Երեկ հերթական դատավճիռն է կայացվել լրատվամիջոցի դեմ: Դարձյալ Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությունը սկսել է անհանգստացնել իշխող վարչակազմին, նրանք որոշել են հեռուստաընկերությանը զրկել ալեհավաք ունենալու հնարավորությունից: Երեկ «Գալա»-ի տարածած հաղորդագրության համաձայն, «Գյումրիի քաղաքապետարանն ընդդեմ «ՉԱՊ» ՍՊԸ-ի եւ «ՉԱՊ» ՍՊԸ -ն ընդդեմ Գյումրիի քաղաքապետարանի միացյալ գործերով դատաքննությունն ավարտվեց: Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շիրակ Հակոբյանը հրապարակեց վճիռը, ինչը հերթական անգամ փաստեց, որ իշխանությունների արշավը անկախ լրատվամիջոցների դեմ շարունակում է ավելի ահագնանալ: Դատարանը բավարարեց Գյումրիի քաղաքապետարանի հայցը եւ պահանջեց մեկամսյա ժամկետում Վ.Սարգսյան 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի վրայից ապամոնտաժել «ՉԱՊ» ՍՊ ընկերությանը պատկանող հաղորդակի մաս հանդիսացող, հեռուստաաշտարակի գագաթնային հատվածում տեղադրված հաղորդիչ անտենան եւ մալուխը: Իսկ «ՉԱՊ» ՍՊ ընկերության հայցն ընդդեմ Գյումրիի քաղաքապետարանի՝ անվճար հարկադիր սերվիտուդ սահմանելու պահանջը, դատարանը մերժեց: Դատավորը նաեւ կողմերին զգուշացրեց, որ վճիռը կամովին չկատարելու դեպքում, այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով:
«ԳԱԼԱ»-ԱՑԱՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ