ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանակարն արվել է Գեղարքունիքի մարզում

Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Գեղարքունիքի մարզ եւ մասնակցել կարտոֆիլի բերքահավաքին: Վերջում ավանդական փուռն են դրել ու վայելում են կարտոֆիլի բերքը:

 

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ Հայաստանի Հանրապետությունում արդյո՞ք կնքվում է ամուսնության պայմանագիր:

Ռիմա Գրիգորյան (37 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Գրիգորյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի» 27-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնական պայմանագիրը ամուսնացող անձանց համաձայնությունն է կամ ամուսինների համաձայնությունը, որով որոշվում են ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականությունները ամուսնության եւ (կամ) այն լուծվելու ընթացքում:
Նույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես մինչեւ ամուսնության պետական գրանցումը, այնպես էլ ամուսնության ցանկացած ժամանակահատվածում: Ամուսնության պետական գրանցումից առաջ կնքված ամուսնական պայմանագիրն ուժի մեջ է մտնում ամուսնության պետական գրանցման պահից: Տեղեկացնում ենք, որ ամուսնական պայմանագիրը կնքվում է գրավոր եւ ենթակա է նոտարական վավերացման:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, տեղեկացնենք, որ գործում են որոշակի բացառություններ, երբ արգելվում է ամուսնական պայմանագիր կնքելը, եթե, օրինակ, ամուսիններից որեւէ մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ, կամ նրանցից որեւէ մեկին դատարանը ճանաչել է անգործունակ:

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե անձն ունի ԱՁ եւ պետք է անցնի երեխայի խնամքի արձակուրդի, ապա ի՞նչ պետք է անի նա: Պետք է ժամանակավոր դադարեցո՞ւմ լինի, թե՞ ընդհանրապես փակվի, ինչքան ժամանակով պետք է դադարեցվի: Խնդրում եմ մի փոքր մանրամասնել տվյալ գործընթացի կարգը:

Տաթեւ Կարապետյան (27 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացի Տաթեւ Կարապետյանի դիմումին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածով սահմանված աշխատողին տրամադրվող նպատակային արձակուրդի տեսակ է: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ անհատ ձեռնարկատերն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն եւ աշխատող չի համարվում:
Օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողը օրենսգրքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք՝ ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ
զբաղվածության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ պետական գրանցման վկայականը ժամանակավոր լիազորված մարմնին հանձնած եւ այդ ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած անհատ ձեռնարկատերը նվազագույն սոցիալական վճարներ չի կատարում՝ վկայականը հանձնելուն հաջորդող ամսվանից մինչեւ վկայականը հետ ստանալու ամիսն ընկած ժամանակահատվածի համար: Ավելացնենք, որ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի, ունեն հղիության եւ ծննդաբերության նպաստի իրավունք:




Լրահոս