Չնայած այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանը շատ է սիրում խոսել իր օրոք հաստատված աննախադեպ խոսքի ազատությունից, իշխանությունների թափանցիկ գործելաոճից եւ այլն, իր պաշտոնավարման արդեն 5 տարիների ընթացքում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը հրավիրել է ընդամենը երկու մամուլի ասուլիս, որոնցից վերջինը` նախօրեին հրավիրածը, աննախադեպ էր: Նշենք, որ այդ ասուլիսը կայացել է մարտի 18-ին, սակայն ՀՀ քաղաքացիները Ս. Սարգսյանի խոսքը լսելու հնարավորություն ունեցան միայն 24 ժամ անց` հաջորդ օրվա երեկոյան: Նման բան ՀՀ պատմության մեջ երբեւէ չէր եղել: Այն էլ` ներկայիս տեխնոլոգիական հնարավորությունների պայմաններում, երբ անգամ չորրորդական պաշտոնյայի ասուլիսները հեռուստաընկերություններն ու համացանցային ալիքները հեռարձակում են, եթե ոչ ուղիղ, ապա շատ արագ` ասուլիսից հաշված րոպեներ, վատագույն դեպքում` ժամեր անց: Մինչդեռ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող գործչի ասուլիսի դեպքում այդ հեռուստաընկերությունների ներկայացուցիչները ստիպված էին վերապատմել հնչած հարցուպատասխանի համառոտ բովանդակությունը: Հարց է առաջանում` ինչո՞ւ: Ո՞րն է պատճառը: Իսկ պատճառն այն է, որ իր պաշտոնավարման ընթացքում «մամուլի, խոսքի ազատության աստիճանը աննախադեպ բարձրացրած» նախագահի աշխատակազմը արգելել է ասուլիսի մասնակից հեռուստաընկերություններին կատարել սեփական նկարահանումը, եւ մեր հարգարժան գործընկերները, որոնք, բնականաբար, ասուլիսին ներկայացել էին կանխավ գրավոր ուղարկած եւ համաձայնեցրած հարցերը հնչեցնելու առաքելությամբ, հայտնվել են բավականին անհեթեթ եւ նվաստացուցիչ իրավիճակում: Բաղրամյան 26-ում որոշվել է, որ ասուլիսը պետք է նկարահանվի եւ մոնտաժվի նախագահականի լրատվական ծառայության կողմից, եւ միայն դրանից հետո տրամադրվի հեռուստաընկերություններին` հեռարձակման համար: Թե ինչից են այդքան վախեցել նախագահականի փիառչիկները, կարծում ենք` պարզ է` նկատի ունենալով Սերժ Սարգսյանի չվերահսկվող խոսքում հաճախ հանդիպող «գոհարները», ինչպիսիք հնչեցին նաեւ նախընտրական շրջանում` «խիարի» եւ «խփելու» մասով: Բայց այն հանգամանքը, որ նախագահականում վստահ են եղել, որ ասուլիսը կարելի է մոնտաժել եւ խմբագրել անցանկալի հատվածները` առանց զգուշանալու, որ ասուլիսին մասնակից 7 հեռուստաընկերությունների, 3 թերթերի եւ 1 ռադիոկայանի ներկայացուցիչները կարող են այդ մասին բարձրաձայնել, արդեն իսկ բավական պերճախոս է եւ արտացոլում է Հայաստանում մամուլի ազատության իրական պատկերը:
Հ.Գ. Համեմատության համար նշենք, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինի ասուլիսները վերջին առնվազն 5 տարիներին հեռարձակվում են բացառապես ուղիղ եթերով: Պուտինի վերջին` 2012թ. դեկտեմբերի 20-ի ասուլիսին ներկա են եղել ռուսական 1000 եւ օտարերկրյա 200 լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Իսկ ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի 1997թ. ասուլիսին հարց է տվել 35 լրագրող` ՀՀ իշխանական, ընդդիմադիր, ինչպես նաեւ արտերկրի լրատվամիջոցներից: