Լարված իրավիճակ ՀՀ գլխավոր դատախազությունում. ով ում դեմ է պայքարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս armlur.am-ը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ 2015թ ապրիլի 29-ին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրամանով դատախազության ավագ դատախազ նշանակված Կարեն Բատիկյանն ազատվել է աշխատանքից: Ի՞նչ է կատարվում դատախազությունում, ով ում դեմ է պայքարում:

ՀՀ գլխավոր դատախազության տարածած պաշտոնական տեղեկությունից այդպես էլ պարզ չի դառնում, թե ինչու է Կարեն Բատիկյանն ազատվել զբաղեցրած պաշտոնից: Միայն հայտնի է, որ նա ոչ թե սեփական դիմումի համաձայն է ազատվել, այլ պարտադիր կամավորության սկզբունքով:

Խառնաշփոթի հետքերով

«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունում լարված մթնոլորտ է: Բանն այն է, որ Գեւորգ Կոստանյանի՝ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելու օրվանից իրավապահ այդ կառույցը, ըստ էության, երկու թեւի բաժանվեց՝ հնաբնակներ, որոնք չեն հանդուրժում երիտասարդ Կոստանյանին այդ պաշտոնում եւ չեն հանդուրժում նրա փշոտ բնավորությունը: Կա նաեւ Կոստանյանին հարազատ թեւ, որն անվերապահ վստահում է նրան: Ու պարբերաբար այս թեւերը բախվում են միմյանց, քանի որ բախվում են նաեւ նրանց շահերը, ու երբ այդ բախումները սկսում են ուղղորդվել նաեւ դրսի կառույցների կողմից, որոնք Կոստանյանին որեւէ կերպ չեն կարողանում հանդուրժել, պատկերն ամբողջական է դառնում:

Ինչպես հայտնի է՝ Կոստանյանը լարված հարաբերություններ ունի նախկին գլխավոր դատախազ, ներկայումս ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի, երեկ գրվեց նաեւ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի եւ ուժային մյուս կառույցների ղեկավարների հետ:
Բանն այն է, որ Գեւորգ Կոստանյանն այդ պաշտոնում նշանակվելու օրվանից ձգտում է իրեն հնարավորինս անհասանելի պահել: Անգամ մամուլը գրեց, որ իշխանական որեւէ խնջույքի չի մասնակցում, ինչպես ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, եւ կատարում է բացառապես Սերժ Սարգսյանի հրահանգները՝ իրենից վանելով նախկին ու ներկա ընկերներին, իշխանության մյուս ճյուղերի ղեկավարներին եւ այլն: Ու, բնականաբար, մեկուսացած այդ կարգավիճակը բերում է հավելյալ լարվածություն դեպի Կոստանյանը:

Վարչապետի հովանավորյալը

Եւ, ինչպես հայտնեցին «Ժողովուրդ»-ի աղբյուրները, վերջին շրջանում կտրուկ սրվել են ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ նրա տեղակալ Հրաչյա Բադալյանի հարաբերությունները: Իհարկե, նրանց «ջրերը մի առվով չեն հոսում» դեռ վաղուց. Բադալյանին դուր չի գալիս Գեւորգ Կոստանյանի վարած քաղաքականությունը՝ ընդդեմ դատախազության «հին գայլերի»: Հանուն արդարության նշենք, որ այն ժամանակ Երեւանի դատախազ Հրաչյա Բադալյանը լարված հարաբերությունների մեջ էր նաեւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ. միշտ ձգտում էր գրավել վերջինիս տեղը, բայց չէր ստացվում: Ու այդ մասին ժամանակին մամուլը շատ է գրել: Ինչպես հայտնի է՝ Հրաչյա Բադալյանն այսօր արդեն ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանի մտերիմն է ու հովանավորյալը, դրա համար միշտ համակարգում իրեն պահել է «ադինոկիյ վոլկ»-ի կարգավիճակում՝ վստահ լինելով, որ իր կարգավիճակի հարցում երբեւէ հետընթաց չի ունենա:
Հիմա դառնանք աշխատանքից ազատված Կարեն Բատիկյանին. ի՞նչ կապ ուներ նրա պաշտոնանկությունը գլխավոր դատախազի եւ նրա տեղակալի տարաձայնության հետ:

Հավանական վարկած

Այն, որ Կարեն Բատիկյանը համարվում է Հրաչյա Բադալյանի թիմի ներկայացուցիչը, դատախազությունում բոլորը գիտեն, եւ չի բացառվում, որ նրա ազատումը կարող է Բադալյանի թիմը թուլացնելու նպատակ ունենար: Գուցե Գեւորգ Կոստանյանը պարզել է, որ Հրաչյա Բադալյանը եւ Կարեն Բատիկյանը իր թիկունքում ինչ-ինչ գործողություններ են իրականացնում, դրա համար էլ պարտադրել է աշխատանքից ազատման դիմում գրել: Պաշտոնապես այս վարկածը մեզ ճշտել չհաջողվեց, քանի որ կայքում տեղադրված ինֆորմացիայից զատ դատախազության լրատվական ծառայությունից չցանկացան «ավել երկու բառ ասել»:

Հիշեցնենք, որ 2015 ապրիլի 29-ին Կարեն Բատիկյանիn Կենտրոնի դատախազի պաշտոնից հեռացնելը եւ նոր պաշտոնին նշանակելը տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց: Բանն այն է, որ 2015 մայիսի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի պետ Հայկ Ավագյանի կալանավորումը գրեթե համընկավ Կենտրոնի դատախազ Կարեն Բատիկյանի ազատման հետ: Չնայած պաշտոնական հիմք չկար այս երկու իրադարձություններն իրար հետ կապելու, սակայն իրականում փաստ է, որ Հայկ Ավագյանը մեղադրվում էր պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, եւ մեղադրանքը առաջադրվել էր «Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության» կենտրոնի բակում մեկ տարի առաջ տեղի ունեցած միջադեպի շուրջ հատուկ քննչական ծառայությունում վերսկսված վարույթի շրջանակներում (հիվանդանոցի բակում անցյալ տարի մարտին ծեծել էին բժշկի, ապա գազային ատրճանակով կրակել նրա դեմքին: Գործը քննվել էր, հետո փակվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով):

Իսկ ինչ կապ ուներ այս պատմության հետ Կարեն Բատիկյանը: Բանն այն է, որ այն ժամանակ Բատիկյանը Կենտրոնի դատախազն էր, իսկ Հայկ Ավագյանը ոստիկանության կենտրոնական քննչական բաժնի պետի տեղակալը: Պարզ է, որ Կարեն Բատիկյանն է վերահսկել այս գործը, իսկ ոստիկանության քննիչը չէր կարող ինքնուրույն որոշում ընդունել ու բժշկի նկատմամբ կատարված խուլիգանության գործը կոծկել: Կարճման որոշումը հաստատել էր հենց Կարեն Բատիկյանը: Երբ այս ամենը բացահայտվեց, Հայկ Ավագյանը կալանավորվեց, իսկ Կարեն Բատիկյանին Կենտրոնի դատախազի պաշտոնից տեղափոխեցին ՀՀ գլխավոր դատախազություն՝ ավագ դատախազի պաշտոնին: Ասել է թե՝ Հրաչյա Բադալյանը կարողացավ իր թիմակցին «թեւի տակ» պահել, եւ մինչ օրս թափուր է Կենտրոնի դատախազի պաշտոնը:
Իսկ թե ինչ ավարտ կունենա Գեւորգ Կոստանյան եւ Հրաչյա Բադալյան հակամարտությունը, դժվար է ասել:

Քնար Մանուկյան




Լրահոս