ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 16-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 22-ամյա Կարեն Կարապետյանը որսորդական հրացանով դուրս է եկել տնից, գնացել գյուղի հարակից անտառ ու անհետացել: Մարտի 17-ին տղայի որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել եւ ժամանակավորապես դադարեցվել են:
Ըստ shamshyan.com-ի` մարտի 17-ի երեկոյան գյուղացիները փրկարարների եւ Գավառի ոստիկանների հետ երկու անգամ հայտնաբերել են տղային, որը որսորդական հրացանով է եղել, սակայն երկու անգամ էլ Կարենը դիմել է փախուստի:
Գյուղում բոլորն անակնկալի են եկել, թե ինչու է երիտասարդն իրեն տարօրինակ պահում, եւ ինչը կարող է հրացանով տնից փախչելու պատճառ լինել:
Տեղեկացնենք, որ Երեւանի բժշկական համալսարանի ուսանող Կարեն Կարապետյանը Գեղարքունիքի մարզի Գավառի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Աշոտ Կարապետյանի որդին է եւ Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի քրոջ տղան:
Այս առիթով «Ժողովուրդ»-ն այցելեց Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան: Ուսանողներից շատերը գիտեին այդ մասին, սակայն նշեցին, թե անձամբ չեն ճանաչում Կարենին:
Համալսարանի ուսանողներից մեկը (ուսանողների անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում) զանգահարեց Նորատուս գյուղի իր ընկերոջը` Գուրգենին, եւ հետաքրքրվեց, թե նա Կարենին ճանաչում է: Նրա հետ մի քանի րոպե խոսելուց հետո տեղեկացրեց մեզ, որ իր ընկեր Գուրգենը ճանաչում  է Կարենին, սակայն  չի կարող օգնել ոչ մի բանով, քանի որ բոլորն ընկած նրան են փնտրում եւ չգիտեն, թե որտեղ կարող է լինել:
Տեղեկացանք նաեւ, որ Կարենը ընդհանուր բժշկության ֆակուլտետի նախկին ուսանող է: Ուսանողներից շատերը, որոնք անձամբ ճանաչում էին նրան, նշեցին, որ նա նորմալ տղա է, եւ ոչ մի տարօրինակ բան չեն նկատել նրա մոտ: «Գիտեմ իրեն, բայց չեմ տեսել այն օրվանից, երբ համալսարանից դուրս մնաց ու, ինչքան գիտեմ, բացակայել էր, դրա համար դուրս հանեցին: Նորմալ տղա է, ու էլ ոչինչ չգիտեմ»,-ասաց ուսանողներից մեկը:
Փորձեցինք զրուցել ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկանի հետ, սակայն համալսարանի քարտուղար Վիկտորյա Անիկինան ասաց, որ դեկանն այդ պահին դասի է եւ չի կարող խոսել մեզ հետ:
Ավելի ուշ քարտուղարը հաստատեց, որ Կարեն Կարապետյանը համալսարանի ուսանող է եղել, սակայն 2012-2013թթ. ընթացքում մի շարք անհարգելի բացակայությունների պատճառով համալսարանից դուրս է մնացել: Հարցին, թե ուսանողի մոտ տարօրինակություններ չեն նկատել այդ ընթացքում, նա այսպես պատասխանեց. «Դեկանը նրան տեսել է ընդամենը երկու ամիս եւ այդ ընթացքում դժվար թե կարողանար ինչ-որ կարծիք կազմել»:
Զրուցեցինք Նորատուսի համայնքապետ Մուրադ Հարությունյանի հետ: Վերջինս Կարենի քեռին է: Գյուղապետը բավական անտրամադիր էր եւ հրաժարվեց խոսել: «Ես հիմա ոչինչ ասել չեմ կարող»,-ընդամենն ասաց նա եւ անջատեց հեռախոսը:
Քարտուղարությունից պարզեցինք նաեւ, որ Կարենի հայրը` Գավառի բժշկական կետրոնի գլխավոր բժիշկ Աշոտ Կարապետյանը, աշխատանքի չի եկել. «Բժիշկն այսօր աշխատանքի չի եկել, եւ չգիտենք` կգա, թե ոչ: Միգուցե տղայի հետ է կապված, չգիտեմ, չեմ կարող ասել»:
«Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ այս դեպքի առնչությամբ նախաքննությունը շարունակվում է:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս