Սերժ Սարգսյանի՝ ապրիլի 9-ի երդմնակալությունը տեղի է ունենալու ԱԺ հատուկ նիստում: Իսկ այդ օրը համընկնում է ԱԺ հերթական քառօրյայի հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ հատուկ նիստը նախատեսված է անցկացնել ոչ թե ԱԺ դահլիճում, այլ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ԱԺ հատուկ նիստի գումարման վայրի ու ձեւաչափի վերաբերյալ, ԱԺ կանոնակարգի համաձայն, խորհրդարանը պետք է առանձին որոշում ընդունի: Ինչ վերաբերում է քառօրյային, ապա, ըստ նրա, նման նախադեպ եղել է 2008թ.: Հիշեցնենք, որ ԱԺ հատուկ նիստն այն ժամանակ անցկացվեց Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում, ընդ որում այդ օրը խորհրդարանը գումարել էր ընդամենը մեկ նիստ: Փաստորեն, ենթադրվում է, որ նույնը տեղի կունենա նաեւ այս անգամ: Ի դեպ, ապրիլի 9-ը երեքշաբթի է, ասել է թե՝ ԱԺ վերջին նիստում նախատեսված է նաեւ հայտարարությունների ժամը: Չի բացառվում, որ, պայմանավորված երդմնակալության «հատուկ նիստով», ԱԺ-ն այդ օրը մարզահամերգային համալիրում մեկ նիստ անցկացնի, եւ հայտարարությունների ժամը տեղի չունենա:
ՀԱՏՈՒԿ ՆԻ՞ՍՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ