ՄԵԿԱԿԱՆ «ՈՉ» ԵՎ ՄԵԿ «ԱՅՈ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ քաղաքական ուժերը մեկը մյուսի ետեւից, ի վերջո, հայտարարեցին սահմանադրական փոփոխությունների շտաբների ձեւավորման մասին: Նախ ՀԱԿ եւ Հայաստանի ժողովրդավարական կուսակցությունները հայտարարեցին «Ոչ»-ի համատեղ շտաբ ձեւավորելու մասին, որի ղեկավարը լինելու է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, իսկ երեկոյան էլ ՀՀԿ գործադիր մարմնի նիստ հրավիրվեց, որից հետո հայտարարվեց սահմանադրական փոփոխությունների քարոզչության շտաբ ստեղծելու մասին, որը կղեկավարի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Ժողովուրդ»-ը նախորդ համարում արդեն գրել էր, որ Հովիկ Աբրահամյանն է ղեկավարելու ՀՀԿ-ի «Այո»-ի շտաբը, առանց հրաժարականի:
Այսպիսով, «Այո»-ի եւ «Ոչ»-ի մեկական շտաբներ ձեւավորվեցին: Ենթադրվում է, որ առնվազն մեկական էլ կձեւավորվեն: Մասնավորապես, ՀՅԴ-ն էլ իր «Այո»-ի շտաբն է ձեւավորելու, ինչը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց նաեւ Աղվան Վարդանյանը: Բայց, ի տարբերություն ՀՀԿ-ի, ավանդական այս կուսակցությունը դժվար թե մեծ ռեսուրսներ ծախսի, ընդհակառակը, նրանք շահած դուրս կգան: «Ոչ»-ի երկրորդ շտաբը, ենթադրվում է, որ կձեւավորեն «Նոր Հայաստան»-ի շուրջ հավաքվածները, որի հիմնական առանցքը կլինի «Ժառանգություն» կուսակցությունը: Այնպես որ, մնում է քարոզչությունը կամ հակաքարոզչությունը սկսվի, ինչը դեռ կողմերը չեն շտապում:

 

 

 
Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանի խորհրդարանականների պատվիրակություն է մեկնել Ժնեւ՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ: Այցելությունը, որը սկսվել է հոկտեմբերի 17-ին եւ կավարտվի վաղը, ԱԺ-ում բուռն քննարկումների առարկա է դարձել: Բանն այն է, որ ԱԺ պատվիրակության կազմում միակ պատգամավորը Գալուստ Սահակյանն է, իսկ մնացած 7 անդամները ներկայացնում են աշխատակազմը: Նրանք են՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիագովը, արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբյանը, մեկ թարգմանիչ եւ երկու օպերատոր: Ի դեպ, Ժնեւ մեկնած պատվիրակության կազմում պատգամավորներ չընդգրկելը պատճառաբանվել է միջխորհրդարանական վեհաժողովի օրակարգով եւ ֆինանսների սղությամբ: Կարելի կարծել՝ աշխատակազմի անդամներն իրենց հաշվին են Ժնեւ գնացել:

 

 

 

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը որոշել է սահմանադրական փոփոխությունների հարցը լուծել իրավական դաշտում: Նա կարծում է, որ սահմանադրական փոփոխությունները նախապատրաստած հանձնաժողովի անդամները խախտել են ՀՀ գործող Սահմանադրությունը, ինչի համար պետք է դատարանում պատասխան տան: ԱԻՄ առաջնորդի կարծիքով, պատասխանատուներից մեկն էլ պետք է լինի Սերժ Սարգսյանը, քանի որ որեւէ կերպ չի արձագանքել այն առաջակություններին, որոնք ներկայացվել են իր կողմից: Այլ կերպ ասած՝ Հայրիկյանը պատրաստվում է հանձնաժողովին, որը գլխավորում էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, եւ անձամբ Սերժ Սարգսյանին դատի տալ այն բանի համար, որ նրանք համարձակվել են անտեսել ԱԻՄ առաջնորդի առաջարկները: Ստացվում է, որ Հայրիկյանը մի կողմից սահմանադրական փոփոխությունների մասին առաջարկներ էր ներկայացնում հանձնաժողովին, մյուս կողմից էլ ուղիներ էր փնտրում՝ այդ հանձնաժողովի կազմած փաստաթղթի դեմ պայքարելու համար:

 

 

 
ՀՀ կառավարությունը պատրաստվում է հերթական վարկը վերցնել, այս անգամ 8 միլիոն եվրոյի չափով: Վարկը նախատեսվում է վերցնել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից՝ Երեւանի կոշտ թափոնների կառավարման ծրագիր իրականացնելու համար: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ երեկ ստորագրած որոշմամբ ստեղծվել է բանակցային խումբ՝ Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի գլխավորությամբ: Ի դեպ, բանակցային խմբի անդամների մի մասը եւս Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ են, իսկ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարություններն այս խմբում ներկայացված են տարբեր բաժնի պետերի մակարդակով: Այսինքն՝ վերաբերմունքն ակնհայտ է. դե, ութ մլն եվրոյի եղածն ինչ է, որ, ասենք, նախարարի մակարդակով դրանով զբաղվեն: Նույնիսկ Երեւանի քաղաքապետի համար դա «հեչ» բան է, ու բոլորն իրենց ենթականերին են ուղարկել՝ այդ մի քանի լումայի համար բանակցելու:

 

 

 
ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ

Երեկ հայտնի դարձավ, որ Բաղրամյան պողոտայի ցուցարարների դեմ «Խուլիգանության» հիմքերով հարուցված քրեական գործը վերաբացվել է: Հիշեցնենք, որ հունիսի 23-ի վաղ առավոտյան ոստիկանությունը բռնի ուժի եւ ջրցան մեքենաների կիրառմամբ Բաղրամյան պողոտայից բերման էր ենթարկել 237 ցուցարարների` առանց վերջիններիս իրազեկելու, թե ինչ հիմքերով, ապա մի քանի ժամ պահելով ոստիկանության տարբեր բաժանմունքներում` անխտիր բոլորին բաց թողել` առանց որեւէ վարույթի հարուցման: Քաղաքացիների մի մասին միայն տեղեկացրել էին, որ նրանք ունեն վկայի կարգավիճակ` նախորդ գիշեր խուլիգանության հիմքերով հարուցված քրգործի շրջանակներում:
Ընդ որում, դեռ այն ժամանակ բազմաթիվ իրավապաշտպաններ ուշադրություն էին հրավիրում այն հանգամանքի վրա, որ այդ «գիշերածին» քրեական գործի քննության համար քննչական կոմիտեն ներգրավել էր ավելի քան հինգ տասնյակ քննիչների, սակայն պարզվում է՝ անգամ այդպիսի ռեսուրսներով իրականացված քննությունը ի զորու չի եղել «պահպանել գործի արդարացի քննության պահանջները»: Համենայն դեպս, քննչական կոմիտեի քննիչի` գործի վարույթը կարճելու որոշումը վերահսկող դատախազի կողմից վերացվել է հենց այս հիմնավորմամբ:
Թե ինչով է պայմանավորված գլխավոր դատախազության այս որոշումը, դժվար է հասկանալ, եթե խնդրին մոտենանք զուտ իրավական տեսանկյունից: Այն դեպքում, երբ նույն օրը լրագրողների եւ քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունների կապակցությամբ ՀՔԾ-ում հարուցված քրգործում որեւէ առաջընթաց չկա, եւ հանրությունը մինչ օրս սպասում է հունիսի 23-ի օրինախախտ ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու որոշմանը, փոխարենը հանրությանը ուղղվում է հակառակ ազդակ` իրենց սահմանադրական իրավունքը իրացնող ցուցարարների նկատմամբ «խուլիգանության» հիմքերով հարուցված քրգործի միջոցով ճնշումներ բանեցնելու սպառնալիքի տեսքով: Ինչպես միշտ այս անգամ էլ գործող վարչակարգը ձգտում է քաղաքացիներին վախեցնելու միջոցով սաստել եւ այդպիսով կանխարգելել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախաշեմին սպասվող հնարավոր հանրային ընդվզումները:
Եթե ամռանը «Ոչ թալանին» նախաձեռնության սկսած շարժումը հարաբերականորեն անվնաս կարող էր դիտվել Սերժ Սարգսյանի համար, ավելին՝ այն կարող էր որոշակի իմաստով օգնել նրան` ռուսների հետ ինչ-ինչ հարցերի շուրջ շահավետ քաղաքական առեւտուր անելու համար, ապա հիմա արդեն այդ նույն երիտասարդներն ու նրանց համախոհները վտանգավոր են համարվում: Առավել եւս, որ նրանց մի զգալի մասը դուրս է եկել նշված նախաձեռնությունից եւ համալրել է արդեն իշխանափոխության համար պայքարող ուժերի շարքը:
Ուստի իր վերարտադրության համար այս կարեւորագույն նախագծի իրականացման շեմին Ս. Սարգսյանը հաստատ չի ընկնելու մարդու իրավունքների, ազատությունների եւ այլ նման «ձեւականությունների» հետեւից, այլ գործի է դնելու բռնաճնշումների հին ու փորձված մեթոդը:




Լրահոս