ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԳԱՂՏՆԻՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արդեն 9-րդ օրն է, ինչ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է հացադուլի մեջ: Երեւանցիներն ամեն առավոտ տեսնում են, թե ինչպես  է Ր. Հովհաննիսյանն իր թիմակիցների հետ Օպերայի շենքի տարածքում վազում: Շատերի համար անհասկանալի է, թե ինչպես է 9 օր հացադուլի մեջ գտնվող Ր. Հովհաննիսյանը կարողանում այդքան մեծ էներգիա կուտակել:
ՀԱՐՑ. Կասե՞ք, թե Րաֆֆի Հովհաննիսյանի մեծ էներգիայի գաղտնիքը որն է: 
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե մարդը առողջ է ու ճիշտ ապրելակերպ է վարում եւ, առհասարակ, ճիշտ է սնվում, ապա օրգանիզմն առողջ է լինում, ու, բնական է, նա էներգիայով լի մարդ է լինում: Իսկ հացադուլ անող մարդկանց դեպքում ես չեմ կարող պատկերացնել, թե որտեղից նրանց այդպիսի էներգիա: Մեր մարզաձեւում, քանի որ քաշ գցելու հարց կա, էներգիայի կորուստ է տեղի ունենում: Բժիշկները կարող են ավելի լավ պատասխանել այդ հարցին: Սպորտով զբաղվող մարդն էներգիայի կորուստ է ունենում, այլ ոչ թե առույգանում է, չի կարող պատահել հակառակը: Թե ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ այդ ամենը ստացվում, չեմ կարող ասել, երեւի նա գաղտնիքներ ունի, եւ ես չեմ կարող պատասխանել: Հավանաբար նա գենետիկորեն մեծ ուժ ունի, իսկ այդ ուժը բացառիկ մարդիկ ունեն:
ԼԵՎՈՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ
Հունահռոմեական ըմբշամարտի 
Հայաստանի ազգային հավաքականի 
գլխավոր մարզիչ
ՊԱՏԱՍԽԱՆ. Պետք է բոլորս ընդունենք, եւ ես կարող եմ վավերացնել, որ հացադուլը հոգեբանորեն որոշակի վիճակ է ենթադրում, ու մարդու համար դա այն դրությունն է, երբ մարդը հոգեւոր էներգիան է թելադրում իր ֆիզիկական էներգիային: Ինչպես տեսնում եմ, Րաֆֆի Հովհաննիսյանն ունի պինդ կամք, եւ դա է նրա գաղտնիքը, ու այդ ամենը իր հոգեւոր վիճակի արդյունքն է: Ես հնարավոր եմ համարում, որ մարդը կարող է լինել հացադուլի մեջ եւ էներգիայով լի, սակայն պետք է ասեմ, որ Ր. Հովհաննիսյանն իր առողջությունը վտանգի տակ է դնում, եւ այստեղ անհնարինության որեւէ խնդիր չկա: 
ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ
նախագահի նախկին թեկնածու 
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս