ԱՅԴ ԻՆՉՈ՞Ւ ՊԻՏԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԱԽԱԳԱՀԻՑ ԼԱՎ ԱՇԽԱՏԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրության փոփոխության միջոցով հանրապետության նախագահի լիազորությունների գերակշիռ մասը փաստացիորեն անցնում է վարչապետին: Վերջինս թեեւ դառնում է պետության առաջին դեմքը, բայց շարունակում է զգալիորեն հաշվետու լինել խորհրդարանական մեծամասնությանն ու առանցքային նշանակումներում կախվածություն ունենալ նախագահից: Այդ ամենով հանդերձ, սակայն, նոր Սահմանադրության նախագծի հեղինակներն այդպես էլ հիմնավոր պարզաբանում չեն ներկայացնում առ այն, թե ինչպես է ներկայիս իրավիճակը դրականորեն փոփոխվելու, երբ նախագահի պարտականությունների մեծ մասը փոխանցվի վարչապետին: Ի վերջո, Սահմանադրությունը կարգավորում է կառավարման համակարգը, սակայն դրա` աշխատանքի որակի վրա ազդեցությունը առ ոչինչ է: Դա ակնհայտ է դառնում գործող եւ առաջարկվող Սահմանադրությունների նույնիսկ մակերեսային համադրման պարագայում:

Այսպես, ՀՀ գործող Սահմանադրությունը 85-րդ հոդվածով Կառավարության իրավասության ներքո է գտնվում միայն ներքին քաղաքականության մշակումը, իսկ, ահա, 87-րդ հոդվածով վարչապետը, ղեկավարելով Կառավարության գործունեությունն ու համակարգելով նախարարների աշխատանքը, ընդունում է Կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով որոշումներ: Հանձնաժողովի մշակած նոր տարբերակում վարչապետի եւ Կառավարության անդամների իրավասությունների հարցը պարզաբանվում է 152-րդ հոդվածում. «Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը եւ համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը: Վարչապետը կարող է Կառավարության անդամներին կոնկրետ հարցերով հանձնարարականներ տալ: Վարչապետը գլխավորում է անվտանգության խորհուրդը, որի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանվում է օրենքով»:
Ակնհայտ է, որ նոր Սահմանադրությամբ Կառավարության ղեկավարը ստացել է նախագահից լիովին անկախ գործելու իրավասություն, քանզի նրա հայեցողությանն է թողնվում Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունների մշակումը: Ավելին` նրան է ենթարկվելու անվտանգության խորհուրդը: Սակայն աշխատանքի արդյունավետության հիմնահարցի քննությունը ստիպում է պատասխանել մեկ հարցի` այդ ի՞նչ նոր կառավարման փիլիսոփայություն է ներմուծելու ՀՀԿ-ական վարչապետը, որում այսօր թերանում է ՀՀԿ-ական նախագահը: Մի՞թե անվտանգության խորհրդի ղեկավարումը նախագահի վերահսկողությունից վարչապետի լիազորությունների դաշտ տեղափոխելը լուծելու է ՀՀ անվտանգության հիմնախնդիրները: Այս տարիների ընթացքում հանրությունը երկու անգամ է լոկ ուշադրություն դարձրել անվտանգության խորհրդի գործունեությանը: Առաջինը, երբ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը 2008թ. մարտի 1-ի նախօրեին նշանակվեց այդ կառույցի քարտուղար եւ այս տարվա փետրվարի 12-ին, երբ Սերժ Սարգսյանը խորհրդի կազմից հեռացրեց Գագիկ Ծառուկյանին: Այսինքն` նախագահի ղեկավարությամբ գործող անվտանգության խորհուրդը մինչ այս ի՞նչ չի արել, որ վարչապետի գլխավորությամբ անելու է: Լուծվելու է արդյո՞ք Հայաստանի էներգետիկ անվտանգության ու անկախության հարցը, Ադրբեջանն այլեւս չի՞ գնդակոծելու ՀՀ տարածքը, Թուրքիան այսուհետ չի՞ խախտելու ՀՀ օդային սահմանը: Հաստատապես` ոչ: Ստացվում է, որ Հայաստանում այսօր հաստատված քաղաքական համակարգի արատավոր երեւույթները վերացնելու ճանապարհը չեն կարող լինել իրավական փոփոխությունները: Եթե բժշկական եզրաբանությանն անցնենք, անհնար է քաղցկեղը բուժել գրիպի դեմ նախատեսված դեղերով: Նույն տրամաբանությունն է գործում նաեւ այս հարթությունում:
Առաջարկվող Սահմանադրության 152-րդ հոդվածի երրորդ կետով էլ սահմանվում է, որ յուրաքանչյուր նախարար ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը: Անշուշտ, գործող Սահմանադրության մեջ նման դրույթ չկա, բայց մի՞թե այս դրույթի առկայությունն է լինելու այն պարտադիր պայմանը, որ նախարարները չհանդուրժեն այլոց ապօրինի հրահանգները եւ իրենց ղեկավարած ոլորտում հրատապ դարձած փոփոխություններ անեն: Ի վերջո, այս դրույթը չի կարող կանխել, որ ՀՀԿ առաջնորդի ցանկությունը որեւէ նախարարությունում իրականություն դառնա: Ինչպես է հնարավոր այս արատավոր համակարգի պայմաններում, որ Սերժ Սարգսյանը, պաշտոն չունենալով հանդերձ, օրինակ, ֆինանսների նախարարության գործունեությանը որեւէ կերպ միջամտելիս լուրջ դիմադրության հանդիպի: Այսօր բոլոր նախարարությունների եւ Կառավարությանն առընթեր մարմինների աշխատանքը հսկվում է ամենաբարձր հարթակից, իսկ այդ մարմինների ղեկավարները լոկ հանդես են գալիս ժամանակավոր պաշտոնակատարների դերում:
Հայաստանում այսօր ծաղկող օլիգարխիկ հարաբերությունների պայմաններում ոչ մի նախարար չի կարող ընդդիմանալ, երբ Սարգսյանի մերձավոր շրջապատը ցանկանա իր օգտին ծառայեցնել տվյալ բնագավառը: Ուստի ի՞նչ տարբերություն` արհամարհվում է ներկա Սահմանադրության նորմը, թե Գագիկ Հարությունյանի ղեկավարած հանձնաժողովի առաջարկած եւ դեկտեմբերի 6-ին 100-ից 100 «խփված» Սահմանադրության դրույթը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՑԱՆԿԸ ՆՈՒՅՆՆ Է, ՀԱՐԿՄԱՆ ՁԵՎՆ Է ՓՈԽՎՈՒՄ
«Ժողովուրդ»-ը հոկտեմբերի 10-ի իր համարում անդրադարձել էր «Արտոնագրային վճարների մասին» նոր օրենքի նախագծին: Այդ փաստաթուղթը մշակել է ՀՀ կառավարության աշխատակազմի օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը, որտեղից «ժողովուրդ»-ին ուղարկել են հետեւյալ պարզաբանումը.
«Հոկտեմբերի 10-ի «Ժողովուրդ» թերթի «Որոշել են հարկել նաեւ թամադաներին, կոշկակարներին, դերձակներին» հրապարակմանն արձանագրում ենք, որ ձեւակերպումը, թե «Ներկայում մի շարք ոլորտներ գործող տնտեսվարողները արտոնագրային վճարներ են մուծում: Սակայն այս նոր օրենսդրական փաթեթի առանձնահատկությունն այն է, որ դրանով արտոնագրային վճարներ են նախատեսվում նաեւ կոշկակարների, դերձակների, գլխարկագործների, գորգագործների … համար», չի համապատասխանում իրականությանը: Նոր օրենքը փոխարինելու է դեռեւս 2011թ.-ից գործող «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքին, որտեղ արդեն սահմանված են արտոնագրային վճարներով հարկման ենթակա գործունեության տեսակները եւ վճարների ամսական չափերը: Այս ցանկում որեւէ փոփոխություն տեղի չի ունենա: Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է վերոնշյալ պետական հարկը՝ արտոնագրային վճարը դարձնել տեղական հարկ, իսկ վերոնշյալ գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց համար հանել հարկային հաշվառման պահանջը: Այսօր գործող օրենսդրությամբ արտոնագիրը հնարավոր է ձեռք բերել տարվա ընթացքում ընտրված մեկ կամ մի քանի ամիսների համար: Նպատակ ունենալով թեթեւացնել վարչարարությունը եւ ֆինանսական բեռը՝ առաջարկվել է արտոնագրային վճարներ վճարողի ցանկությամբ արտոնագիրը տրամադրել նաեւ մեկից հինգ տարի ժամկետով եւ մինչեւ 50 տոկոս զեղչային համակարգ կիրառել: Այս փոփոխության շնորհիվ անձը ոչ միայն գումարներ կխնայի երկարաժամկետ արտոնագիր ձեռք բերելիս, այլ նաեւ կազատվի լրավճար կատարելու պարտականությունից, եթե արտոնագիրը ստանալուց հետո օրենսդրական փոփոխությունների արդյունքում արտոնագրային հարկի չափն ավելանա: Ավելին՝ Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է, որ օրենքով սահմանված ամսական վճարները համարվելու են վերին շեմ, եւ ՏԻՄ-երը վճարի չափը նվազեցնելու հնարավորություն են ունենալու: Վերոշարադրյալը եւս մեկ անգամ ապացուցում է, որ օրենսդրական փոփոխությունը կատարվում է հօգուտ ՏԻՄ-երում փոքր բիզնեսի զարգացման, դրանով զբաղվողների պաշտպանվածության ապահովման եւ հարկային բեռի թեթեւացման»:
Այն, որ գործող օրենքին կից հավելվածում բոլոր արհեստները նշված են, այդպես է: Սակայն խնդիրն այն է, որ հարկային ծառայությունները արհեստավորների գործունեությանը «խոչընդոտել» չէին կարող, եւ այդ մարդիկ մինչ օրս կարող են իրենց տանն աշխատել եւ իրենց հացի խնդիրը լուծել: Սակայն ՀՀ կառավարությանը այդ միտքը հանգիստ չի տվել եւ երկար-բարակ մտածելուց հետո լուծումը գտել են` արտոնագրային վճարը տեղական տուրք դարձնելու տարբերակով: Ի տարբերություն հարկայինի աշխատակիցների, որոնք չեն կարող իմանալ՝ գյուղի կոշկակարը տանը գործ անո՞ւմ է, թե՞ ոչ, գյուղապետը հաստատ կիմանա եւ գումարը կգանձի: Օրենսդրական նախաձեռնության նպատակը հենց սա է: Որ ոչ ոք չպլստա:




Լրահոս