ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ԴԱՐՁԵԼ Է ՔՐՈՆԻԿԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ամենամսյա տնտեսական ցուցանիշները սկսում են դեժավյու հիշեցնել, քանի որ դրանք սկսում են իրարից գրեթե չտարբերվել, այսինքն՝ մի կողմից նշվում է, թե իբր տնտեսական աճ ունենք, մյուս կողմից էլ նույն պաշտոնական տվյալները վկայում են, որ վիճակը գնալով վատթարանում է:

Այսպես, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է այս տարվա ինն ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի օպերատիվ տվյալները, ըստ որոնց՝ նշված ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը, կամ այլ կերպ ասած՝ տնտեսական աճը կազմել է 3,7 տոկոս: Սակայն մյուս կողմից նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա ինն ամիսներին առեւտրի շրջանառությունը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 5,6 տոկոսով: Գումարային արտահայտությամբ առեւտրի շրջանառության անկումը կազմել է ավելի քան 100 միլիարդ դրամ: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ այս տարվա ինն ամիսների արդյունքներով Հայաստանի սպառողը, անցած տարվա համեմատ, աղքատացել է 100 միլիարդ դրամով: Ի դեպ, սեպտեմբերը գյուղատնտեսության համար ավանդաբար համարվում է ամենաակտիվ ամիսը, քանի որ բանջարեղենի հիմնական բերքահավաքի եւ մթերման գործընթացին ավելանում են նաեւ խաղողի բերքահավաքն ու մթերման գործընթացը, կարտոֆիլի բերքահավաքը եւ այսպես շարունակ: Սակայն, ինչպես տեսնում ենք, գյուղատնտեսության այս բերքառատ շրջանի պայմաններում անգամ պաշտոնական վիճակագիրները չեն կարողացել առեւտի շրջանառության ծավալները «շտկել»:
Ինչեւէ, ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա անցած ինն ամիսներին շինարարության ծավալները եղել են նույնքան, որքան անցած տարվա նույն ժամանակաշրջանում: Սակայն, եթե հաշվի առնենք, որ նույն այդ ինն ամիսներին ընդհանուր գնաճը պաշտոնապես կազմել է 4,7 տոկոս, ապա ստացվում է, որ շինարարությունն առնվազն գնաճի չափով անկում է ապրել: Իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալները, չնայած պաշտոնապես նշված է, որ անցած տարվա համեմատ աճել են 4,8 տոկոսով, սակայն, երբ այդ ցուցանիշից հանում ենք գնաճը, ապա այս դեպքում աճը դառնում է զրոյական:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ ինն ամիսների արդյունքներով գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալների աճը նախորդ ամսի` օգոստոսի տվյալների համեմատ նվազել է եւ կազմել 11,3 տոկոս: Օգոստոսի արդյունքներով գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալներն անցած տարվա համեմատ աճել էին 13,5 տոկոսով: Այսինքն՝ ստացվում է, որ սեպտեմբերի արդյունքները գյուղատնտեսության վիճակը բարելավելու փոխարեն վատթարացրել են:
Պաշտոնական վիճակագրության հաջորդ տվյալը, որը հարցերի տեղիք է տալիս, վերաբերում է արտահանմանը: Բանն այն է, որ նախորդ երկու ամիսներին արտահանման ցուցանիշը, կարծես թե, ինչ-որ չափով շտկվել էր, չնայած աճ չէր արձանագրվել, բայց անկումը եւս չկար, քանի որ արտահանման ծավալներն այնքան էին, որքան անցած տարի: Սակայն ինն ամիսների արդյունքներով արտահանման ծավալները կրկին սկսել են նվազել: Տոկոսային արտահայտությամբ անկումը կազմել է մեկ տոկոս, որը եթե վերածում ենք գումարի, ապա ստացվում է, որ այս տարվա ինն ամիսներին անցած տարվա համեմատ 11 մլն դոլարով քիչ ապրանք է արտահանվել: Ասել է թե՝ այդքանով քիչ գումար է եկել Հայաստան: Ի դեպ, ներմուծման անկումը կազմել է 26,6 տոկոս, ինչը կարելի է համարել բնական արդյունք, քանի որ ուղղակի կապված է առեւտրի շրջանառության անկման հետ: Այլ կերպ ասած՝ մարդիկ գումար չունեն, որպեսզի առեւտուր անեն, ներկրողներն էլ նախընտրում են քիչ ապրանք ներմուծել Հայաստան:
Մի խոսքով, Հայաստանի տնտեսությունը շարունակում է գահավիժել, եւ այս գործընթացի վերջը կարծես թե չի երեւում, իսկ իշխանությունները շարունակում են պնդել, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ տնտեսական աճ ունենք: Արդյունքում, երկիրն ապրում է մի իրականությունում, որը Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն ցանկանում նկատել կամ էլ միգուցե ի վիճակի չեն տեսնել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՆԱԽԱՐԱՐԸ ԲԱՑԵԼ Է
Դեռեւս հոկտեմբերի 16-ին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ սահմանային լարվածության աճից հետո ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության «911» ծառայության աշխատակիցներին հանձնարարվել է սահմանային գյուղերում հերթապահություն սահմանել: Հերթապահություն կատարող փրկարարներին նաեւ զենք է հատկացվելու, քանի որ չի բացառվում, որ հրետակոծությունների հետ միաժամանակ ադրբեջանցի դիվերսանտներ կարող են ներթափանցել թիկունք: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը Տավուշի մարզ է գնացել, որտեղ «բացել» է «911» ծառայության առաջին հերթապահության կենտրոնը: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նախարարը Ազատամուտ համայնքի քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի պահակատան տարածքում շրջայցեր է կատարել, ծանոթացել վերջերս ավարտված շինարարական աշխատանքներին, շինության պայմաններին եւ զրուցել սպայական անձնակազմի հետ: Ազատամուտի քաղպաշտպանության գունդն իրականացնում է հատուկ կարեւորագույն օբյեկտների եւ մասնավորապես Ազատամուտի խմելու ջրի ջրամբարի պաշտպանությունը:

 

ՀՀԿ-Ն ՈՒ ՕԵԿ-Ը ԵԺԿ-ՈՒՄ
Այսօր Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն՝ մասնակցելու Մադրիդում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) տարեկան համագումարին եւ ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովին: Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: Սերժ Սարգսյանին «ուղեկցելու» է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: ՀՀԿ-ականներից երեկ ոչ ոք տեղյակ չէր, թե Սերժ Սարգսյանը ինչ ելույթ է ունենալու այնտեղ: Ի դեպ, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը եւս մեկնել է Մադրիդ` ԵԺԿ համագումարին մասնակցելու նպատակով: ՕԵԿ պատվիրակության կազմում Արթուր Բաղդասարյանից բացի՝ լինելու են նաեւ ՕԵԿ փոխնախագահներ Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանը եւ կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Պողոս Շահինյանը:

 

ՏԻՄ
ՀՀ Արագածոտնի, Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի եւ Արմավիրի մարզերում դեկտեմբերի 6-ին կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները: Համայնքի ղեկավարի ընտրությունները տեղի կունենան Արմավիրի Արագած, Արշալույս, Դալարիկ, Ֆերիկ, Գեղարքունիքի Արեգունի, Զովաբեր, Դդմաշեն, Շիրակի Վահրամաբերդ, Արեւիկ, Բասեն, Արագածոտնի Սարալանջ, Զարինջա, Կոշ, Սյունիքի Վաղատուր, Նժդեհ, Չափնի, Ալվանք եւ այլ համայնքներում: Հիշեցնենք, որ նշանակված է նաեւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՉԵՆ ԿՐՃԱՏԵԼՈՒ
Այն բոլոր ծրագրերը, որոնք ստանձնված են կառավարության կողմից, կատարվելու են: Ոչ մի սոցիալական ծրագիր չի կրճատվելու: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով 2016թ. բյուջեի նախագծին` վստահեցրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Դիտարկմանը, որ շատերն այս բյուջեն բնորոշում են որպես «յոլա» գնալու բյուջե, նախարարն արձագանքել է. «Ես բացարձակ որեւէ որակավորում չեմ ցանկանում տալ բյուջեին, եւ կարծում եմ՝ պետք է նայենք իրատեսական իրողություններին, աշխարհում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական գործընթացներին եւ դրա շրջանակներում կառավարության ցուցաբերած ջանքերին»:

 

ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ երեկ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանում ժողովրդագրական ներկայիս իրավիճակի եւ զարգացման միտումների վերաբերյալ: Ներկայացվել է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2015-2017 թվականների ազգային ծրագրի նախագիծը, որը բխում է կառավարության 2014 թվականի ծրագրից: Վարչապետը հանձնարարել է աշխատանքային խմբի շրջանակում լրամշակել ներկայացված նախագիծը հնչած առաջարկություններով եւ վերջնական տարբերակը ներկայացնել կառավարություն:

 

ԷԼԻ ԹՎԻԹԵՐՈՎ
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն հոկտեմբերի 26-ին՝ հանդիպելու նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այդ մասին երեկ Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

 

ԿԲԱՆԱԿՑԵՆ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտնել է Ռուսաստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Հորդանանի հետ Սիրիայի հարցով բանակցությունների նախապատրաստման մասին: «Նախատեսվում է հանդիպում Ռուսաստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Հորդանանի առաջնորդների հետ, որպեսզի մշակվեն իրական տարբերակներ Սիրիայում քաղաքական գործընթացի վերսկսման եւ քաղաքական շրջադարձի հասնելու նպատակով»,-Reuters-ի փոխանցմամբ` հայտարարել է Քերրին: Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան կողմը հրաժարվել էր ռուսական կողմի հետ Սիրիայի խնդրով բանակցություններից:

 

ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵ՞Ր
Ղարաբաղյան հակամարտության հարցով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունների հետագա օրակարգը կախված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցից: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` Կոստա-Ռիկայի ԱԳՆ ղեկավարի հետ բանակցությունների ավարտին: «Կա՛մ նախագահներն իրենք կընտրեն բանակցությունների թեման, կա՛մ համանախագահները նոր առաջարկով հանդես կգան»,- ասել է Մամեդյարովը: Նրա խոսքով` տարածաշրջան համանախագահների այցն ակնկալվում է հոկտեմբերի 26-28-ին:

 

ԱՌԱՆՑ ԹԱՐԳՄԱՆՉԻ
Հոկտեմբերի 19-ին Աժ նախագահ Գալուստ Սահակյանը Ժնեւ կատարած այցի ընթացքում՝ Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում, հանդիպել է Սերգեյ Նարիշկինի հետ: Հանդիպման ընթացքում խոսելով բազմակողմ համագործակցության մասին՝ ԱԺ նախագահը մասնավորապես ընդգծել է. «Անհրաժեշտ է ընդլայնել ու խորացնել երկու երկրների համագործակցությունը միջազգային կառույցներում»: Գալուստ Սահակյանը նշել է նաեւ, որ Հայաստանը կողմ է Միջխորհրդարանական միությունում ռուսերենը պաշտոնական կամ աշխատանքային լեզու դարձնելու Ռուսաստանի առաջարկին: Հիշեցնենք, որ Կիսելյովի սկանդալային հայտարարություններից հետո Սահակյանն իր ՌԴ կատարած այցերից մեկի ընթացքում ցուցադրաբար օգտվել էր թարգմանչի ծառայություններից, հիմա, փաստորեն, Գրիգորիչն էլ «կոտրվեց»:




Լրահոս