ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում

Լուսանկարից պարզ է դառնում, որ մայրաքաղաքի կենտրոնի բնակիչներն այնքան են հուսահատվել եւ հիասթափվել «Local developers» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Մայրապետյանի խաբեություններից, որ որոշել են այս կերպ արտահայտել իրենց զայրույթը: Նրանք, ի նշան բողոքի, պաստառներ են փակցրել իրենց պատշգամբներում: Սակայն Մայրապետյանին կարծես թե առանձնապես չի էլ մտահոգում իրավիճակը:

 

 

 
ՀԱՐՑ. Բնակվում եմ չորսհարկանի շենքի երրորդ հարկում: Չորրորդ հարկի հարեւանի ջրի խողովակը անցնում է մեր տան միջով, որը շենքի հիմնական ներքին ցանցի ջրատարի խողովակը չէ: Ջուրը լցվել է մեր տուն եւ վնասել լոգարանը: Խնդրում եմ ասեք՝ ես իրավունք ունե՞մ ջրի խողովակը հանել:

Գուրգեն Հարությունյան (52 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այս հարցը կարգավորվում է ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության եւ քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» 2002 թվականի փետրվարի 2-ի N 91 որոշմամբ, որով կարգավորվում են բնակելի տարածքներում փոփոխություններ կատարելու նպատակով թույլտվություն տալու եւ չտալու հարցերը: Այսպես օրինակ՝ Ձեր բարձացրած հարցի շրջանակներում վերոնշյալ կարգի երկրորդ հավելվածի 13-րդ կետի համաձայն՝ առանց շինարարության թույլտվության կարող եք կատարել միայն հետեւյալ շինարարական աշխատանքները՝
ա) ջրատար եւ կոյուղու խողովակների ու uարքերի հոuքերի եւ կաթոցների վերացում,
բ) ջրատար եւ կոյուղու խողովակաշարերի ամրացում եւ մաuամբ նորոգում,
գ) ցրտահարվող մաuերում խողովակաշարերի ջերմամեկուuացում,
դ) կոյուղու խողովակների եւ uարքերի մաքրում,
ե) խողովակաշարերի հատվածների նորոգում,
զ)առանձին uարքերի փոխում (զուգարանակոնքեր, կողիկներ, լվացարաններ, կոնքեր, ցայտաղբյուրներ, ծորակներ եւ այլն):
Ինչպես տեսնում եք՝ այն աշխատանքը, ինչը որ Դուք ցանկանում եք իրականացնել, վերոնշյալ ցանկում չկա: Իսկ դա նշանակում է, որ Դուք պետք է ստանաք շինարարության թույլտվություն: Նույն կարգի համաձայն՝ Երեւան քաղաքում այդպիսի թույլտվություն տալիս է համայնքի ղեկավարը:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ առանց շինարարության թույլտվության կարող են կատարվել միայն ընթացիկ նորոգման եւ ներքին հարդարման, ինչպես նաեւ բարեկարգման աշխատանքներ, եթե դրանք չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային օգտագործմանը եւ չեն հակասում սահմանված սերվիտուտներին:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչպե՞ս է իրականացվում երկքաղաքացիների զինապարտության հարցը:

Իրինա Երանոսյան (44 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երկքաղաքացիություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է կատարեն հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու իրենց սահմանադրական պարտականությունը՝ ինչպես պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելով, այնպես էլ կամավոր հիմունքներով պայմանագրային զինվորական ծառայության անցնելով: Վերոնշյալը տարածվում է նաեւ 1995թ. հունվարի 1-ից հետո՝ առանց սահմանված կարգի ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիությունից միակողմանի հրաժարված ՀՀ քաղաքացիների վրա: «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 3.1 հոդվածի համաձայն՝ ՀՀ քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչեւ ՀՀ քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետությունների: Այլ պետության քաղաքացիություն ընդունած ՀՀ քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից՝ ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի հավելումն պատասխանի` նշենք, որ երկքաղաքացիները չեն ազատվում զորահավաքներից եւ վարժական հավաքներից:




Լրահոս