Երգիչ Վահագ Ռաշը (Վահագն Ռուշանյան) վերջերս հանրությանը ներկայացրեց Միսաք Մեծարենցի հայտնի ստեղծագործություններից մեկի հիման վրա գրված «Կարմիր ծաղիկ մը» երգը` նոր երաժշտությամբ: Վահագը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսել է համարձակ այդ քայլից, անդրադարձել իր արվեստի մասին հնչած քննադատություններին, նշել ակումբում չերգելու պատճառները:
-Վահա՛գ, արդեն ծանոթ բանաստեղծությունը նոր մեղեդու ուղեկցությամբ մատուցելը ռիսկային չէ՞ր: Չվախեցա՞ք, որ մարդիկ այն կհամեմատեն Ռոբերտ Ամիրխանյանի` իրենց ականջին արդեն ծանոթ երաժշտության հետ եւ, հնարավոր է,նաեւ չընկալեն:
-Նախ ասեմ, որ իմ մատուցած երաժշտությունը գրվել է Ռոբերտ Ամիրխանյանի երաժշտությունից առաջ, հորս` Աշոտ Ռուշանյանի կողմից, եւ ես առաջինը հենց այդ տարբերակն եմ լսել: Իսկ տարիներ հետո, երբ լսեցի նաեւ Ամիրխանյանի տարբերակը, որոշեցի, որ այդ երգին այլեւս չեմ անդրադառնա:
Սակայն վերջերս մի հավաքույթի ժամանակ հայրս երգեց իր գրած երաժշտությամբ երգը, եւ ես որոշեցի, որ այն պետք է անպայման ձայնագրվի, ափսոս է: Թող նույն բառերով երկու երգ լինի: Ի դեպ, Ամիրխանյանի երգում Մեծարենցի տեքստը մի քիչ թերի է, իսկ մենք խոսքերն ամբողջությամբ պահել ենք: Ինձ թվում է` այս նոր տարբերակն էլ կսիրվի ժողովրդի կողմից: Ճիշտ է, քայլը ռիսկային է, սակայն ինձ համար էլ է շահեկան, որ այն ուրիշ տարբերակ ունի, քանի որ մարդիկ հետաքրքրությամբ կլսեն նորը:
-Առաջին անգամը չէ, որ հայ դասականի բանաստեղծության հիման վրա երգ եք գրում: Դասականներին ընտրում եք, որովհետեւ հոգեհարազա՞տ են, թե նոր սերնդին նրանց մասին հիշեցնելու խնդիր եք Ձեր առջեւ դրել:
-Ինձ հոգեհարազատ են այն բանաստեղծությունները, որոնք կարդացել, սովորել եմ դեռ մանկուց, դրանց վրա ավելի հեշտ է երգ կառուցելը, քան նոր, անծանոթ տողերի, որոնք դեռ պետք է մարսել: Երեւի 15-20 օրից կձայնագրենք Տերյանի «Հրաժեշտի խոսքեր» բանաստեղծության հիման վրա գրված երգը, Իսահակյանի խոսքերով «Գիշերն եկավ» երգը կմատուցեմ ինձ հարազատ ոճում, ինչպես նաեւ ռուս պոետներից Իննոկենտի Աննենսկիի բանաստեղծություններից մեկի հիման վրա մի երգ եմ մշակում, այն գործիքավորման փուլում է:
-Ձեր արվեստի մասին դրական խոսքերից զատ լսել եմ նաեւ կարծիք, որ դրանում առկա է որոշ պաթոս: Ի՞նչ կասեք:
-Շատերին հոգեհարազատ չեն իմ երգերի ռոքային էլեմենտները, ավագ սերնդին շատ դուր չի գալիս հայկական երգերը լսել էլեկտրոկիթառի նվագակցությամբ, երեւի դրա համար են ոմանց դրանք խորթ թվում. այս առումով նրանք երգը մարսելու կարիք ունեն: Իսկ, առհասարակ, ինձ համար ավելի լավ է ունենալ փոքրաքանակ, բայց որակով լսարան: Ի վերջո, ես միայն հաճույքի համար եմ երգում, եւ երգարվեստն ինձ համար բիզնես չէ:
-Ի դեպ, մի առիթով նշել էիք, որ գումար աշխատում եք՝ երգարվեստի հետ առհասարակ կապ չունեցող աշխատանք կատարելով: Թերեւս, եթե արտիստը եկամտի այլ աղբյուր ունի, նա ավելի ազնվորեն է նվիրվում իր արվեստին…
-Համաձայն եմ: Լինում է երկու տեսակ երգ` հոգով գրված եւ պատվերով: Այս վերջինը շատ կարճ կյանք է ունենում, իսկ հոգով գրված երգը լսվելու է միշտ: Ինքս էլ երբեմն ունենում եմ պատվերներ, նաեւ ուրիշների երգերն եմ գործիքավորում, բայց դա պահի երգ է ստացվում, այդ պահին ակորդները շարեցիր, վերջ. սոլֆեջիո է: Անկեղծ ասած` իմ ասած հոգով գրված երգեր մեր արդի երգարվեստում երկար ժամանակ է` չեմ լսել. ոնց որ նույն երաժշտությունը տարբեր բառերով երգեն: Ինչ վերաբերում է կողմնակի եկամտին, այո, հիմա էլ շինարարության ոլորտում եմ աշխատում, զբաղվում եմ ապրանքների ներկրմամբ: Ունեմ ծրագրավորողի, նաեւ հաշվապահական կրթություն, բայց իմ մասնագիտությամբ չեմ աշխատում, թեեւ օգտագործում եմ որոշ հմտություններ:
-Ակումբներում ինչո՞ւ Ձեզ չենք տեսնում:
-Չեմ ուզում այդ տեղերում երգել, կարծում եմ` այդ կերպ երգիչները սպառում են իրենց: Պատկերացրեք` ես ակումբներում ամեն օր երգեմ, Դուք, ասենք, ամիսը երկու անգամ գաք, ինձ լսեք, էլ Դուք կգա՞ք իմ մենահամերգին: Եվ հետո, ակումբներում երգում են հիմնականում հայտնի երգերի «քավեր» տարբերակներ, ոչ ոք չի ուզենա, որ ես գնամ իմ ոչ հիթային երգերից կատարեմ…
-Իսկ մտածո՞ւմ եք մենահամերգի մասին: Երկրպագուները երկար ժամանակ է` սպասում են, սակայն այն չի իրականանում, ինչո՞ւ:
-Հայաստանում հիմնականում բարեգործական համերգների եմ հրավիրվում, երկար ժամանակ է` ուզում եմ համերգ տալ, սակայն խմբիս անդամներից մեկը միշտ բացակայում է երկրից: Նրանց չեմ կարող մեղադրել. եկամտի ուրիշ աղբյուրներ ունեն, արտասահմանում են աշխատանք փնտրում, չեմ կարող ասել` միայն ինձ մոտ նվագեք: Դրա համար էլ Հայաստանում դժվար է կոնկրետ մեկ բենդ պահելը, ուստի շատ հավանական է, որ մյուս տարվանից ուրիշ երաժիշտների հետ աշխատեմ: Տեսնենք` ինչպես կստացվի…
Աննա Բաբաջանյան