Ռուսական «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ «Bloomberg»-ը հայտնում է, որ Բուլղարիան, Ռումինիան և Սերբիան լրջորեն անհանգստացած են Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից դեպի Արևմտյան Եվրոպա ուղևորվող ներգաղթյալների համար բուֆերային գոտի դառնալու հեռանկարից: Այս կապակցությամբ եվրոպական այս երկրները մտադիր են հետևել որոշ հարևան երկրների օրինակին և փակել սահմանները ներգաղթյալների առջև:
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը Սոֆիայում նախօրեին հանդիպել է Սերբիայի և Ռումինիայի վարչապետներ Ալեքսանդր Վուչիչի և Վիկտոր Պոնտայի հետ՝ Համաշխարհային երկրորդ պատերազմի ավարտից հետո Եվրոպայի համար ամենալուրջ խնդրի՝ միգրացիոն ճգնաժամի, քննարկման նպատակով: Այս երեք երկրները մտադիր են միասնաբար գործել նաև ԵՄ երկրների առաջնորդների այսօր կայանալիք հանդիպմանը:
«Եթե Գերմանիան և Ավստրիան փակում են ներգաղթյալների առջև իրենց սահմանները, մենք թույլ չենք տա մեր երկրները վերածել բուֆերային գոտու: Մենք պատրաստ ենք անհապաղ փակել սահմանները»,- ասել է Բորիսովը: