ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե սահմանադրական փոփոխությունների հարցը որոշել է լուծել իրավական դաշտում: Հայրիկյանը կարծում է, որ մասնագիտական հանձնաժողովի անդամները խախտել են Սահմանադրությունը, ինչի համար պետք է դատարանում պատասխան տան: Ավելին` ԱԻՄ առաջնորդը գտնում է, որ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնողը` Սերժ Սարգսյանը եւս պատասխանատուներից մեկն է:
-Պարո՛ն Հայրիկյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ ձեւավորվել է «Ոչ»-ի ճակատը, որում ընդգրկված է նաեւ Ձեր ղեկավարած կուսակցությունը, սակայն որեւէ կոնկրետ գործողություն ճակատը չի իրականացնում: Սահմանադրության հանրաքվեին մնացել է երկու ամսից էլ քիչ ժամանակ, սակայն Ձեր կողմից որեւէ հակաքարոզչություն չի իրականացվում: Ինչո՞ւ:
-Ես կխոսեմ իմ անելիքների մասին, որովհետեւ իրենք թող իրենց մասին խոսեն, բայց, իսկապես, եթե հստակություն լիներ, մենք առաջատար դիրքերում կլինեինք. մի դեպքում հայտարարեցինք, որ դիտորդ ենք, մյուս դեպքում հենց դիտորդի կարգավիճակում ենք եղել: Բայց երկուսին էլ պատրաստ ենք աջակցել:
-Այսինքն՝ «Ոչ»-ի ճակատում պառակտո՞ւմ կա:
-«Չեք անցկացնի»-ն եւ «Հանրության փրկության ճակատը» վերջին մեր նախաձեռնությամբ միավորվեցին, որը վերջում ընդունեց «Նոր Հայաստան» ձեւաչափը՝ անտրամաբանական, ու քանի որ շատ էին դանդաղում, մեզ էլ էին ասում, որ պետք է դանդաղ գործել, դանդաղ շտապել, մենք ասացինք, թե մենք կլինենք դիտորդի կարգավիճակում, որպեսզի մեր գործերն անենք: Իսկ մեր գործերի մեջ մտնում էր իրավական հիմքեր պատրաստելը՝ այս ողջ գործընթացի ապօրինությունը հիմնավորելու, հետագայում ապացուցելու համար: Ինչպես գիտեք՝ նաեւ համացանցային ստորագրահավաք է սկսված: Ամենաուշը վաղն արդեն մենք դատարան կմտնենք, որովհետեւ դատախազությունից արդեն պատասխան ստացանք: Դատախազությունն էլ որոշեց դառնալ գործընկեր հանցագործներին, այլ կերպ չէր էլ կարող լինել, բայց այդ ամենը պետք է փաստել: Ինչ վերաբերում է սահմանադրական հանձնաժողովի հակասահմանադրականությանն ու հանցավորությանը, դա արդեն ապացուցված եմ համարում, նախագահն էլ մի քանի օրերում կապացուցի, որ ինքն էլ հակասահմանադրական գործիչ է, իրավական տեսակետից եմ ասում, հետո այս ամենը պետք է հայտարարի բերել ու տանել առաջ: Այսօր իրավական ճանապարհը դա է, ես կուզեի սրան զուգահեռ լիներ նաեւ քաղաքացիականը, բայց քաղաքացիականի մասին շատ խոսողներն ամեն ինչ անում են, որպեսզի քաղաքացիական խանդավառությունը աճ չապրի: Մենք այնպիսի քայլեր ենք ձեռնարկել, որ նույնիսկ երկու տարի հետո այդ ամենը կլինի քննարկելի, քննադատելի եւ դատապարտելի:
-Ստացվում է, որ «Ոչ»-ի ճակատն այլեւս որեւէ գործունեություն չի իրականացնելո՞ւ:
-Ինձ այնքան տհաճ է այդ «Ոչ»-ի ճակատը, եղել է այլընտրանք, ու եթե միանային այդ այլընտրանքին, ապա ոչ թե մենք կլինեինք այդ «ոչ»-ը, այլ կլինեին իրենք: Մենք կլինեինք «այո»-ի ճակատը, այսինքն՝ քաղաքացիների սեփականությունը դարձնելու՝ սահմանադրական նախաձեռնության հավաքական թիմ կլիներ: Բայց, ցավոք, այդ անցումը չկատարվեց:
-Եթե Դուք որոշել եք սահմանադրական փոփոխությունների հարցը տեղափոխել իրավական դաշտ ու «պատժել» սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին, արդյո՞ք «պատժվողների» թվում է լինելու նաեւ նախաձեռնողը՝ Սերժ Սարգսյանը:
-Մարդիկ Սահմանադրություն են խախտել, իսկ դատախազն էլ գտել է, որ դա հանցագործություն չի, բայց Սահմանադրության դեմ գործելը հանցագործություն է: Իսկ ովքեր են այդ ամենի պատասխանատուները, առաջին հերթին, այսպես կոչված, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները, դրա վերաբերյալ մենք արդեն նյութեր ներկայացրել ենք: Նախաձեռնողը, այդ մասով որ նախաձեռնել է ոչ, որովհետեւ ինքը ստեղծել է պետական մարմին, ու այդ պետական մարմինը պարտավոր է գործել Սահմանադրությանն ու պետական օրենքներին համապատասխան, նախաձեռնողը հայտարարել է նաեւ, որ բոլոր այլընտրանքները կընդունվեն: Բայց որեւէ գործնական քայլ չի իրականացվել: Մենք հուլիսին մեկ անգամ եւս դիմել էինք հանդիպելու համար, հանձնաժողովը ժամադրեց մեզ՝ մեր հարցերը լուրջ քննարկելու համար, բայց իրենք փախան: Այսինքն՝ դրանով իրենք հրապարակավ հայտարարեցին, որ չեն ուզում քննարկում կատարել: Դրանից հետո, երբ մենք դիմեցինք Սահմանադրությունը պահպանող նախագահին, որն այդ ամենի նախաձեռնողն է, նա նույնպես չարձագանքեց: Ուրեմն ինքը նույնպես կընկնի պատասխանատուների մեջ: Սահմանադրությունը խախտվել է: «Ոչ»-ի ճակատի անդամներից որեւէ մեկը շահագրգռվածություն հանդես չբերեց, ու մենք էլ չենք ցանկանում ուրիշների պատճառով այսօր մեր ժամանակը կորցնել: Այսօր ինչ կարող ենք անել, վաղը հնարավոր չի անել: Մենք մեր քայլերն անելու ենք ու փաստեր ենք ներկայացնելու, որ այն ամենը, ինչն արվել է, սահմանադրական չէ: Մենք իրավական դաշտում այդ ամենն իրականացնելու ենք:
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԵՏ Է ՇՐՋԱԳԱՅՈՒՄ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 17-21-ը Ժնեւում (Շվեյցարիա) մասնակցում է միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի աշխատանքներին: Ըստ պաշտոնական տեղեկատվության ԱԺ նախագահին ուղեկցում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ խորհրդարանում այս այցի պատճառով բուռն քննարկումներ են եղել, քանի որ այս միջխորհրդարանական հանդիպմանը Գալուստ Սահակյանի հետ որեւէ պատգամավոր չի մեկնել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` բացի Հրայր Թովմասյանից Գալուստ Սահակյանին Ժնեւում ուղեկցում են ԱԺ արտաքին կապերի վարչություն պետ Վիկտոր Բիագովը, խորհրդարանի արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, հասարակայանության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբյանը, մեկ թարգմանիչ եւ երկու օպերատոր: Օրենսդիր մարմնի ներկայացուցիչները վրդովված են, քանի որ այս միջխորհրդարանական այցին որեւէ պատգամավոր չի մասնակցում եւ անհասկանալի է, թե վեհաժողովում ով է Հայաստանի դիրքորոշումը ներկայացնելու: Ըստ պատգամավորների՝ այս այցն իր նպատակին չի ծառայելու, եթե Հայաստանը ներկայացված չէ պատգամավորների մակարդակով:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից պարզել, թե ինչու պատվիրակության կազմում ԱԺ պատգամավորներ չեն ընդգրկվել: «Նախ նշեմ, որ պատվիրակության ղեկավարը ԱԺ նախագահն է: Նկատի ունենալով միջխորհրդարանական վեհաժողովի օրակարգը, քննարկվող հարցերը, ինչպես նաեւ նախատեսված բազմաթիվ հանդիպումները այլ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ՝ ԱԺ նախագահն անձամբ է մասնակցում վեհաժողովին: Նկատեմ, որ այս որոշումն առավել արդյունավետ է նաեւ ֆինանսական առումով, քանի որ ունենք սուղ բյուջե»,-հայտարարեց Ա. Բաբյանը:
Իսկ մեր այն դիտարկմանը, թե ինչու են այդ դեպքում Գ. Սահակյանին ուղեկցում Աժ աշխատակազմի ներկայացուցիչները, Ա. Բաբայանը արձագանքեց. «Հրայր Թովմասյանն ինքը ուղեկցում է ԱԺ նախագահին, բայց միաժամանակ մասնակցում է միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարների նիստին, իսկ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիագովը, արարողակարգի պետն ու հասարակայնության եւ լրատվության վարչության պետը այն պաշտոնյաներն են, որոնք ԱԺ նախագահին մշտապես ուղեկցում են: Ու ոչ թե երկու, այլ մեկ օպերատոր է, իսկ թարգմանիչը տվյալ դեպքում հենց Բիագովն է միաժամանակ»:
Ի դեպ, երեկ պաշտոնական տեղեկատվություն տարածվեց, թե ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Ժնեւում հանդիպել է ՌԴ դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Վերջինս ՀՀ ԱԺ նախագահի հետ զրույցում անդրադարձել է հայ-ռուսական փոխհարաբերություններին եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը: Մասնավորապես, Վալենտինա Մատվիենկոն նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, գտնվելով միջազգային որոշակի պատժամիջոցների ազդեցության տակ, դրանք հաղթահարում է եւ զարգացնում տնտեսությունը:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԱՐԴԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ Է
«Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած բնակարանատերերը «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ «Արցախբանկը» սկսել է զբաղվել իրենց՝ Դավիթաշենի թաղամասում գտնվող բնակարանների հարցով: Ըստ բնակարանատերերի՝ բանկի ղեկավարությունը նախ՝ կապ է հաստատում այն քաղաքացիների հետ, ովքեր բնակարանի փոխարեն գումարն են պահանջում, ապա՝ պայմանագիր է ստորագրում նրանց հետ: Քաղաքացիների ներկայացմամբ, բանկը արդեն երեք հոգու հետ գումարի վերադարձման պայմանագիր է կնքել: Իսկ թե երբ բանկը կսկսի Դավիթաշեն թաղամասում գտնվող կիսակառույց շենքի շինարարական աշխատանքները, տուժած բնակիչները տեղյակ չեն: Հիշեցնենք, որ «Տոնուս» շինարարական ընկերությունը Դավիթաշենի թաղամասում եւ Փափազյան փողոցում նորակառույց շենքերի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Իսկ երբ «Տոնոսը» սնանկ է ճանաչվել, բնակարաններն անցել են «Արցախբանկին», քաղաքացիներն էլ մնացել են ձեռնունայն:
ԱԱԾ-Ն ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է
Ազգային անվտանգության ծառայությունը պատասխանել է գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատող Ռուզան Մարգունու նամակին: Հիշեցնենք, որ Ռուզան Մարգունին Ադրբեջանում ապաստանած Վահան Մարտիրոսյանի փախուստի հետ կապված հարցադրումներ էր ուղարկել ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին: ԱԱԾ-ից տիկնոջը պատասխանել են, որ իրենք որեւէ կապ չունեն կատարվածի հետ, եւ նա իր հարցադրումները կարող է ուղղել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին կամ ՀՀ գլխավոր դատախազին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ռուզան Մարգունին հայտնեց, որ չի ցանկանում քննիչի հետ խոսել եւ չի բացառվում, որ առաջիկայում նրա գործողությունների հետ կապված բողոք ներկայացնի դատախազին: Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը 5 օր ապրել էր Ռուզան Մարգունու տանը, որից հետո կինն արձանագրել էր, որ բնակարանից 3850 դոլար գումար է անհետացել: Նա դիմել էր իրավապահներին, քրեական գործ էր հարուցվել, սակայն Մարտիրոսյանին հաջողվեց փախչել եւ ապաստանել Բաքվում:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԳՈՒՄԱՐ Է ՈՒԶՈՒՄ
Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանին պատկանող «Երեւան գարեջուր» ՓԲԸ-ի ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 653 միլիոն դրամով տուգանելու պատմությունը դեռ չավարտված՝ այս ընկերությունը նոր դատական վեճերի մեջ է հայտնվել: Սակայն, եթե նախորդ հայցի դեպքում հարկայինն էր ընկերությունից գումար պահանջում, իսկ վերջինս հրաժարվում էր այն վճարել եւ, ի վերջո, հաղթեց եւ չվճարեց այդ գումարը, ապա այս դեպքում «Երեւան գարեջուրն» է պահանջողի դերում: 2015-ի սեպտեմբերի 15-ին «Երեւան գարեջուր»-ը դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է «Գեւորգ Սարգսյան» ԱՁ-ից բռնագանձել 1 միլիոն 870 հազար դրամ: