«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՀՀ Սյունիքի մարզի 4 բնակիչ ունեցող Քաշունի գյուղի բնակիչները նոր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասին խոսում են միայն այն ժամանակ, երբ, պարապ են լինում:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Քաշունիի գյուղապետ Գառնիկ Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, Քաշունին 4 բնակիչ ունեցող գյուղում քանի՞ ընտրող կա:
-Ձմռանը Քաշունիում չորս բնակիչ է ապրում, իսկ ընտրություններին 15-ն են ընտրում: Բայց այս պահին 10 մարդ կա գյուղում: Իսկ հանրաքվեին կմասնակցի մոտ 15 մարդ:
-Այդ ինչպե՞ս է ստացվում:
-Ընտրություններին ավտո-մավտո ենք ուղարկում, գնում են ու մեր գյուղի բնակիչներին բերում են Կապանից եւ այլ տեղերից:
-Ո՞ւմ միջոցներով եք մեքենա ուղարկում:
-Գյուղապետի անձնական միջոցներով (ծիծաղում է-Ս.Հ.):
-Ի՞նչ են մտածում քաշունցիները սահմանադրական փոփոխությունների մասին:
-Գյուղացի մարդիկ են, տելեվիզորը բացելիս՝ որ կուսակցությունը լավ է խոսում, ասում են՝ ճիշտ է ասում, որը վատ է խոսում, ճիշտ չէ: Մի բան կլինի, էլի: Գյուղացու բարեկեցությունը բարձրանա, ուրիշ բան պետք չէ:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: