ՍՏՈՒՄ ԵՍ ՀԻՄԱ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սերժ Սարգսյանի նախօրեի ասուլիսից հետո լրատվական կայքերը հրապարակեցին միայն պատառիկներ, որտեղ նա անդրադարձել էր Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական պայքարին ու իր հետ հանդիպմանը: Պարզվում է, սակայն, «Գնամ, ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած եւ արդեն 8 օր սոված մարդու հետ» արտահայտությունից բացի, ասուլիսում մտքի այլ «գլուխգործոցներ» էլ են եղել. երեկ նախագահական նստավայրը տարածել է ասուլիսի սղագրությունն ու իր կողմից նկարահանված եւ մոնտաժված կադրերը, բայց անգամ մոնտաժը չի փրկել հերթական «կիքսերից»:
Օրինակ՝ Ս. Սարգսյանը խոսել է խորհրդարանի կազմի մասին. «Եթե բոլորը մտածում են, որ խորհրդարանում պետք է հավաքվեն ամենախելացի մարդիկ, մեր հանրապետության բոլոր ամենալավ մարդիկ, միգուցե ես սխալվում եմ, բայց ես այդպես չեմ համարում: Ես համարում եմ, որ, իրոք, խորհրդարանը պետք է լինի հասարակության արտապատկերը… Խորհրդարանականների գործը միայն օրենք ընդունելը չէ: Խորհրդարանի դերակատարությունը շատ ավելի բարձր է: Օրինակ՝ իմ կարծիքով՝ հասարակական համերաշխության ձեւավորման գործում խորհրդարանն ուղղակի անգնահատելի դերակատարություն պետք է ունենա»: Փաստորեն, Ս. Սարգսյանն այսպես արդարանում է, թե ինչու է ինքը պատգամավոր դարձրել կիսագրագետ, երբեմն նաեւ` ոչ օրինակելի անցյալով մականունավորներին, կամ, ինչպես ինքը կասեր, հայերեն վատ իմացողներին: Ի վերջո, նրանք եւս հասարակության մի մասնիկն են, ու քանի որ, ըստ նրա, խորհրդարանն էլ պետք է լինի հասարակության արտապատկերը, նման մարդիկ եւս պետք է ներգրավված լինեն այնտեղ:
Պակաս ուշագրավ չեն Ս. Սարգսյանի հայտարարություններն արտագաղթի վերաբերյալ. «Արտագաղթի համար առաջին պատասխանատուն իշխանությունն է, բայց միայն իշխանությունը չէ, որովհետեւ Հայաստանից արտագաղթում են ոչ թե նրա համար, ինչպես հաճախ ասում եք՝ արդարության պակասի կամ աշխատատեղ չլինելու հետեւանքով: Եթե մի քիչ նեղություն տաք ձեզ, տեսնեք, թե արտագաղթողներն ուր են գնում, եւ համոզվեք, որ նրանց ճնշող մեծամասնությունը գնում է ՌԴ, ապա պիտի եզրակացնեք, գոնե այս պարզ տրիվիալ բանը պետք է տեսնեք, որ հայերի համար ՌԴ-ում արդարությունն ամենահասանելին չէ, որ Հայաստանում հայի համար արդարությունն ավելի հասանելի է, քան ՌԴ-ում… Արտագաղթի բուն պատճառը հենց այդ գաղջ մթնոլորտն է, այն, որ մարդիկ լույս չեն տեսնում, հույս չեն տեսնում: Ինչո՞ւ, որովհետեւ երկար տարիների ընթացքում առնվազն երկու հեռուստաընկերություն, տասնյակ տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցներ խոսում են միայն վատ երեւույթների մասին, միայն սեւացնում են»: Նկատենք` Ս. Սարգսյանը, թեեւ անուղղակի, բայց բացահայտ կերպով լուրջ մեղադրանք է ներկայացնում ռազմավարական գործընկեր երկիր ՌԴ-ին` նրան մեղադրելով արդարադատության անհասանելիության մեջ: Երկրի առաջին դեմքի կողմից նման արտահայտությունները հազիվ թե կարելի է համարել նորմալ երեւույթ: Մանավանդ որ նույն Ս. Սարգսյանն ընտրություններից անմիջապես հետո առաջինը մեկնեց հենց ՌԴ:
Սակայն այս հայտարարության մեջ ամենակարեւորը սենսացիոն մի բացահայտում է. իշխանությունները երկարատեւ ուսումնասիրություններից հետո վերջապես գտել են երկրի ազգային անվտանգությանը սպառնացող երեւույթի`  արտագաղթի բուն պատճառը. գաղջ մթնոլորտը, որը ստեղծել են լրատվամիջոցները` միայն վատ երեւույթների մասին խոսելով: Խոստովանենք՝ ցնցող է: Տրամաբանությունը հուշում է, որ եթե հայտնի է բացասական երեւույթի պատճառը, պետք է այն արմատախիլ անել: Ու քանի որ արտագաղթի պատճառը լրատվամիջոցներն են (առնվազն ընդդիմադիրները), ուրեմն պետք է պարզապես վերացնել դրանք: Ի դեպ, ասում են` սա արտագաղթի դեմ պայքարի բավական արդյունավետ միջոց է, որովհետեւ, օրինակ, ԽՍՀՄ-ում (իր այս ասուլիսի ժամանակ Ս. Սարգսյանը երանավետությամբ է հիշում իր «կոմսոմոլական» անցյալը) լրատվամիջոցները միայն բարի լուրեր էին հրապարակում` հնգամյակը չորս տարում իրականացնելու, հերոս կթվորուհիների ու բանվորուհիների մասին, եւ այդ երկրում չկար արտագաղթ, եղածն էլ աննշան չափերի էր: Այնպես որ, հիմա ոչինչ չի խանգարում Ս. Սարգսյանին գնալ այդ քայլին:
Եվս մեկ ուշագրավ արտահայտություն. Երեւանի ավագանու ընտրությունների մասին խոսելիս Ս. Սարգսյանն ասել է. «Մեր ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս ընթացքում աշխատելով քաղաքապետ, իսկ դրանից առաջ քաղաքապետի տեղակալ, դրանից առաջ թաղապետ՝ ես չեմ տեսել մի դեպք, երբ Տարոն Մարգարյանը սուտ խոսի, անազնիվ որեւէ քայլ նրա կողմից չեմ տեսել»: Հազիվ թե մարդիկ մոռացած լինեն Երեւանում 150.000 դրամ աշխատավարձով աշխատատեղերի մասին Տ. Մարգարյանի հայտարարությունները, երբ պարզվել էր, որ իրականում նման բան գոյություն չունի: Ընդ որում, այդ հայտարարությունները Մարգարյանն արել էր բոլորի աչքի առաջ` հենց Ս. Սարգսյանի համար: Ասել է թե՝ հենց ընտրողների մոտ խաբել էր իր կուսակցության ղեկավարին: Իսկ Ս. Սարգսյանը հավանաբար մոռացել է, թե Տ. Մարգարյանն ընդամենը մեկ ամիս առաջ ինչպես էր ստում, ընդ որում, ստում հենց իրեն:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս