Տնտեսավարողներին ներկայացվել են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ և Համաշխարհային բանկի «Սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 24-25-ին Երևանում տեղի է ունեցել սեմինար-քննարկում` «ԵԱՏՄ համագործակցության խնդիրները սննդամթերքի անվտանգության ոլորտում» թեմայով:

Հայաստանում այսօր զուգահեռաբար են գործում ազգային օրենսդրությունը և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը, իսկ 2016 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետությունում գործելու են միայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այս համատեքստում կարևոր է համարում, որ տնտեսավարողները և այլ շահառու անձինք մինչ փոփոխություններն իրազեկ ու պատրաստ լինեն նոր ընթացակարգերին, ինչին և ուղղված էր հրավիրված համաժողովը:

Տեխնիկական կանոնակարգերի և դրանից բխող փոփոխությունների վերաբերյալ համաժողովին ելույթ ունեցան Ծառայության պաշտոնյաներ, ինչպես նաև դասախոսներ և տնտեսագետներ: Նրանք ներկայացրին ԵԱՏՄ երկրների սննդամթերքի անվտանգության փաստաթղթաշրջանառությանն առնչվող վերջին զարգացումների մասին տեղեկություններ, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի ու բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների արտահանման և ներմուծման ընթացակարգերը, այդ թվում և ռեեստրների մեջ ընդգրկվելու կարգը:

Համաժողովի օրակարգային հարցերից էին նաև ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո անդամ երկրների օրենսդրական դաշտերի համապաստախանեցման ուղղությամբ արվող քայլերը` սննդամթերքի անվտանգության բնագավառում: Նշվեց, որ ներդրվել են վերահսկողական նոր կառուցակարգեր, ծառայությունների մատուցման նոր ինստիտուտներ: Հատուկ ընդգծվեց, որ սնունդ արտադրող եւ արտահանող տնտեսվարողների համար հիմա էլ թե’ Հայաստանում, թե’ Ռուսաստանում գործում են վերահսկողական գրեթե նույն գործառույթներն ու չափանիշները:

Մասնակիցների գնահատմամբ՝ համաժողովն օգտակար էր սննդամթերքի անվտանգության ոլորտում ԵԱՏՄ համագործակցության խնդիրների վերաբերյալ շահառուների իրազեկվածության բարձրացման առումով:




Լրահոս