Ռեժիսոր, դերասան ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ կտրականապես չի նկարահանվում սերիալներում` դրանք համարելով հասարակությունը գռեհկացնելու, մակարդակն իջեցնելու մի նոր միջոց:
-Դուք նկարահանվել եք “Գարեգին Նժդեh” ֆիլմում, Ձեր գնահատմամբ` ֆիլմում լիարժեք ներկայացվա՞ծ է Նժդեհի կերպարը:
-Այն, ինչ տեսաք էկրանին, չի կարող լիարժեք լինել, որովհետեւ Գարեգին Նժդեհը շատ մեծ գաղափարախոսության տեր մարդ է: Ի սկզբանե սա հեռուստատեսային 6-մասանոց, 6-ժամանոց ֆորմատ էր, հետո որոշվեց հանել կինոթատրոններ: Այսինքն` ցուցադրվում է ֆիլմի մի մասը: Ես չեմ կարող գնահատել իմ կամ ընկերներիս աշխատանքը, որովհետեւ ես ներսն եմ: Կողքի աչքով կարող եմ ասել, որ կարեւորում եմ Նժդեհի մասին ֆիլմի ստեղծումը: Գուցե նժդեհագետները կարող են թերություններ գտնել, բայց այն հուզականությունն ու հայրենասիրությունը, որ ստեղծում է ֆիլմը, այսօր ավելի քան կարեւոր է: Իսկ քննադատություններն ու զազրախոսություններն անպակաս են, անգամ մինչ տեսնելն էին քննադատում:
-Տեսնելուց հետո էլ են շարունակում քննադատել:
-Այսօրվա մեր հեռուստաեթերի ու նույն ֆիլմերի վատն այն է, որ մենք իջնում ենք դեպի հանդիսատես, այնինչ մենք պետք է հանդիսատեսին բարձրացնենք արվեստի մակարդակին:
-Եթե հետեւենք այդ սկզբունքին, ուրեմն սերիալներն էլ չպետք է լինեն:
-Սերիալները ես համարում եմ ուղղակի հանցագործություն: Սա ապականելու, հասարակությունը գռեհկացնելու, մակարդակն իջեցնելու մի նոր միջոց է: Չեմ նայում, երբեմն որ աչքս ընկնում է էկրանին, սարսափում եմ: Ռեժիսուրայի, բայց նախ` սցենարի, դերասանական խաղի բացակայություն… Իսկ ես ներսից գիտեմ, թե ինչ է կատարվում, լավ դերասաններն ուղղակի հրաժարվում են կամ էլ ստիպված համաձայնում, դե նյութական հարց է…
-Բայց չէ՞ որ Դուք էլ եք նկարահանվել սերիալում:
-Մի անգամ եմ նկարվել ,Կյանքի գինըե սերիալում, ու եղել են դեպքեր, երբ ասել եմ` ես չեմ ասի այս տեքստը, ուզում եք` ինձ սպանեք, ես ինձ թույլ չեմ տա այդպես խոսել եթերից: Ես դա կարող եմ ինձ թույլ տալ, գուցե ուրիշը չի կարող: Ունեմ իմ սկզբունքները ու որպեսզի չմտնեմ կոնֆլիկտների մեջ, հրաժարվում եմ բոլոր տեսակի սերիալներից: Ասել եմ` կխաղամ միայն այն դեպքում, երբ ինձ հայտնի լինի ամբողջ նյութը ու սցենարը: Իսկ երբ գրվում է առավոտյան ու երեկոյան ցույց է տրվում, արդեն չի կարող որակյալ լինել: Դրա արդյունքն այսօր երեւում է եթերում:
-Ձեր կոլեգաներին այդ մասին չե՞ք ասում:
-Կարող եմ նրանց սիրելով ասել, բայց երբ գիտեմ, որ իր երեխայի փամփերսի փողը չունի, ես ինձ բարոյական իրավունք չեմ վերապահի նրան որեւէ բան ասել: Սերիալների հարցը պետք է լուծվի պետական մակարդակով` խորհրդարանում օրենք ընդունելով: Փորձեր եղան, բայց պրակտիկան ցույց տվեց, որ ոչ մի բան չփոխվեց: Օրինակ` այդ հաստավիզ, սեւ մայկաներով տղաներն ի՞նչ են սովորեցնում:
-Սերիալ նկարողները պնդում են, թե նրանց պահանջարկն է թելադրում:
-Իսկ որտե՞ղ է այդ պահանջարկը գրված` առավոտյան լուրերո՞ւմ, թերթերո՞ւմ: Դուք կարդացե՞լ եք` այսօր պահանջվում է 4 բռնաբարություն, 3 սպանություն, մի քանի գողություն… Դա շատ լուրջ հարց է, գլխին տեր են կանգնած մարդիկ, որոնք շատ հեռու են արվեստից: Հանուն ինչի՞ են այդ սեւ աղբը լցնում եթեր, մի՞թե ժողովուրդը դա է ուզում: Ցո՛ւյց տվեք ինձ այն մարդուն, որը ասում է` ես առավոտյան զարթնում եմ ու երեկոյան ուզում եմ տեսնել սպանություն, լկտի խոսակցություն… Ռեյտինգ ասվածն ո՞վ է որոշում, չի՞ կարելի այդ ամենը ստեղծել բարձր մակարդակի վրա, գոնե արվեստին մոտ, թե՞ պարտադիր է ցույց տալ հոգու աղբանոցը, ա՛յ դա չեմ հասկանում: Գիտեք` ինչքան եմ տարբեր կայքերով ու թերթերով ասել, ձայն հանապատի, ո՞վ է լսում, ո՞ւմ է հետաքրքիր: Ամենավատ բանը, ինչ կարող է լինել, ինձ չեն հրավիրի, ես չեմ էլ գնա: Այս աշխատանքից կզրկեն կամ այն, ինչ-որ բան չեն տա անեմ, իբրեւ թե փողից կզրկեն, Աստծո սիրուն:
-Հիմա ինչո՞վ եք զբաղվում:
-Նկարահանվում եմ ռուսական ֆիլմում, ապագայում 2 հրավեր ունեմ, Համազգային թատրոնում բեմադրություններ ունեմ… Ես այն մարդկանցից չեմ, որ երկու մեքենա ունենամ, մի հատ էլ ուզեմ: Շատ հանգիստ եմ շնչում: Ես կարող եմ ինձ թույլ տալ չնկարվել սերիալում: Աստված հեռու պահի, օրը գա, գուցե ես էլ համաձայնեմ: Բայց, այնուամենայնիվ, ինչպես “Կյանքի գինը” սերիալում, երբ տեսնեմ` չափանիշն իջնում է, ես ուղղակի չեմ խաղա: Ես ունեմ իմ դիրքորոշումն ու վերջ:
-Եթե բոլոր դերասաններն այդ սկզբունքով առաջնորդվեին, գուցե շատ բան փոխվեր:
-Չէր փոխվի, փողոցից նոր մարդկանց կբերեին կնկարեին:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ