Երկուշաբթի` մարտի 25-ին, երեւանցիները եւ քաղաքի հյուրերը նկատեցին, որ Ազնավուրի հրապարակում ակտիվ շինաշխատանքներ են: Շինարարները, մեծ ջանասիրությամբ կատարելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրահանգը, հանում էին դեռ 80-ականներին դրած եւ մինչ օրս հրաշալի վիճակում մնացած սալահատակը: Փոխարենը տեղադրվելու է նորը: Դժվար չէ ենթադրել, թե նոր սալահատակը որքան կյանք կունենա կամ երբ շարքից դուրս կգա: Մյուս կողմից սպասում ենք, որ քաղաքապետարանը հանդես գա համապատասխան պարզաբանումով՝ նշելով, թե որքան գումար են ծախսել եւ ծախսելու Ազնավուրի հրապարակի շատ նորմալ վիճակում գտնվող սալահատակը քանդելու եւ նորը տեղադրելու համար:
Երեկ Ազնավուրի հրապարակում աշխատող շինարարներից մեկն էլ կատակեց, որ նորը շատ ավելի լավն է լինելու եւ արդեն մյուս տարի իրենք կրկին աշխատանք կունենան, իսկ մի անցորդ էլ կրկին հումորով նշեց, որ նոր սալահատակը տեղադրվելու է Անաստասիա Վոլոչկովայի ճաշակով, եւ որ նա էլ այնտեղ պարելու է, իսկ Տարոնն էլ ծափ է տալու:
Ի դեպ, երեկ նույն պատկերն էր նաեւ Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում: Եւ հետաքրքիր է, թե ինչու քաղաքապետարանի մտքով չի անցնում ասֆալտապատել այն փողոցները, որոնք դրա կարիքն ունեն եւ զբաղվում է սարքինը քանդելով ու կրկին նորոգելու գործով:
Top-news .am