Երեկ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում արտակարգ դեպք էր տեղի ունեցել: Նույն համայնքի 80-ամյա բնակիչ Լիդա Հայրումյանն առավոտյան իր սեփական անասնագոմում սատկած վիճակում հայտնաբերել էր 12 խոշոր եղջերավոր անասուններին:
Գյուղապետի եւ գյուղի անասնաբույժի այցից հետո պարզվել է, որ անասունները էլեկտրահարումից են սատկել: Տեղեկացնենք, որ Հայրումյանների անասնագոմի վրայով էլեկտրական լարեր են անցնում, իսկ նախօրեին տեղի ունեցած ուժգին քամու հետեւանքով էլեկտրական լարերը կպել են անասնագոմի երկաթե տանիքին, եւ անասուններն էլեկտրահարվել ու սատկել են: Նշենք, որ սատկած անասունների մսից նմուշներ են տարվել հետազոտելու, որպեսզի պարզեն, թե ինչու են սատկել: Փորձանմուշների պատասխանները կլինեն 5 օրից:
Ուրցաձորի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ Հայրումյանների ընտանիքը սոցիալապես անապահով պայմաններում է ապրում: Նրանց եկամտի միակ աղբյուրը խոշոր եղջերավոր անասուններն են: Գյուղապետի պատմելով՝ 90-ամյա Լիդա Հայրումյանը միայնակ է մնում, իսկ որդին՝ Հովիկ Հայրումյանը, միայն ձմռանն է մոր հետ ապրում: «Տեսնենք, թե ինչ կարող ենք անել այս ընտանիքի համար: Չնայած բոլոր գյուղացիներն էլ անապահով են: Ո՞վ կպատկերացներ, որ նման բան կլիներ: Լավ է, որ ժամանակին գլուխները կտրել են, գոնե կարողանան վաճառել: Ախր էս քամին ուժգին է եղել, հետո ձյուն է եկել էլեկտրական լարերի վրա, հավանաբար ձյան ծանրությունից իրար են կպել, ու այդպես է եղել: Մի բան պետք է անենք, որ օգնենք մարդկանց»,-բացատրեց Անդրեասյանը:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Հովիկ Հայրումյանի հետ՝ պարզելու՝ փոխհատուցում իրենց ընտանիքին տրվելու է, թե ոչ: «Ո՞վ պետք է փոխհատուցում տա, ո՞ւմ վրա հույս դնենք, ո՛չ երկիր կա, ո՛չ էլ նորմալ պետություն: Դա հերիք չէ, հիմա էլ ասում են, որ էլեկտրահարվածի միսը չեն օգտագործում: Միայն ասել են, որ կարող ենք այդ միսը տանել ու վաճառել կենդանաբանական այգուն: Այնտեղ էլ մեկ կիլոգրամ միսն արժե 400 դրամ: Էդ միսն ավելի լավ է տանեմ վառեմ, քան թե հասցնեմ Երեւան: Ստացած փողով էլ պետք է ճանապարհի ծախսերը փակեմ: Չգիտեմ, թե ինչ անեմ: Մի քանի հատ անասուն մնացել է: Եկան նայեցին ու գնացին, թե երբ պետք է օգնեն կամ ինչով կօգնեն, չգիտեմ»,-դժգոհեց Հովիկը: Նա նաեւ նշեց, որ այս պահին ոչ ոքի չի մեղադրում. «Չգիտեմ, չեմ կարող ասել, թե ով է այս հարցում մեղավոր: Հիմա փորձաքննություն է ընթանում: Տեսնենք, թե ինչ կպարզվի»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ