Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բավականին ժամանակ գիտեր, որ ինքը իր թեկնածությունն առաջադրելու է ՀՀ Նախագահի ընտրություններին մասնակցելու համար: Բացի այդ, հատկապես ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի թեկնածու չառաջադրելուց հետո ողջամիտ ժամանակ ուներ, եթե մինչ այդ ինչ-ինչ պատճառներով չէր պլանավորել, ապա ԲՀԿ-ի հետ սիրախաղեր տալու փոխարեն կարող էր մշակել գործողությունների հնարավոր տարբերակներ՝ քաղաքական զարգացումներին արագ արձագանքելու համար:
Թեկնածուներից երեւի թե Րաֆֆին միակն էր, որ դրա համար ուներ լիարժեք պայմաններ եւ հնարավորություններ: Սփյուռքի օժանդակությունը եւ հատկապես իր ռազմավարական հետազոտությունների կենտրոնը՝ իր փորձագետներով, քաղաքագետներով, հոգեբաններով…
Եվ ինչ, եթե Րաֆֆիի նախընտրական քարոզարշավը քիչ թե շատ հաջողված էր, ապա շատ զարմանալի է, որ ՀՀ Նախագահի պաշտոնին հավակնող անձը, նրա ռազմավարական կենտրոնը՝ իր ինտելեկտուալների խմբով, չէին կանխատեսել հետընտրական զարգացումների տարբերակներ եւ մշակել համապատասխան գործողությունների ծրագիր: Թե?նրանց “ռազմավարական” ծրագիրը աջ ու ձախ բարեւելը, գրկել-համբուրելը, հարթակից պաշտոններ բաժանելը, խանութի հատակը մաքրելը եւ մարզային հանդիպումներն էին միայն: Իմ կարծիքով նրանք ավելի լավ մասնագտական հմտություններ դրսեւորեցին Մաշտոցի պուրակի արգելափակոցները քաշքշելիս, եւ բուտիկների պտուտակները քանդելիս…
Այս ամենի օրինաչափ հետեւանքը Րաֆֆիի այս հացադուլի որոշումն էր, որը նման է ձեռքերը փրփուրներին գցելուն… Ծայրահեղ մի քայլ, որը զուգորդվեց հետագա հակասական ու սխալ քայլերով, հայտարարություններով: Բնականաբար օրինաչափ էր նաեւ հանրահավաքների մասնակիցների սակավաթիվությունը, քաղաքացիների հիասթափությունն այս գործընթացներից: Ժամանակին Մաշտոցի պուրակում ավելի շատ մարդ էր հավաքվում, քան ներկայումս Թատերական հրապարակի հացադուլային ասուլիսների “սերիալներին”, որի գերակշիռ մասը լրագրողներն ու օպերատորներն են: Չեն օգնում նաեւ կազմակերպվող համերգ-շոուներն ու “քյանդրբազները”…
Իսկ իշխանությունների նման պահվածքը, իմ կարծիքով, առայժմ հնարավորություն է տալիս Րաֆֆի Հովհաննիսյանին, իր թիմին ու իրեն միացած մի քանի գավառական մակարդակի կուսակցություններին, քաղաքական գործիչներին, սխալ-սխալի հետեւից գործել…
Իշխանությունները սակայն, իրենց հերթին, չպետք է հանգստանան եւ պետք է շատ զգոն լինեն: Ժամանակն է, որպեսզի հատկապես ինաուգուրացիայից, Երեւանի ավագանու ընտրություններից հետո լուրջ կադրային “զտում” եւ տեղաշարժեր իրականացվեն, ստեղծեն այնպիսի իրավիճակ եւ փոխհամագործակցության մթնոլորտ, որպեսզի աստիճանաբար վերացվեն այն բոլոր արատավոր երեւույթները, որոնք հանգեցրին նման իրավիճակի, նման ընտրական գործընթացների…
Իսկ Րաֆֆին արդեն գնացքից ուշացել է, որն արագ մոտենում է Երեւանի ավագանու ընտրություններին, ուր նրա դաշինքը հազիվ թե հաջողություն ունենա: “Ժառանգությունը” օգտագործվեց եւ տապալվեց, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ կանի դադարեցնի հացադուլը եւ անհիմն “վերջնագրերը”: Իսկ վերջին հանրահավաքի նամակի պատասախանը խաչն է կամ իքսը:
Հա, կա նաեւ երրորդ տարբերակը՝ զեթը, երբ փակում ես էջը…”: