Արդեն մեկ ամիս է, ինչ փաստաբանական համայնքում կռիվ է ընկել: Ակտիվորեն քննարկվում է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի եւ փաստաբաններ Լուսինե Սահակյանի, Երվանդ Վարոսյանի միջեւ առաջացած վիճաբանությունը: Իսկ ինչի՞ց է սկսվել լարվածությունը:
Այն, որ քաղաքացիական հասարակության, իրավապաշտպանության բնագավառում գերագույն դերակատարը հենց փաստաբաններն են, մասնագետների այն խումբը, որոնց օրինակելի եւ պրոֆեսիոնալ պահվածքից է նաեւ կախված իրավական պետություն ունենալու մեր բոլորի երազանքը, թերեւս որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Փաստաբանների հակամարտող կողմերի առանցքային դերակատարները բոլորն էլ պրոֆեսիոնալ ու հարգարժան մասնագետներ են, որոնք, հուսանք, փոխադարձ հանդուրժողականությամբ կկարգավորեն իրենց հարաբերությունները:
Ով ում դեմ պատվիրեց
Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել ըստ ժամանակագրության եւ մեր ունեցած փաստերի համադրության արդյունքում:
Այսպիսով, հոկտեմբերի 3-ին տեղեկություններ էին տարածվել, որ ՓՊ խորհրդի նիստի ժամանակ փաստաբաններ Երվանդ Վարոսյանի, Լուսինե Սահակյանի, Տիգրան Խուրշուդյանի միջեւ վիճաբանություն է եղել, որից հետո փաստաբան Տիգրան Խուրշուդյանը շիշ է շպրտել փաստաբան Լուսինե Սահակյանի ուղղությամբ: «Հրապարակ»-ը գրեց, որ փաստաբանները «ռազբորկայի» են դուրս եկել փողոցում եւ խնդիրը փորձել կարգավորել «գողական» մակարդակով` «իրար վրա մարդ բերելով»: Ստեղծված իրավիճակը պատճառ էր դարձել, որ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարգապահական վարույթ հարուցի վիճաբանության մասնակիցների՝ մասնավորապես Երվանդ Վարոսյանի եւ Տիգրան Խուրշուդյանի նկատմամբ:
Այս վեճը հիմք դարձավ, որ փաստաբանների միջեւ առկա ներքին լարվածությունը դառնա հանրային քննարկման առարկա: Նախ փաստաբանները հայտարարեցին, թե նախագահ Արա Զոհրաբյանն իրենց դեմ պատվիրված նյութեր է հրապարակում. «Պալատի նախագահ ընտրվելուց անմիջապես հետո Ա. Զոհրաբյանն ի թիվս այլ հարցերի ձեռնամուխ եղավ պալատի աշխատակազմի քանակի շեշտակի ավելացմանը` տարատեսակ պաշտոններ ու հաստիքներ ձեւավորելով: Համարելով, որ ներկայացված նոր հաստիքացուցակն արհեստականորեն ուռճացված է, որպես խորհրդի անդամներ, մենք դեմ ենք քվեարկել դրա հաստատմանը: Բանը հասավ նրան, որ Արա Զոհրաբյանն ուղիղ հայտարարեց, որ մեր կարծիքն ու դիրքորոշումը համարում է իր անձի դեմ ուղղված, եւ տեսնելով, որ անդրդվելի ենք, խոստացավ, որ իր ողջ վարչական ռեսուրսը կենտրոնացնելու է մեր դեմ պայքարում»:
Այնուհետեւ ՓՊ խոսնակի եւ լրագրողի անբարեխիղճ միջամտությամբ իրավիճակն առավել սրվեց, երբ հայտնի դարձավ, որ խոսնակ Հայկ Հակոբյանը նյութ է պատվիրել մի կայքում, ինչը փաստաբան Վարոսյանը արագ բացահայտեց:
Արա Զոհրաբյանը իր հայտարարությամբ համերաշխության կոչ էր արել. «Ես եւ խորհրդի անդամները ժամանակավոր ենք եւ որոշ ժամանակ հետո թողնելու ենք մեր արածների հետեւանքները՝ թե՛ լավ, թե՛ վատ, գնահատականը կտան փաստաբանները: Փաստաբանների պալատն ունի 1583 անդամ, եւ հնարավոր չէ, որ 1583 փաստաբան մտածեն նույն կերպ կամ գործեն նույն կերպ»:
Այն, որ փաստաբանների շրջանում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է եւ լուծումներ է պահանջում, բոլորն են համակարծիք, սակայն մինչ օրս այդպես էլ անհասկանալի մնաց, թե փաստաբանների միջեւ ներքին թշնամանքը որտեղից է գալիս, որը երբեմն հասնում է վիրավորանքի: Ի վերջո, մրցակցությունը չի կարող նման լարումներ առաջացնել:
Գաղտնիքի պատճառո՞վ
Չի բացառվում, որ փաստաբանների պալատի նախագահի եւ փաստաբան Լուսինե Սահակյանի ու նրա մտերիմ փաստաբանների հարաբերությունները լարվել են պալատի հետ այն օրվանից, երբ փաստաբան Լուսինե Սահակյանի հարազատներից մեկը դիմել է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանին եւ խնդրել, որ իր շահերը դատարանում պաշտպանեն: Եւ դժվար է ասել՝ փաստաբան Սահակյանի հարազա՞տն է Փպալատին խնդրել, որ իր դիմումի մասին չասի Սահակյանին, թե՞ Փպալատում են, այնուամենայնիվ, որոշել գաղտնի պահել այդ դիմում-խնդրանքը, այդպես էլ անհայտ է մնում: Ամեն դեպքում, Լուսինե Սահակյանը կարող էր՝ որպես պալատի անդամ, տեղյակ լինել, որ իր հարազատը գործընկերներից մասնագիտական օգնություն է խնդրել: Բայց, դե, ինչպես ասում են՝ եղածը եղած է:
Եւ երբ այս բոլոր փաստերը համադրում ենք, կարելի է ենթադրել, թե ինչից կարող էր որ ՓՊ-ում խորհրդի նիստի ժամանակ փաստաբանների միջեւ վիճաբանություն առաջանալ, ինչի մասին հոկտեմբերի 3-ին գրել էր «Հրապարակ» օրաթերթը: Ըստ փաստաբանների՝ երբ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը մտել է խորհրդի նիստերի դահլիճ, Լուսինե Սահակյանը անմիջապես հայտարարել է, թե բացարկ է հայտնում Մելանյա Առուստամյանին, որին միացել է նաեւ Երվանդ Վարոսյանը: Այս «կոալիցիոն» գործելաոճը դուր չի եկել փաստաբան Նելլի Հարությունյանին, որը հայտարարել է, թե խորհրդի նիստի անդամները իրավունք չունեն որեւէ մեկին ինքնաբացարկ հայտնել: Ու հենց այս հարցն էլ լեզվակռվի պատճառ է դարձել, որից հետո փաստաբանները վիրավորել են միմյանց, իսկ Խուրշուդյանն էլ պլաստմասսե շիշը շպրտել է Լուսինե Սահակյանի ուղղությամբ: Սակայն Լուսինե Սահակյանը մեզ բացատրեց, որ ինքը բացարկ է հայտնել, քանի որ քննարկվել է հանրային պաշտպանի հարցը, որտեղ Մելանյա Առուստամյանը պետք է ունենա միայն դիտորդի կարգավիճակ, այլ ոչ թե ձայնի:
«Ժողովուրդ»-ը փորձեց այս մասով մեկնաբանություններ ստանալ նաեւ Մելանյա Առուստամյանից, սակայն չհաջողվեց: Միայն հայտնի դարձավ, որ 2 օր անց, այնուամենայնիվ, Առուստամյանը ինքնաբացարկ է հայտնել:
Իսկ ի՞նչ հանգուցալուծում կարող է ստանալ փաստաբանների այս հակամարտությունը: «Ժողովուրդ»-ի հարցին Լուսինե Սահակյանը պատասխանեց, որ իրենց տարածած հայտարարությամբ արդեն իսկ հստակ պահանջներ են առաջադրել, այն է՝ Հայկ Հակոբյանը չպետք է աշխատի պալատում, Արա Զոհրաբյանը պետք է բացատրություն տա, թե ինչ առնչություն ունի իրենց դեմ պատվերով հրապարակված նյութերի հետ եւ աշխատի այն մեխանիզմներով, որ մենիշխանության փոխարեն լինի զսպման եւ հակակշռի մեթոդը:
Անհաջող խոսնակի պատճառով
ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը փաստաբանների պահանջների մասով «Ժողովուրդ»-ին ի պատասխան՝ հայտնեց. «ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել xnews.am-ի երկու հոդվածների հետ կապված՝ 06.07.2015թ. եւ 30.07.2015թ.: 06.07.2015թ. հոդվածի վերաբերյալ որեւէ տեղեկություն չունեմ, իսկ 30.07.2015թ. հոդվածի առնչությամբ մամուլի խոսնակը ինձ տեղեկացրել է, որ Լիանա Գրիգորյանը ցանկանում է pastinfo.am-ում հրապարակված իր նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմումին ի պատասխան՝ ներկայացնել իր՝ Լիանա Գրիգորյանի դիմումը: Թե որ լրատվամիջոցում եւ ինչ ձեւաչափով, տեղեկացված չեմ եղել եւ չեմ հետաքրքրվել: Հարուցված կարգապահական վարույթով մանրամասները կպարզվեն: Մամուլի խոսնակի աշխատանքային գործառույթներից է նաեւ փաստաբաններին, այդ թվում՝ հանրային պաշտպաններին օժանդակել լրատվամիջոցների հետ աշխատելու հարցերում: Այն, որ մամուլի խոսնակը հանրային պաշտպանին օժանդակություն է ցույց տվել, իհարկե, չպետք է նշանակի, որ դա պետք է կատարվի հակառակ մեկ այլ փաստաբանի: Այս դեպքը ցույց տվեց, որ հանրային պաշտպանների եւ մյուս փաստաբանների միջեւ մամուլի հետ հարաբերություններում օժանդակության հարցում չեզոքությունը ապահովելու նպատակով մամուլի խոսնակի համար անհրաժեշտ է հստակեցնել գործառույթները: Հայկ Հակոբյանին աշխատանքից հեռացնելու հարցը բացարձակապես իրավական ճանապարհով որոշվող հարց Է»:
Մասնագետների կարծիքը
Իսկ ի՞նչ են մտածում այս իրավիճակի մասին փաստաբանները
Փաստաբան Հովիկ Արսենյանը հայտնեց, որ իրենք մի խումբ փաստաբաններով հայտարարություն են տարածել, որտեղ ստեղծված իրավիճակի շուրջ առաջարկել են փաստաբանների պալատում հրավիրել համատեղ քննարկում՝ հնարավորություն ընձեռելով փաստաբաններին ներկայացնել իրենց հարցադրումները եւ մոտեցումները:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի դիտարկմամբ խնդիրը ներքին կանոնակարգման առարկա է, եւ հաստատապես համոզված է՝ ներքին ցանկության դեպքում հնարավոր է լուծել:
Զրուցեցինք նաեւ քաղաքական գործիչների հետ, քանի որ Փպալատի հարցը, ըստ էության, դարձել է քաղաքական թեմա, եւ փաստաբանները բարձրաձայնել են պալատի կողմից գործադրվող ճնշումների մասին: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի կարծիքով, եթե ներքին կանոնակարգման խնդիրն է, ապա այն պետք է լուծի ներքին կանոնակարգով, իսկ եթե խնդիրը իրավական հարթության մեջ է, ապա բացառապես՝ օրենքներով:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ կոչ է անում անձնական խնդիրները լուծել հանրությունից դուրս, որպեսզի այս գործընթացները ազդեցություն չունենան իրենց գործունեության վրա, քանի որ կողմերը, որքան լսել է, լավ մասնագետներ են:
Հ. Գ. Այս պատմության մեջ մեզ համար ամենացավալին լրագրողի պահվածքն է, ով պատվեր է կատարել, ապա բացահայտել է իր ինֆորմացիայի աղբյուրը: Դրանից ավելի զազրելի բան դժվար է պատկերացնել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկում են, թե ինչ լուծում պետք է տալ ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին պատգամավորը այդպես էլ չներկայացավ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: Նա ոստիկանությանն ուղարկել է հոկտեմբերի 13-ի իր հայտարարությունը, որով հրաժարվել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին ապացույցներ ներկայացնել` պատճառաբանելով, թե իրավապահներին չի վստահում: Եվ, ահա, ոստիկանությունն էլ նախապատրաստած նյութերը ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն` դրանց հետագա ընթացքի հարցը լուծելու համար: Ու եթե Գեւորգ Կոստանյանը որոշի դրան ընթացք տալ, ապա կարող է քրեական գործ հարուցել, որի շրջանակներում Զուրաբյանը կարող է մեղադրվել սուտ մատնության մեջ: Սակայն նման հեռանկարը քիչ հավանական է, քանի որ Զուրաբյանը դա կարող է ներկայացնել իբրեւ քաղաքական հետապնդում:
Ինչ լուծում կտա ՀՀ գլխավոր դատախազությունը եւ, առհասարակ, ՀԱԿ-ը, քրեական հետապնդումից խուսափելու համար, ի՞նչ փոխզիջման կգնա, ցույց կտա ժամանակը:
Այս իրավիճակում տեղին է հիշեցնել՝ դեռեւս 2008 թվականին ինչպես «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին ընդամենը որոշ հարցադրումների համար սուտ մատնության հատկանիշներով մեղադրանք էին առաջադրել ու կալանավորել: Իսկ ինչ հարցեր էր փորձել պարզել Արամ Կարապետյանը. «Պրն Քոչարյան, ճի՞շտ է արդյոք, որ անհայտ զինվորի գերեզմանի մոտի կտրված եղեւնիները եւ այլ ծառատեսակները, որոնք տարիներ շարունակ դրվել, աճեցվել են` որպես մայրաքաղաք Երեւանի լիաթոք շնչելու հնարավորություն, կտրվել եւ կառուցվել է «Գոլդեն Փալլաս» հյուրանոցային համալիրը, որը, ըստ տեղեկությունների, պատկանում է Քոչարյանների ընտանիքին եւ ձեւակերպված է այլ մարդկանց անունով: Ինչպիսի՞ բարոյական զգացմունք եք Դուք ունենում, պրն Քոչարյան, այդ հյուրանոց մտնելուց: Ճի՞շտ է արդյոք, պրն Քոչարյան, որ բոլոր նախարարություններին հրամայված է կազմակերպվող բոլոր գործընթացները, սեմինարները կայանան «Գոլդեն Փալլասում», որպեսզի Ձեր ընտանիքը օգուտ ունենա հյուրանոցից»:
Արամ Կարապետյանը հարցադրումներ էր արել նաեւ Սերժ Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանի խնամու բիզնեսների մասին: «Ճի՞շտ է արդյոք, պրն Քոչարյան, մեր վերջին տեղեկությունները, որ արդեն անցում կատարելով ընտանիքից՝ սկսել եք քավորսանիկներին ու խնամի-բարեկամներին զիջել սեփականության տարբեր մասնաբաժիններ: Մասնավորապես, ճի՞շտ է արդյոք, որ Ձեր խնամի, ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը Բագրատունյաց 41 հասցեում գտնվող մոտ 3000 քմ ունիվերսամի ամբողջ տարածքը սեփականաշնորհել է 132 միլիոն 444 հազար դրամով, այնինչ այդ գործընթացին մասնակցած մյուս 4 ընկերությունները պատրաստ են եղել իրավամբ շուկայական գին վճարել»:
Ահա, այս հարցադրումների համար Արամ Կարապետյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 333 հոդվածի հատկանիշներով` սուտ մատնություն, Կարապետյանը 3 ամիս բանտարկվեց, իսկ 1 տարի 3 ամիս գործը ուսումնասիրելուց հետո այն կարճվեց՝ ապացույցների անբավարարության հիմքով:
Բայց ի տարբերություն Արամ Կարապետյանի, Զուրաբյանը հարցադրումների փոխարեն պնդում էր, որ ՍԴ նախագահը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին:
Ք. Մ.