«ԹՈՂ ԳՆԱՀԱՏԵՆ ՇՈՒՆ-ՇԱՆԳՅԱԼԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ինքն արդեն հոգնել է ամեն ինչից. «Ես չեմ ցանկանում իմ անունը արատավորել, ես արդեն հոգնել եմ նրանից, թե էսի էս ասաց, էն մեկն էն ասաց: Հոգնել եմ նաեւ այն բանից, որ ժողովուրդը մնում է այնպիսին, ինչպիսին կա, իսկ իշխանություններն էլ մնում են բիրտ, ազգին չկամեցող: Ամենաթողություն է, մեղքեր են կատարում ամեն օր»:
-Պարո՛ն Կարապետյան, Ձեր կուսակցությունը մասնակցելո՞ւ է Երեւանի ավագանու ընտրություններին:
-Ո՛չ, մեր մասնակցելը պրծավ: Ես համոզվեցի ու 100 տոկոսով համոզվեցի, որ մեր հանրապետությունում ամեն ինչ կեղծ է, որ իշխանությունը զավթել է ամեն ինչ, ու ես այդ խաղերին չեմ մասնակցում: Ես ներողություն եմ խնդրում, բայց ժողովուրդն էլ դարձել է մեղսակից: Տալիս է հնարավորություն, փող է վերցնում, ոչ բոլորը, բայց մեծ մասը: Փող են վերցնում ու իրենց ձայնը տալիս են նրանց: Եվ ես ուղղակի հենց նենց չեմ մասնակցելու ինչ-որ բան ապացուցելու համար: Ես իրականում իմ ազգին բարօրություն եմ ցանկանում ու դա ի սրտե եմ ցանկանում: Ես դա ձեւական չեմ անում ու չեմ մտածում սեփական հարստացման մասին: Ով մտածում է, թող մտածի: Ինձ եթե այս ժողովուրդը չի գնահատում, թող գնահատի շուն-շանգյալին: Ում ուզում է, թող գնահատի, էսքան բան:
-Այսինքն՝ այսուհետ անտարբե՞ր եք լինելու Հայաստանում կատարվող իրադարձություններին: Ժամանակին Դուք բոլորին կոչ էիք անում միանալ Ձեր պայքարին, փաստորեն, այսօր նահանջո՞ւմ եք:
-Ոչ թե անտարբեր, այլ ուղղակի ես չեմ ցանկանում մասնակցել ընտրություններին, դա դեռ չի նշանակում լինել անտարբեր: Ես չեմ լքելու իմ հայրենիքը երբեւէ, ճիշտ է, ես Հնդկաստան եմ մեկնում՝ հանգստանալու. այն ժամանակ փողը ժողովրդի վրա էի ծախսում, հիմա ինձ վրա եմ ծախսում: Գնացել էի Կուբա, լա՜վ հանգստացել, հետ եմ եկել, հիմա էլ գնում եմ Հնդկաստան: Ես չեմ ցանկանում իմ անունը արատավորել: Ու ես չեմ ցանկանում, որ իմ անունը որեւէ մի տեղ այդպես շոշափվի իրենց շարքերում: Ես ուզում եմ մաքուր մնալ: Ես վնաս չեմ տալու իմ ժողովրդին ու վնաս չեմ տվել:
-Այսօր ժողովուրդը գտնվում է Ազատության հրապարակում եւ պահանջում անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: Դուք չե՞ք ցանկանում միանալ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:
-Վերջ, այսքանը, ցտեսություն:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս