Կապանի անտառապահին հեռացրին ու ձերբակալեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի Կապանի անտառապահ Անդրանիկ Մարգարյանի ձերբակալումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովուրդ»-ին: Երեկ գրել էինք, որ իրավապահները ձերբակալել էին Անդրանիկ Մարգարյանին, ով աշխատում է Կապանի անտառտնտեսությունում որպես անտառապահ: Չի բացառվում, որ նրա ձերբակալումը կապված է անտառտնտեսությունում գրանցված ապօրինի ծառահատումների դեպքերի հետ:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Հայանտառ» անտառտնտեսության Կապանի մասնաճյուղի պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Գարիկ Միրզոյանը հայտնեց, որ հոկտեմբերի 15-ին Անդրանիկ Մարգարյանին աշխատանքից հեռացրել են, քանի որ անտառտնտեսությունում հայտնաբերվել են խախտումներ. «Ապօրինի հատումներ են եղել, դրա համար նրան հոկտեմբերի 15-ին հեռացրեցինք աշխատանքից, այլ հարցերի չեմ կարող պատասխանել, դուք իրավապահներից պարզեք»:

Գաղտնիք չէ, որ ցանկացած կազմակերպությունում կամ, առհասարակ, գերատեսչություններում, երբ ապօրինություններ են հայտնաբերվում, ճաղերի հետեւում հայտնվում են շարքային աշխատակիցները, եւ, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը, խոշոր ձկները մնում են անպատիժ: «Ժողովուրդ»-ը փորձեց Կապանի անտառտնտեսության պետից պարզել՝ մի՞թե նա տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվում իր ղեկավարության տակ գտնվող կազմակերպությունում, թե՞ տեղյակ է եղել, սակայն ողջ պատասխանատվությունը անտառապահի գլխին է կոտրվել: Գարիկ Միրզոյանը, բնականաբար, արդարացավ. «Իհարկե, տեղյակ չեմ եղել»:

Իսկ արդյո՞ք Անդրանիկ Մարգարյանը առանց հրահանգի կարող էր ապօրինի ծառահատում իրականացնել, տնօրեն Միրզոյանը նշեց. «Կրկնում եմ՝ մենք տեղյակ չենք եղել, իսկ թե նա ում հրահանգով է գործել կամ ինչո՞ւ է գնացել այդ քայլին, իրավապահները կպարզեն: Իսկ վնասի չափը կորոշի անտառտնտեսությունը»:

Ինչեւէ: Զրուցեցինք նաեւ ձերբակալված Անդրանիկ Մարգարյանի հոր` Նելսիկ Մարգարյանի հետ, որը հայտնեց, թե որդին արդեն 3 օր է՝ ոստիկանության Սյունիքի բաժնում է. «Այն տարածքը, որտեղ որդիս որպես անտառապահ է աշխատում, շատ մեծ տարածք է, ու այնտեղ մտնելն ու հատելը շատ հեշտ է: Ախր, այդ անտառից բոլորն էլ օգտվում են, ու խախտումներ հայտնաբերելը շատ հնարավոր բան է: Ինչ ասեմ, տեսնենք՝ ինչ կլինի: Մենակ մտածմունքս այն է, որ ամուսնացած է, երեխաներ ունի, ով նրա հաց ու ջրին տեր կկանգնի»:

Եւ այստեղ բնական հարց էր առաջանում՝ արդյո՞ք արժի մի քանի ծառ հատելու համար ընտանիքի հորը զրկել ազատությունից: Այնպիսի տպավորություն է, որ մեր երկրում կալանքից բացի՝ այլ պատժատեսակ գոյություն չունի:

Քնար Մանուկյան




Լրահոս