Պետբյուջեն շարունակում է վնասով աշխատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական բյուջեի եկամուտների հավաքումն անցած 9 ամիսների ընթացքում, մասնավորապես, հարկեր եւ տուրքերի մասով, այդպես էլ չի մոտենում նախատեսված ցուցանիշներին եւ թերակատարումների չափը գնալով աճում է:
Այսպես, ըստ ՀՀ հարկային ծառայության հրապարակած տվյալների՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հավաքվել են 785 միլիարդ 595 միլիոն դրամի հարկեր եւ տուրքեր: Սա այն դեպքում, երբ 2015 թվականի պետական բյուջեի պլանով այս տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով հավաքված հարկեր եւ տուրքերը պետք է կազմեին 827 միլիարդ 459 միլիոն դրամ:

Այսինքն՝ թերակատարումը կազմել է 41 միլիարդ 864 միլիոն դրամ: Ինչպես հայտնի է՝ այս տարի հավաքված հարկերից 10 միլիարդ դրամը կազմում են ընկերությունների նկատմամբ կիրառված լրացուցիչ տույժերը: Հիշեցնենք, որ նույն հարկային ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա ինն ամիսներին իրականացված ստուգումների արդյունքում 162 ընկերությունների նկատմամբ կազմված ակտերի համաձայն՝ նրանք ընդհանուր լրացուցիչ պետբյուջե պետք է վճարեն մոտ 13 միլիարդ դրամի հարկեր: Անցած տարի նույն ժամանակահատվածում ստուգումների ակտերով պետբյուջե գանձված լրացուցիչ հարկերը կազմել էին 3 մլրդ դրամ: Մի խոսքով, եթե ընկերությունների նկատմամբ հարկային տեռոր չիրականացվեր, ապա հարկերից եւ տուրքերից մուտքերն այս տարվա ինն ամիսներին նախատեսվածից պակաս կլինեին մոտ 50 միլիարդ դրամով:

Ինչեւէ, նույնիսկ 41 միլիարդ դրամի պակասորդն արդեն լուրջ ցուցանիշ է: Հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով թերակատարումը կազմում է մոտ 5 տոկոս: Ստացվում է, որ պետբյուջեի ծախսերը եւս այդքանով պետք է կրճատվեն, կամ էլ ՀՀ կառավարությունը նույնքան պետք է ավելացնի պետբյուջեի դիֆիցիտի չափը: 2015 թվականի պետական բյուջեով դեֆիցիտը կազմում է 121 միլիարդ 818 միլիոն դրամ: Այսինքն՝ եթե Հայաստանի պետական բյուջեն սեկվեստորի չենթարկվի, այսինքն՝ ծախսային մասը չվերանայվի եւ չկրճատվի, ապա դեֆիցիտը կավելանա մոտ 35 տոկոսով: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը վերջերս խորհրդարանում մի առիթով արդեն իսկ անդրադարձել է սեկվեստորի խնդրին եւ հայտարարել, որ նման տարբերակից իրենք հրաժարվել են: Այսինքն՝ պետական բյուջեի ծախսերը փոփոխությունների չեն ենթարկի եւ չեն կրճատի:

Ի դեպ, բյուջեի թերակատարումը երբ դոլարով ենք դիտարկում, պատկերն ավելի մտահոգիչ է դառնում: Բանն այն է, որ անցած տարի` 2015-ի պետական բյուջեն կազմելիս դոլարի փոխարժեքը հաշվարկվել է մեկ դոլարը 411 դրամով: Այսինքն՝ 2015 թվականի ինն ամիսներին հարկեր եւ տուրքերից ստացվող եկամուտները, ըստ պլանի, պետք է կազմեին ավելի քան երկու միլիարդ դոլար: Սակայն առկա եկամուտները՝ դոլարային արտահայտությամբ առկա 470 դրամ փոխարժեքով, կազմում են 1 միլիարդ 670 միլիոն դոլար: Ստացվում է, որ դոլարով պետբյուջեի թերակատարումը կազմել է ավելի քան 330 միլիոն դոլար:

Թերակատարման դոլարային արտահայտությունը կարեւոր է, քանի որ պետբյուջեի ծախսերի մի մասը, մասնավորապես արտաքին պարտքի սպասարկման համար հատկացվող միջոցները, դրսից կատարվող պետական գնումներն իրականացվում են հենց արտարժույթով: Ուստի փոխարժեքի խնդիրը ոչ միայն չի կարող անտեսվել, այլ նաեւ առավել քան կարեւոր է: Մասնավորապես, եթե ՀՀ կառավարությանը չհաջողվի վարկերի տեսքով այդ պակասուրդը լրացնել, ապա ստիպված է լինելու ՀՀ միջազգային պահուստների հաշվին այդ խնդիրը լուծել: Միջազգային պահուստները վերջին` սեպտեմբերի ամփոփ տվյալներով հանդերձ կազմում են մեկ միլիարդ 625 միլիոն դոլար:

Պետբյուջեի պակասուրդի վերջնական չափը պարզ կդառնա տարեվերջին: Այդ ժամանակ էլ հայտնի կդառնա նաեւ, թե ՀՀ կառավարությունը Հայաստանի միջազգային պահուստների որ մասն է օգտագործել ու որքանով է արտաքին վարկային պարտավորություններն ավելացրել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս