարկում է ստեղծել հանրային վերահսկողության թափանցիկ համակարգ, որով հնարավոր կլինի պարզել, թե որքան ջուր է Սեւանից բաց թողնվում: Այս առաջարկով Լ.Գալստյանը դիմել է նաեւ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին, սակայն անարձագանք: «Մեր առաջարկի իրագործման դեպքում յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա վերահսկել: Օրինակ՝ մեր բնապահպանները իրենց տարբեր հաշվարկներով պնդում են, որ Սեւանից ավելի մեծ քանակությամբ ջուր են բաց թողնում, քան հայտարարում են: Այսինքն՝ 170 մլն խմ է տրված, բայց կրկնակի են բաց թողնում»:
Զրույցի ավարտին բնապահպան Լ. Գալստյանը հայտնեց, որ հիմա Սեւանա լճի մակարդակի բարձրացման համար նախատեսված ջուրը լցվում է Եղեգիս գետ, այնուհետեւ հոսում դեպի Նախիջեւան: Մինչդեռ մինչեւ 2030 թվականը նախատեսված է լճի մակարդակը հասցնել 1903,5 մետրի, ինչն անհրաժեշտ նվազագույն բարձրությունն է Սեւանա լճի ճահճացումը կանխելու համար:
Սյունէ Համբարձումյան