ՀԱՐՑ. Ընտանիքս 1 տարի անընդմեջ ստացել է նպաստ, բայց հիմա կտրել են: Պատճառաբանում են, թե մեծ աղջիկս արդեն 18 տարեկան է, բայց ասեմ, որ նա դեռ դպրոցական է: Ունեմ 1 անչափահաս աղջիկ եւս: Ընտանիքում միայն ես եմ աշխատում, ամուսինս մահացել է: Խնդրում եմ ասել, թե ինչ անեմ, որպեսզի նպաստս վերականգնվի:
Եղեգնուհի Նիկալայան
(ք. Ջերմուկ, Ձախափնյակ 43/18)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող ցուցանիշներն ունեն թվային արժեքներ եւ գործակիցներ: Հաշվարկման մեխանիզմը սահմանված է ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2317-Ն որոշմամբ հաստատված` «Ընտանիքների անապահովության գնահատման կարգ»-ով, որի 7-րդ կետի համաձայն` 5 տարեկանից մինչեւ 18 տարեկան երեխային (ծածկագիրը` Ա66) տրվում է 33 միավոր, իսկ որեւէ սոցիալական խումբ չունեցող անդամին՝ 18 միավոր:
Ելնելով վերոգրյալից` 2013թ. հունվար ամսին Ե. Նիկալայանի դստեր` Վարսենիկ Նիկալայանի 18 տարին լրանալու կապակցությամբ ընտանիքի անապահովության աստիճանը գնահատող միավորը 31.46-ից իջել է եւ կազմել 27.06, որը ցածր է ՀՀ կառավարության 2013թ. հունվարի 10-ի N 1-Ն որոշմամբ հաստատված սահմանային մեծության 30.00 միավորից, որի հետեւանքով ընտանիքը փետրվար ամսից կորցրել է նպաստի իրավունքը:
Ե. Նիկալայանը կարող է դիմել սոցիալական ծառայությունների Ջերմուկի տարածքային բաժին` հրատապ օգնության ցուցակներում ընդգրկվելու համար:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության սոցիալական
աջակցության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մենք էլ ենք նույնը խորհուրդ տալիս Ե. Նիկալայանին` հույսով, որ վերջինիս կընդգրկեն հրատապ ցուցակում, ու գումարը ստանալիս որոշակիորեն կթեթեւանան նրա հոգսերը: