Սերժ Սարգսյանի նախաձեռնած կառավարման համակարգի փոփոխությունները ազդում են նաեւ Սահմանադրական դատարանի ձեւավորման կարգի վրա: Թեեւ Սահմանադրական դատարանը մեկ անգամ չէ, որ անհարիր վճիռներով փոշիացրել է իր հեղինակությունը, բայց եւ այնպես, հարկ է հասկանալ դրա ձեւավորման, դատավորների նշանակման նոր կարգն ու դատավորներին ներկայացվող պահանջները: Ստորեւ կփորձենք ներկայացնել, թե գործող Սահմանադրությունից տարբերվող եւ Հայաստանում տիրող քաղաքական իրադրությանն ակնհայտորեն անհամարժեք կետերը որքանով են առնչվում միջազգային փորձին, մասնավորապես՝ Գերմանիայի ու Իտալիայի մոդելներին:
Ըստ առաջարկվող տարբերակի՝ ՍԴ դատավոր կարող է ընտրվել 40 տարին լրացած, բարձր մասնագիտական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Իսկ ահա ՀՀ գործող Սահմանադրության մեջ ՍԴ դատավորին ներկայացվող պահանջների առանձին բաժին չկա: Այս հարցում, կարծում ենք, փոփոխությունն արդարացված է: Ըստ երեւույթին, ՍԴ նախագահ եւ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը հաշվի է առել սեփական փորձը, երբ Հայաստանի կոմկուսի կենտկոմում տնտեսագետ-դասախոսի աշխատանքային փորձով դարձավ ՀՀ փոխնախագահ, իսկ ապա՝ ՍԴ նախագահ: Գ. Հարությունյանը կարծես վերաիմաստավորել է 1990-ականների կադրային քաղաքականության բացթողումները, ինչը միանշանակորեն ողջունելի է:
Ի դեպ, ներկայումս ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Աշոտ Խաչատրյանը, հանդես գալով իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսորի կոչումով, ուսանել եւ տեւական ժամանակ աշխատել է ֆինանսահարկային ոլորտում, 2004-2010թթ. եղել ԱԺ իրավաբանական վարչության պետ, որից հետո էլ նշանակվել ՍԴ դատավոր:
Բայց եւ այնպես, իրավաբանական կրթությունն ու այդ ոլորտում 15 տարի աշխատելը ամենեւին էլ բավարար պայման չեն դատարանը անկախ ու կայացած դարձնելու համար: Երջանկահիշատակ Ռաֆայել Պապայանը մասնագիտացած էր լեզուների ու գրականության ոլորտում, 1997թ. նշանակվել էր ՀՀ ՍԴ անդամ, ինչը փաստացիորեն զուտ քաղաքական որոշում էր: ՍԴ նախկին դատավոր Վալերի Պողոսյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, աշխատել է նաեւ որպես ՆԳ նախարար, ԱԱՊՎ պետ եւ այլն:
Ամեն դեպքում փաստ է, որ 1995թ. ձեւավորումից ի վեր՝ Սահմանադրական դատարանը ՀՀ իշխանությունների նկատմամբ որեւէ բացասական որոշում չի կայացրել: Այսինքն՝ դատավորի իրավաբանական փորձառությունը մեր իրականությունում բնավ ցուցիչ չէ, որ նա լինելու է անկախ, արդար եւ վճիռների կայացման հարցում ինքնուրույն: Հաշվի առնելով, որ ՀՀ-ում ընտրակեղծարարությունն ամեն ընտրությունից հետո առավել հղկված եւ համակարգված բնույթ է ստանում, իսկ ՍԴ-ն շարունակաբար աչքաթող է անում աղաղակող խախտումները, կարող ենք պնդել, որ ՀՀ-ում սահմանադրական վերին այս ատյանի որակն անցած տարիների ընթացքում ամենեւին էլ չի բարձրացել:
Նոր Սահմանադրությամբ նաեւ առաջարկվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորներին 12 տարի ժամկետով նշանակի Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Սահմանադրական դատարանը պիտի կազմված լինի ինը անդամից, որոնցից երեքը ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը՝ դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Նույն անձը Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Նախատեսվում է, որ Սահմանադրական դատարանն իր կազմից վեց տարի ժամկետով ընտրելու է դատարանի նախագահ եւ փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի: Գործող կարգի համաձայն՝ ՍԴ անդամը անփոփոխելի է ու անձեռնմխելի, իսկ պաշտոնաթող լինելու է 65 տարին լրանալուն պես: Հավելենք, որ այսօր ՍԴ անդամներից 4-ը նշանակվում են նախագահի, իսկ 5-ը՝ Ազգային ժողովի կողմից:
Նոր կարգով ԱԺ-ը լոկ վավերացնելու է նախագահի, կառավարության եւ դատավորների ընդհանուր ժողովի առաջարկած թեկնածությունները: Տարօրինակ է, որ խորհրդարանական կառավարումը թմբկահարող իշխանությունը ՍԴ անդամների նշանակման գործում ԱԺ-ին վերապահում է միայն վավերացնողի գործառույթներ, իսկ ոչինչ չորոշող նախագահին տալիս ՍԴ դատավոր ընտրելու իրավունք: Այս ոլորտում զսպումների ու հակակշիռների մեխանիզմը Սերժ Սարգսյանի հանձնաժողովի կողմից կարծես կիրառվել է անիմաստ լարվածություն սերմանելու նպատակով:
Իտալիայի Սահմանադրությամբ երկրի Սահմանադրական դատարանը պիտի բաղկացած լինի 15 դատավորներից, որոնցից 5-ը նշանակվում են նախագահի, 5-ը՝ խորհրդարանի, 5-ը՝ բոլոր դատարանների կողմից: Այստեղ դատավոր կարող են դառնալ 20 տարվա իրավաբանական աշխատանքային փորձ ունեցող դատավորները, իրավաբաններն ու իրավագետները:
Իտալիայում ՍԴ անդամները պաշտոնավարում են 9 տարի՝ առանց վերանշանակման իրավունքի: ՍԴ դատավորներն իրենցից մեկին ընտրում են ՍԴ նախագահ՝ 3 տարի ժամկետով, որը կարող է վերընտրվել: Իսկ, ահա, Գերմանիայի Սահմանադրությունը նախատեսում է, որ Սահմանադրական դատարանը ունենա երկու պալատ` յուրաքանչյուրում 8-ական ներկայացուցիչ: Գերմանիայի գերագույն դատարանի անդամների կեսը նշանակվում է Բունդեսթագի կողմից, իսկ մյուս կեսը՝ Բունդեսրատի: Վերջինս Գերմանիայի դաշնային նահանգները ազգային մակարդակում ներկայացնող օրենսդիր մարմինն է: Բունդեսթագի, Բունդեսրատի, դաշնային կառավարության եւ նահանգային իշխանությունների ներկայացուցիչները չեն կարող նշանակվել ՍԴ դատավոր: ՍԴ նախագահ նշանակելու հարցում կրկին իրավասությունը պատկանում է երկրի բարձրագույն օրենսդիր մարմիններին:
Դատավորները նշանակվում են 12 տարով՝ պաշտոնաթող լինելով 68 տարեկանում: Դատավորի պաշտոնին հավակնողը պիտի լինի նվազագույնը 40 տարեկան, աշխատած լինի իրավաբան կամ իրավագետ, իսկ 16 անդամներից 6-ը պիտի պարտադիր կերպով դատավորի աշխատափորձ ունեցած լինեն դաշնային դատարաններից մեկում: ՍԴ դատավորները պաշտոնավարության ժամկետի ավարտից հետո հեռանում են հասարակական կյանքից, սակայն բացառություն է Ռոման Հերցոգի դեպքը, որը 1994թ. ՍԴ նախագահի պաշտոնից հեռանալուց կարճ ժամանակ անց դարձավ Գերմանիայի դաշնային հանրապետության նախագահ: Արդ, հետաքրքիր է` ե՞րբ է ՀՀԿ-ն բեմադրելու «իսկ ինչո՞վ է պակաս Գագիկ Հարությունյանը Ռոման Հերցոգից» տրագիկոմեդիան:
Ն. Հովսեփյան