ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ԿԽՓԵՆ ԱՅՆՔԱՆ, ԻՆՉՔԱՆ ՊԵՏՔ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ սահմանադրական հանրաքվեում ՀՀԿ-ի շտաբը ղեկավարելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նկատի առնելով այն, որ ՀՀ վարչապետի պաշտոնը քաղաքական եւ պետական պաշտոն է, հարց է առաջանում՝ արդյո՞ք Հովիկ Աբրահամյանը չի օգտագործի իր վարչական լծակները հանրաքվեի գործընթացում:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է.«Արգելվում է քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել պետական եւ համայնքային պաշտոններ զբաղեցնողներին, բացառությամբ քաղաքական եւ հայեցողական պաշտոններ զբաղեցնողների, ինչպես նաեւ՝ ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս»:
«Ժողովուրդ»-ը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից փորձել է պարզել, թե արդյո՞ք Հովիկ Աբրահամյանը, լինելով վարչապետ, կարող է շտաբի պետ նշանակվել: Ստեղծված իրավիճակի շուրջ նաեւ մեկնաբանություն ենք խնդրել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանից:
-Պարո՛ն Մուկուչյան, արդյո՞ք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարող է միաժամանակ զբաղեցնել նաեւ շտաբի պետի պաշտոնն ու քարոզչություն իրականացնել:
-Իհարկե:
-Մի՞թե դա չի հակասում Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետին:
-Այդ պաշտոնը քաղաքական պաշտոն է: եթե Դուք հանրաքվեի մասին օրենքը նայեք, այնտեղ ունենք, թե ովքեր կարող են հանդես գալ հանրաքվե նշանակելու նախաձեռնությամբ: Օրինակ՝ Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության նախագահին կամ Ազգային ժողովին: Ըստ 8.1 հոդվածի` պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունի կառավարությունը: Բնականաբար, եթե նա նախաձեռնելու իրավունք ունի, պետք է նաեւ իրավունք ունենա քարոզ իրականացնելու:
-20-րդ հոդվածում հստակ նշվում է, որ նա կարող է իրականացնել քարոզչություն, եթե չի իրականացնում իր լիազորությունները: Հիմա կա՞ հստակ տարբերակում, թե որ ժամից է Հովիկ Աբրահամյանը վարչապետ եւ որ ժամից է նա դադարում վարչապետ լինել ու որպես հասարակ քաղաքացի կարող է շտաբ ղեկավարել եւ քարոզչություն իրականացնել:
-Խնդիրը հետեւյալն է՝ նախ պետական եւ համայնքային պաշտոններ զբաղեցնողները, ուսումնական հաստատության մանկավարժական կազմի աշխատողները չեն կարող քարոզ իրականացնել իրենց լիազորությունները իրականացնելիս, իսկ քաղաքական պաշտոն զբաղեցնողները կարող են, իրենք բացառություն են: Որպեսզի Ձեզ համար ավելի պարզ լինի, հետեւյալ տեսանկյունից նայենք: Օրինակ՝ պատգամավորի պաշտոնը քաղաքական պաշտոն է, ճի՞շտ է: Պատգամավորը, երբ Ազգային ժողովի նիստին մասնակցում է, իր լիազորություններն է իրականացնում, չէ՞, հայտարարությունների ժամին եւս իր լիազորություններն է իրականացնում. նա ամբիոնից քարոզ է անում, չէ՞: Օրենքը չի խախտվում, քանի որ պաշտոնատար անձինք հանդես են գալիս, ըստ էության, որպես նախաձեռնության հեղինակներ, եթե ինքը նախաձեռնել է հանրաքվե, ինչպես կարող է քարոզարշավ չիրականացնել:
-Մի՞թե այս պայմաններում հավասար մրցակցության մասին կարող ենք խոսել:
-Մի խնդիր է լիազորությունների իրականացման ժամանակ քարոզչություն իրականացնելը, մեկ այլ խնդիր է ուրիշ անձի կողմից իր պաշտոնական լիազորություններն օգտագործելը, դրանք բոլորովին տարբեր բաներ են:
-Դուք բացառում եք, որ վարչապետը կգնա այդ քայլին:
-Դրա համար գոյություն ունեն հանձնաժողովներ, եթե նման խնդիրներ են առաջանում, ապա քննարկվում են նշված խնդիրները:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյան
-Պարո՛ն Կարապետյան, ըստ Ձեզ` արդյո՞ք Հովիկ Աբրահամյանը, զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, միաժամանակ կարող է լինել շտաբի պետ եւ քարոզչություն իրականացնել:
-Օրենքը խախտվել է, միանշանակ, դա քաղաքական պաշտոն չի, դա գործադիրի ղեկավարի պաշտոն է, եւ նա ուղիղ գործադիր իշխանության ներկայացուցիչ է: Բայց իրենք ուրիշ բան են ասում` պնդում են, որ հանրաքվեի մասին օրենքը չի արգելում դա: Չգիտեմ՝ օրենքը թույլ է տալիս, թե ոչ, դա իրավագետները կասեն, բայց կարող եմ քաղաքական գնահատական տալ: Առաջինը, եթե նշանակվել է Հովիկ Աբրահամյանը, ուրեմն Սարգսյանի խոսքերով՝ փորձելու են խփել այնքան, ինչքան պետք է, որովհետեւ մինչ այս, բոլոր ընտրությունների ընթացքում, երբ Հովիկ Աբրահամյանը եղել է շտաբի պետ, այդ ընտրություններն անցել են այնպես, ինչպես պետք է Սերժ Սարգսյանին: Այսինքն` արվելու է այն, ինչ արվել է մինչեւ հիմա:
Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը շատ մեծ սխալ է արել, քանի որ այն, ինչ ասացի, հայտնի է ե՛ւ հասարակությանը, ե՛ւ միջազգային կառույցներին: Բոլորն էլ գիտեն` նմանատիպ շտաբով, նմանատիպ շտաբի ղեկավարով անցկացված ընտրությունները ոչ լեգիտիմ են եղել: Ավելին ասեմ՝ Հովիկ Աբրահամյանի նշանակումը շտաբի պետի պաշտոնում այն դեպքում, երբ նա իր պաշտոնին հրաժարական չի տալիս, միանշանակ այդ հանրաքվեի լեգիտիմությունը հենց սկզբից դնելու է կասկածի տակ:
Եվ, վերջապես, եթե այդքան պրոբլեմներ պետք է ծագեին, միանշանակ բոլորը շահարկելու էին այդ նշանակումը, այդ դեպքում ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանը անցած անգամվա նման հրաժարական չտվեց, գնա շտաբի պետ, հետո հետ գա:
-Դուք ունե՞ք այդ հարցի պատասխանը:
-Այո՛, ունեմ, Հովիկ Աբրահամյանը վախենում է, որ եթե հրաժարական տա, գնա, իրեն այլեւս հետ չեն բերի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
65 ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՀԱՅՑԸ

2015թ. օգոստոսի 31-ին Երեւան քաղաքի Բագրատունյաց 81 հասցեում գործող «Անթեղ» ՍՊԸ-ի շինարարարները բողոքի ակցիա էին իրականացրել` դժգոհելով, որ ընկերությունը զբաղվում է շինարարական աշխատանքներով, հիմնականում էլիտար շենքերի կառուցմամբ, սակայն չի վճարում աշխատավարձերը:
Ավելին՝ աշխատակիցները հայտնել էին. «Եթե բախտ է վիճակվում ՍՊԸ-ի տնօրեն Գեղամ Պետրոսյանին հանդիպել, անգիր արած նույն հում խոսքն ա կրկնում՝ ուրբաթ օրը կլինի, ու տենց մի քանի ուրբաթներով արդեն ամիսներ են, որ աշխատավարձները չի տալիս: Երբ գործի էին ընդունում, մեզ ասում էին, թե մեր խոսքը տղամարդու խոսք է՝ ցեմենտ-բիտոնի նման, աշխատավարձն էլ կանոնավոր կստանանք, սակայն ստացվեց, որ դրանց խոսքը ցեխաջուր էլ չի»:
Երբ լրատվամիջոցները շինարարների բողոքի մասով զրուցել էին ՍՊԸ-ի տնօրինության հետ, վերջիններս ասել էին, թե ինչ-որ խնդիրներ են ունեցել մատակարար ընկերությունների հետ եւ խոստացել էին, որ 15 օրվա ընթացքում բոլոր աշխատակիցներն իրենց աշխատավարձերը կստանան: Իսկ ինչ ընկերության հետ էր խնդիր ունեցել «Անթեղ» ՍՊԸ, որի արդյունքում չէր կարողացել վճարել իր աշխատակիցների աշխատավարձը, հայտնի չէր:
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նույն ժամանակահատվածում, երբ «Անթեղ» ՍՊԸ-ի աշխատակիցները բողոքի ձայն են բարձրացրել եւ պահանջել են իրենց աշխատավարձը, ՍՊԸ-ի տնօրինությունը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ կարգադրության վարույթ հարուցվի «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի նկատմամբ եւ վերջինիցս գանձվի 65 միլիոն դրամ: Այս գործը նախագահող դատավորը եղել է Հայարփի Զարգարյանը, որն էլ սեպտեմբերի 10-ին վճիռ է կայացրել, որպեսզի «Մուլտի գրուպ» կոնցեռնին պարտադրի վճարել «Անթեղ» ՍՊԸ-ի 65 միլիոն դրամը:
«Ժողովուրդ»-ը փորձեց «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանից պարզել, թե ինչ 65 միլիոն դրամի մասին է խոսքը, եւ, առհասարակ, արդյո՞ք ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունը կատարել է դատարանի կայացրած որոշումը: Ի պատասխան մեր հարցման՝ Սեդրակ Առուստամյանն ասաց. «Առհասարակ, այսօրվա դրությամբ մենք ոչ մեկի պարտք-պահանջ չունենք»:
Ըստ ամենայնի, երբ առաջին ատյանի դատարանը կայացրել է որոշումը, ըստ որի՝ ԲՀԿ նախկին առաջնորդի ընկերությունը պետք է ՍՊԸ-ին գումար վճարի, վերջիններս վճարումը կատարել են, եւ «Անթեղ» ՍՊԸ-ի տնօրինությունը կարողացել է վճարել իր աշխատակիցների աշխատավարձը, քանի որ շինարարները հայտարարել էին՝ եթե իրենց աշխատավարձը չվճարեն, իրենք կդիմեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Եւ որպեսզի բանն այդտեղ չհասնի, գումարը մարել, վերջացրել են:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ, ՈՐ ԻՆՉ ԱՆԵՆ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը երեկ հանդիպել է քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հետ։ Դեսպանը 132 հազար դոլար արժողությամբ սարքավորումներ եւ համակարգչային ծրագիր է նվիրաբերել կոմիտեին։ «Այս նվիրաբերությունը, որը ներառում է 72 սկաներ, 4 համակարգիչ, 4 CISCO ցանցային սարք եւ Acrobat Adobe Pro ծրագրի լիցենզիաներ, կօգնի ստեղծել քրեական գործերի վարման նոր համակարգ Հայաստանում՝ թույլ տալով թվայնացնել քրեական գործերը եւ նպաստել քննչական գործողությունների արդյունավետությանը», – ասված է կոմիտեի տարածած հաղորդագրությունում: Նշենք, որ բացի այդ` ԱՄՆ կառավարությունը Հայաստանում իրավապահ մարմիններին եւ արդարադատության համակարգին աջակցելու նպատակով տարեկան տրամադրում է մոտավորապես 1.5 միլիոն դոլար:

 

ԲԱՎԱՐԱՐԵՑ
Սահմանադրական դատարանը երեկ բավարարել է իրավաբաններ Արտակ Զեյնալյանի եւ Արա Ղազարյանի դիմումը՝ կապված լրատվամիջոցների կողմից աղբյուրի բացահայտման թույլատրելիության հարցի հետ։ Սահմանադրական դատարանը իր որոշմամբ հստակ ամրագել է այն երեք դեպքերը, երբ պետք է հրապարակել տեղեկատվության աղբյուրը։ Իրավաբանների խոսքով՝ այս որոշումը նախադեպային է դառնալու:

 

ՎԵՐՋԱՊԵՍ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամները 2015 թ. հոկտեմբերի 21-ին, ժամը 13:00-ին, Երեւանի «Էլիտ պլազա» հյուրանոցում (Մովսես Խորենացի 15, 2-րդ հարկ) ներկայացնելու են ճակատի ծրագիրը:




Լրահոս