ՏՈՒՆ Է ԳՆԵԼ, ԲԱՅՑ ԻՐԵՆԸ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջին շրջանում Հայաստանում եւ հատկապես Երեւանում շատացել են բնակարանային խարդախության դեպքերը, որոնց մի մասին նաեւ «Ժողովուրդ»-ն է անդրադարձել: Բայց որ դրանց վերջը չի երեւում, համոզվեցինք այն բանից հետո, երբ «Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած 58-ամյա Անժելա Պողոսյանը պատմեց,  որ 2011 թվականի նոյեմբերի 14-ին գնել է բնակարան, իսկ ավելի ուշ պարզել, որ դարձել է խարդախության զոհ:
«Տեղեկացել էի, որ Երեւանի Մարգարյան 2-րդ նրբանցքի 4-րդ շենքի բնակարանը վաճառվում է: Բրոքերի ուղեկցությամբ գնացի նշված հասցե եւ իմացա, որ բնակարանի սեփականատերն Արմինե Հակոբյանն է»,-պատմեց տիկին Անժելան:
Վերջինիս խոսքով՝ շատ հավանելով բնակարանը՝ ցանկացել է Արմինեից գնել այն եւ 2011թ. նոյեմբերի 14-ին օրինական փաստաթղթերի հիման վրա վճարել է բնակարանի գումարը՝ 17 միլիոն դրամը, ու դարձել բնակարանի սեփականատերը. «Երբ մենք Արմինե Հակոբյանի հետ նոտարական գրասենյակում օրինական կերպով ավարտեցինք մեր առքուվաճառքի գործարքը, բրոքերը մոտեցավ ինձ եւ հարցրեց, թե ինչքան ժամանակ եմ տալիս տան տերերին, որպեսզի նրանք լքեն բնակարանը: Ես պատասխանեցի, որ գարնանը պետք է վերանորոգեմ այն եւ նոր տեղափոխվեմ»:
Ըստ տիկին Անժելայի՝ ինքը լավ չի հիշում անհատ բրոքերի անունը. «Եթե չեմ սխալվում, անունը Կարո էր, ու այդ տղան ինձ ասաց, որ Արմինեի բարեկամները, որոնք ապրում են իմ գնած բնակարանում, խնդրում են ինձ, որ գոնե մի երեք ամիս ապրեն այդ տանը, մինչեւ տեղափոխվեն նոր բնակարան»: Եվ մեր զրուցակիցը պայմանագրով թույլ է տալիս Արմինեի բարեկամներին մնալ իր բնակարանում մինչեւ ապրիլ ամիս:
Այդ չորս ամիսների ընթացքում տիկին Անժելան կապ չի պահում Արմինեի «բարեկամների» հետ ու չի անհանգստացնում նրանց՝ բնակարանը լքելու հարցով. «Ապրիլ ամիսը եկավ: Գնացի իմ գնած բնակարան, որպեսզի ասեմ՝ ժամանակը եկել է, դո՛ւրս եկեք իմ տնից: Տանը մարդ չկար: Մի քանի անգամ գնացի, ու էլի տան դռները փակ էին»: Ստեղծված իրավիճակից խիստ զայրացած՝ տիկին Անժելան «նախապահանջ նամակ» է գրում Արմինե Հակոբյանին, ումից գնել էր բնակարանը, ինչպես նաեւ իր բնակարանում ապրող բնակիչներին, որպեսզի լքեն  բնակարանը:  
Ավելի ուշ տիկին Անժելային զանգահարում է մի աղջիկ, ներկայանում որպես Արմինե Հակոբյանի քույր եւ ասում, որ այդ տանն ապրող մարդիկ որեւէ կապ չունեն իրենց հետ. «Մենք բնակարանը վաճառել ենք Ձեզ ու այդ բնակարանի եւ այդտեղ ապրող մարդկանց հետ կապ չունենք»: Ավելին, զանգողը խնդրում է, որ իրենց չանհանգստացնի ու խորհուրդ է տալիս, որ գնա եւ պարզի, թե ովքեր են այդ մարդիկ:
Հաջորդ օրը զանգահարում է մի տղա՝ Հայկ անունով, եւ ասում, որ ինքը Արմինեի բարեկամն է, ստացել է իր նամակը. «Հայկը այն երիտասարդն էր, որը խնդրել էր բրոքերին, որ մի քանի ամիս ապրի իմ գնած բնակարանում: Ես Հայկին շատ նյարդայնացած ասացի` չգիտեմ՝ Արմինեի բարեկամն ես, թե ոչ, տղա՛ ջան, դո՛ւրս եկեք իմ բնակարանից, որ սկսեմ վերանորոգման աշխատանքը»:
Նրա խոսքով՝ Հայկ Թորոսյանը, որը բնակարանում ապրում է Ալվարդ Սարիբեկյանի հետ, Անժելայից խնդրում է եւս 10 օր, եւ Անժելան համաձայնում է: Սակայն Հայկն այդպես դուրս չի գալիս բնակարանից: Տիկին Անժելան դիմում է ոստիկանություն եւ Հայկին ու Ալվարդին հանում են բնակարանից:
Երբ տիկին Անժելային վերջապես հաջողվում է ազատել իր բնակարանը, 10 օր հետո՝ փետրվարի 15-ին, նրան կանչում են Երեւանի ոստիկանություն եւ տեղեկացնում, որ իր նոր գնած բնակարանի վրա կալանք է դրվել, քանի որ այդ բնակարանը ձեռք է բերել կեղծ փաստաթղթերի հիման վրա:
Պարզվում է՝ ոմն Պայծառ Սարիբեկյան, ներկայանալով ոստիկանություն, հայտնել է, որ իր քույրը՝ Ալվարդ Սարիբեկյանը, կեղծ փաստաթղթերի միջոցով դարձել է իր հայրական տան՝ Մարգարյան 2-րդ նրբանցքի 4 շենքի 29 հասցեի միակ սեփականատեր: Ավելի ուշ վաճառել է բնակարանը՝ չտալով իր բաժնեմասը: Պայծառ Սարիբեկյանը պահանջել է իրեն հասանելիք գումարը: 
«Բնակարանը պատկանել է Ալվարդ Սարիբեկյանին, այն վաճառել է Արմինե Հակոբյանին, բայց շարունակել է ապրել այդ բնակարանում, իսկ ավելի ուշ, երբ Արմինե Հակոբյանից գնեցի այն ու կարողացա նրանց դուրս հանել, հայտնվեց քույրը»,-զայրացած պատմեց տիկին Անժելան՝ հավելելով, որ որեւէ առնչություն չունի եւ չի կարող ունենալ Պայծառ եւ Ալվարդ Սարիբեկյանների հետ, քանի որ բնակարանը ձեռք է բերել Արմինե Հակոբյանից՝  առձեռն վճարելով 17 միլիոն դրամ:
Տիկին Անժելայի պահանջն այսօր մեկն է՝ վերացնեն իր բնակարանի վրա դրված արգելանքը, եւ ինքը կարողանա տնօրինել այն: Նա հավաստիացրեց, որ պայքարելու է մինչեւ վերջ, դիմելու է համապատասխան մարմիններին՝ արդարությունը վերականգնելու համար: 
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս