Արձակագիր, գրականագետ Հրաչյա Սարիբեկյանի խոսքով` մարդիկ նույնիսկ չգիտեն, որ ինքը գրող է, գրական դաշտի հետ իր շփումներն էլ սահմանափակ են. ուղղակի ուսումնասիրում է կյանքը որպես գրող: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է հայ արձակի ներկայիս խնդիրներին` կարծիք հայտնելով, որ մենք վիպական իրականություն չունենք, ըստ նրա` ընկալման մեր դաշտը սահմանափակված է լեռներով, եւ այդ դաշտը վեպ ունենալու համար փոքր է:
-Հրաչյա՛, հիմա կա՞ մի նոր գործ, որի վրա աշխատում եք, այս տարի նոր հրատարակություն կլինի՞:
-Դեռեւս 2008-ից մրցանակի արժանացած գործ ունեմ` «Ապուշների ուղեւորությունը», դա իմ առաջին վեպն է, որը մինչ օրս չեմ հրատարակել, այն մինչեւ տարեվերջ լույս կտեսնի:
-Արձակագրի համար մեր ժամանակներում ապրելը, ներկայիս գրական դաշտում գործելը հետաքրքի՞ր է:
-Ես գրական դաշտի հետ լայն շփումներ չունեմ, շփումս այդ շրջանակներւմ սահմանափակ է, ես ինձ զգում եմ սովորական քաղաքացի, որը ինչ-որ բաներ է գրում եւ հանձնում թղթին, որի համար կյանքը հետաքրքիր է, որովհետեւ նա ունի աշխարհին նայելու իր կերպը: Քեզ բավականություն է պատճառում երեւակայությունը, կյանքն է հետաքրքիր եւ գրականությունը…Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ ես գրող եմ. ես ուղղակի ուսումնասիրում եմ կյանքը որպես գրող:
-Ձեր` «Երկվորյակների արեւը» վեպի ստեղծման հետ կապված մի առիթով նշել եք, որ այդ մի քանի տարիների ընթացքում Ձեզ համար ստեղծել եք այլընտրանքային իրականություն եւ դրա մեջ ապրել: Դժվար չէ՞ մտացածին եւ իրական աշխարհներում զուգահեռ ապրել:
-Ըստ էության, այդ աշխարհներում զուգահեռ ապրելու խնդիր չի էլ լինում. կա՛մ այնտեղ ես անհետանում, կա՛մ այստեղ ես վերադառնում: Երբ հասունանում է այն աշխարհ մտնելու պահը, դու դուռը բացում ես ու մտնում: Գրողներ կան` օրը մի էջ պարտադիր գրում են, ես այդպես չեմ կարող. պետք է այդ աշխարհը հասունանա իմ ներսում, տեղափոխվեմ այնտեղ եւ այս աշխարհի հետ կապերս խզեմ:
Իմ երազանքն այնպիսի վեպ ստեղծելն է, որի մեջ ես հնարավորինս երկար կապրեմ: Նաեւ դրանով է պայմանավորված, որ ես փոքր ծավալով գործեր, օրինակ` պատմվածքներ, չեմ գրում:
-Նշել եք նաեւ, որ «Երկվորյակների արեւը» գրելուց հետո սկսել եք հավատալ Աստծուն: Աստծո եւ Ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են:
-Ես հավատքի եկել եմ մտածելու եւ ճանաչելու շնորհիվ, միանգամից չեմ հավատացել Աստծուն: Չէի ասի, թե խորը հավատացյալ եմ, բայց հավատում եմ Աստծուն: Ինձ համար գրելը նույն արարչագործությունն է, գիրն էլ իմ աստվածությունն է: Իհարկե, ես զգում եմ իմ ստեղծած աշխարհի անկատարությունը, բայց ես այնտեղ ուժ եմ ստանում, երբ ստեղծագործում եմ, զգում եմ, որ Աստծուց մի մասնիկ ունեմ:
-Երբեմն ասում են` Հրանտ Մաթեւոսյանից հետո մենք արձակ չենք ունեցել: Դուք ի՞նչ կասեք:
-Մաթեւոսյանից հետո մենք, իհարկե, ունեցել ենք արձակ. նա Բակունցի ճյուղն էր շարունակում, գուցե 100 տարի հետո մեկ ուրիշն էլ գա` իրեն շարունակի: Արձակի մեջ մեզ հարկավոր է բազմազանություն, իսկ մենք դա ունենք, մենք տաղանդավոր արձակագիրներ ունենք, պարզապես նրանց դեռ պետք է բացահայտել:
Ինձ համար Զորայր Խալափյանը շատ մեծ արձակագիր է` ըստ արժանվույն չգնահատված: Մենք Լեւոն Խեչոյան ենք ունեցել, Գուրգեն Խանջյան ունենք: Նրանց շարունակողները դեռ պետք է կայանան: Մի՛ մոռացեք, որ գրականությունը սպասում է ամբողջացման. գրողի կյանքը դեռ չի ամբողջացել, ժամանակաշրջանը չի իմաստավորվել: Ինչ վերաբերում է արձակին, ապա պետք է նկատենք, որ մենք վիպական իրականություն չունենք: Նույնիսկ Մաթեւոսյանը դժվարանում էր վեպ գրել (թեեւ նրա ամեն վիպակը մի վեպ արժեր):
Այն իրականությունը, որ նյութ է տալիս մեծ վեպին, այն իրադարձությունները, որոնք, օրինակ, Հյուգոյի «Թշվառներն» են ստեղծել, մենք չունենք: Վեպ ստեղծելու համար մեզ մնում է միայն գիտակցության, ներաշխարհի տարածքը. դա է վեպի մեր ուղին: Մենք փակված ենք, ընկալման մեր դաշտը սահմանափակված է լեռներով, եւ այդ դաշտը վեպ ունենալու համար փոքր է:
-Եթե հետադարձ հայացք նետենք եւ հիշենք, թե ինչ հարաբերություններ ունեին մեր մեծ գրողները կամ ինչպես էին միմյանց մասին արտահայտվում, օրինակ, Թումանյանն ու Չարենցը, եւ վերադառնանք մեր իրականություն, կարծես թե պատկերը բավական փոխվել է: Իհարկե, բոլոր ժամանակներում էլ եղել են բանավեճեր, անգամ գզվրտոցի հասնող կոնֆլիկտներ, սակայն այսօր, կարծես, քիչ գրողներ կան, որոնք խոստովանում են դիմացինի արժանիքների մասին…
-Մեծությունները միշտ հասկանում են, որ իրենք մեծության հետ գործ ունեն, միայն փոքր մարդն է վախենում մեծությունից, ինչպես այն փոքր առարկան, որ կարող է մնալ մեծի ստվերում: Այո, բոլոր ժամանակներում եղել են ուրիշների վրա քար գցողներ, ի՞նչ է` Չարենցն ու Թումանյանը չեն քարկոծվե՞լ: Քարկոծողներ միշտ էլ եղել են եւ կան, բայց դրանք Արարատին նետված քարեր են եւ տեղ չեն հասնում…
Աննա Բաբաջանյան