2012թ. նոյեմբերի 21-ին «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ կրակելու առիթով հարուցված քրեական գործը դեռեւս նախաքննության փուլում է: Հիշեցնենք, որ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել էր լուրը: Այնուհետեւ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ կրակողը՝ Էջմիածնի բնակիչ Աշոտ Կարապետյանը, հայտնաբերվել է, նրան ձերբակալել են, եւ հարուցվել է քրեական գործ: Դեպքից 4 ամիս է անցել, բայց որեւէ առաջընթաց չկա: «Ժողովուրդ»-ը զրուցեց ՊՊԾ պետ Հրաչյա Հարությունյանի հետ՝ պարզելու, թե արդյոք ինքը գոհ է գործի ընթացքից: «Ճիշտն ասած, ես տեղյակ չեմ, չեմ հետաքրքրվել, բայց կարծում եմ, որ այդ գործը լրիվ բացահայտված է: Որեւէ չբացահայտված բան չի մնացել: Ոստիկանությունը նորմալ աշխատում է, շատ օպերատիվ արձագանքել է, եւ բռնել են կրակողին: Այդտեղ այլեւս որեւէ խնդիր չկա»,-նշեց նա:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ