Մարտի 15-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է «Խաչաղբյուր-2» փոքր հէկ-ի հետ կապված քննարկում, որը վարել է բնապահպանության նախարարը: Փորձագետները ներկայացրել են փհէկ-ի բնագիտական փորձաքննության եզրակացությունը: Գետահովտի գյուղապետ Արթուր Ղազարյանը հայտնեց, որ վերջնական եզրակացությունը կներկայացվի 20 օրից: Այդ ընթացքում կճշտվեն մի քանի հարցեր, այդ թվում՝ հէկ-ի շինարարության գոտում գտնվող արջատխլենու պուրակն արդյոք ունի արգելավայրի կարգավիճակ, իսկ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից կճշտվեն «Իջեւան» արգելավայրի սահմանները: Գյուղապետը կողմ է փհէկ-ի շինարարությանը, քանզի դրա սեփականատերերը ստացած շահույթից տարեկան 6 միլիոն դրամ են փոխանցելու համայնքի բյուջե: Բացի այդ, փհէկ-ի սեփականատեր «Մեգաէներջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ամեն տարի 20 հազար հատ կարմրախայտ է լցնելու գետը, հիմնելու է կաթի ընդունման կետ, գիշերային լուսավորություն է անցկացնելու, որը լինելու է առանց լարի` արեւային էներգիայով սնվող: Իրենք կանդրադառնան նաեւ այն հարցին, թե ինչու գործող «Խաչաղբյուր-1» փհէկ-ի շահույթներից համայնքին մասհանումներ չեն կատարվում: 2012թ. աշնանը Գետահովտի բնակիչների բողոքի արդյունքում դադարեցվեց փհէկ-ի շինարարությունը: 2012թ. դեկտեմբերին Գետահովտի բնակիչները դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ առանց շինարարական թույլտվության փհէկ-ի կառուցման ժամանակ բնությանը պատճառված վնասի համար քրեական գործ հարուցելու համար: Այդ դիմումը ուղարկվել է Տավուշի մարզի դատախազություն, այնտեղից՝ ոստիկանության Իջեւանի բաժին: Բաժնի պետ Ա. Եգանյանն Իջեւանի հակակոռուպցիոն կենտրոնին հայտնել է, որ այդ առնչությամբ նյութեր են նախապատրաստվել, սպասում են ՀՀ բնապահպանության նախարարության մասնագիտական եզրակացությանը, որից հետո կորոշվի՝ քրեական գործ հարուցել, թե ոչ:
Նախարարի մոտ քննարկման ժամանակ նշվել է, որ 2012թ. դեկտեմբերի 6-ին Գետահովտում կայացած հանրային լսման ժամանակ գյուղի բնակիչները, բացի գյուղապետից, դեմ էին փհէկ-ի կառուցմանը, դրա դեմ բողոքող 1022 գետահովիտցիներ բողոքի նամակ էին ուղարկել ՀՀ նախագահին: Համայնքապետն ասել է, որ գյուղի բնակչության մեծամասնությունը, ավագանու 7 անդամներից 5-ը կողմ են «Խաչաղբյուր-2»-ի կառուցմանը: Ակնհայտ է, որ անցած 3 ամսում «Մեգաէներջի»-ի ղեկավարության կողմից Գետահովտում ծրագրեր իրականացնելու խոստումներն ազդեցություն են ունեցել: Հավելենք, որ նախընտրական այցի ընթացքում Սերժ Սարգսյանը Իջեւան քաղաքում խոսեց նաեւ մարզի էներգետիկ ռեսուրսներն օգտագործելու անհրաժեշտության մասին, ինչից քաղաքի եւ հարակից Գետահովտի բնակիչները ենթադրեցին, որ «Խաչաղբյուր-2» փհէկ-ի շինարարությունը շարունակվելու է:
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ