Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Օքսֆորդի համալսարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 22-ին Օքսֆորդի համալսարանի Բոդլիան գրադարանում բացվեց «Հայաստան. հարատևող մշակույթի գանձերը» խորագրով բացառիկ ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Միջոցառումը կազմակերպվել է բրիտանահայ բարերար Րաֆֆի Մանուկյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ` Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի և Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ:

Բացման արարողությանը ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Բոդլիանի գլխավոր գրադարանավար Ռիչարդ Օվերդինը և Օքսֆորդի համալսարանի Հայագիտության ամբիոնի տնօրեն, հայտնի հայագետ պրոֆեսոր Թեո վան Լինտը։

Պաշտոնական մասին հետևեց հայտնի ջութակահար Լևոն Չիլինգիրյանի կողմից Նարեկացու, Սայաթ Նովայի և Կոմիտասի գործերից կատարումը։

Ցուցադրության համակարգողներն են պրոֆեսոր Թեո վան Լինտը և Բոդլիանի գրադարանավար Ռոբին Մեյերը: Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ցուցահանդեսի կազմակերպիչների նպատակն է այցելուներին ցույց տալ հայ ժողովրդի բազմադարյա մշակութային ձեռքբերումները՝ հարուստ կրոնական և գրական կոթողներից մինչև աշխարհասփյուռ հայկական համայնքների թողած ժառանգությունը։ Ցուցանմուշներ են հավաքվել Մանչեսթերի և Լոնդոնի համայնքներից, որոնք անհատական պատմությունների հիման վրա նկարագրելու են ցեղասպանության արհավիրքը վերապրած ու Մեծ Բրիտանիայում հաստատված հայերի կենցաղը, մշակութային և կրոնական կյանքը:

Ցուցահանդեսը կտևի մինչև 2016թ. փետրվարը։ Ցուցահանդեսին զուգահեռ կազմակերպվելու են դասախոսություններ, քննարկումներ և համերգներ:

Տեղեկանք. 2015-ը նաև հիշարժան տարի է Օքսֆորդի համալսարանի համար, քանի որ նշվում է ազգային մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանի նվիրատվությամբ բացված Հայագիտական կենտրոնի 50-ամյակը:




Լրահոս