Արաբկիրի շուկայի մոտ` դրսում, ֆաբրիկաներից մեկի արտադրած ձուն անցած երկուշաբթի վաճառվում էր արդեն 70 դրամով: Միանգամից մտածում ես` ախր մոտ 10 օրից Սուրբ Զատիկն է…
Դժվար է ասել` տվյալ պարագայում արտադրող ընկերությունն էր գինը բարձրացրել, թե վաճառողը, ընդամենը փաստն ենք արձանագրում: Սակայն, երբ խոսքը խանութներում վաճառվող ձվերի մասին է, ապա, ըստ վաճառողների, ձվերի գները 5 դրամով բարձրացրել են արտադրող ընկերությունները: Օրինակ՝ «Լուսակերտ»-ի 0-2 համարի ձուն, որը մոտ 1 ամիս առաջ խանութներում 60 դրամով էր վաճառվում, 20 օրից ավելի է, ինչ վաճառվում է 65 դրամով: Բնականաբար, հարց է առաջանում, թե վերջին տարիներին ձվի գինն ինչու է այսքան բարձրացել, ինչու կամ ում ներքին արգելքով պարսկական ձու չի ներկրվում Հայաստան, որը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, այստեղ կարող էր վաճառվել 35-40 դրամով:
Հիշեցնենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2007թ. ապրիլի 11-ի թիվ 05-Ա որոշման համաձայն` «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի կողմից արտադրվող եւ իրացվող «Հավի ձու` կճեպով» ապրանքատեսակի գնի կառուցվածքի վերլուծությունից հետեւում է, որ դրա ինքնարժեքը 2006թ. երկու կիսամյակների ընթացքում էլ մնացել է գրեթե անփոփոխ. 1-ին կիսամյակում մեկ ձվի ինքնարժեքը կազմել է 28,1 դրամ, իսկ 2-րդ կիսամյակում աճել է՝ կազմելով 32,4 դրամ: Ընդ որում, ձվի ինքնարժեքը ձեւավորվում է հիմնականում հավի կերի (ներառյալ` տարբեր կերաբաղադրամասեր, վիտամիններ եւ այլն) հաշվին: Հավի կերի գինը 2006թ. երկու կիսամյակների ընթացքում եւս մնացել է անփոփոխ` կազմելով ինքնարժեքի մոտավորապես 66%-ը: Այս ընթացքում ի՞նչը եւ ի՞նչ չափով է թանկացել, որ 0-2 համարի ձվի գինը խանութներում հասել է 65 դրամի: Հասարակությանը, ընդհանուր բնույթի հայտարարություններից բացի, այս հարցի հիմնավոր ու համոզիչ բացատրությունը դեռ տրված չէ:
Այն ժամանակ հիշյալ հանձնաժողովը որոշեց «Հավի ձու՝ կճեպով» ապրանքային շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից կիրառված գների եւ մանրածախ առեւտրի օբյեկտների կողմից կիրառված ձեռքբերման գների տարբերության ուսումնասիրության առաջարկությամբ տեղեկատվություն տրամադրել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը: Թե այդ ծառայությունը հանձնաժողովից ստացած տեղեկատվության հիման վրա ինչ ուսումնասիրեց, ինչ պարզեց, հասարակությանն այդպես էլ հայտնի չդարձավ:
ՏՄՊՊՀ որոշման մեկ այլ կետով «Հավի ձու` կճեպով» ապրանքային շուկայում գործող «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկա», «Արզնու տոհմային ԹՏԽ» եւ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությունների համաձայնեցված գործողությունները (վարքագիծը), այսինքն՝ «Հավի ձու` կճեպով» ապրանքային շուկայում գների արհեստական բարձրացումը, որը հանգեցրել է այդ շուկայում մրցակցության սահմանափակմանը, որակվեց որպես հակամրցակցային համաձայնություն: Ավելին, տնտեսական մրցակցության սահմանափակմանն ուղղված իրավախախտման (հակամրցակցային համաձայնության) համար հիշյալ ընկերությունների նկատմամբ նշանակվեց տուգանք` 2006թ. ընկերություններից յուրաքանչյուրի կողմից «Հավի ձու` կճեպով» ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի մեկ տոկոսի չափով: Բացի այդ, նշված ընկերություններին հանձնարարվեց շտկել եւ հետագայում բացառել իրավախախտումը:
«Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում «Լուսակերտ» ՍՊԸ-ի (անվանափոխվել է 2012թ. դեկտեմբերից) առեւտրային բաժնի տնօրեն Անդրեյ Կիրակոսյանն ասաց, որ իրենք 0-2 համարի (միջին կարգի) ձուն խանութներին առաքում են 60 դրամով. «Մենք չենք կարողանում ստուգել, թե դրանք իրենք ինչքանով են վաճառում»:
Ինչ վերաբերում է ձվի գների բարձրացմանը, ապա առեւտրային բաժնի տնօրենն այն հիմնականում պայմանավորեց վերջին տարիներին թռչնակերի գների բարձրացմամբ, որը, ըստ նրա, տեղի է ունեցել մի քանի անգամ եւ ձվի միջին ինքնարժեքը հասցրել ավելի քան 45 դրամի. «Մոտ 10 օր առաջ դոլար-դրամ փոխարժեքի փոփոխությունը հանգեցրել է ինքնարժեքի եւս մեկ դրամ բարձրացման»:
ՏՄՊՊՀ-ն դեռ շարունակում է «Հավի ձու` կճեպով» ապրանքատեսակի` շուկայում սկսած մոնիթորինգը: Հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը մեզ հետ զրույցում հայտնեց, օրինակ, «Երեւան սիթի» սուպերմարկետում մարտի 18-ին արձանագրված ձվի վաճառքի հետեւյալ գները. «Լուսակերտ» ՍՊԸ-ի ձվի (համար 0-1, տուփով) 30 հատը` 1860 դրամ, նույնի 0-2 համարը՝ 1920 դրամ, «Արզնու տոհմային ԹՏԽ»-ի արտադրած 0-1 համարի ձվի 30 հատը՝ 1880 դրամ, 0-2 համարի 30 հատը՝ 1920 դրամ, նույն ընկերության XXL կարգի ձվի հատը՝ 67 դրամ, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի ձվի մեկ հատը («Դիետիկ», 10-հատանոց տուփով, 0-2 համարի)` 68 դրամ…
«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե, ըստ հանձնաժողովի, վերոնշյալ գները նորմալ են, այսինքն՝ արդյոք չի կիրառվում արհեստական գին, մամուլի քարտուղարն ասաց. «Ձվերի գների բարձրացումը փետրվարի վերջին է արձանագրվել, հանձնաժողովը դեռ նոր է ուսումնասիրում ձվերի գները, մենք դեռ չենք կարող ասել՝ նորմալ է, թե նորմալ չէ»:
Հուսանք, որ այդ ուսումնասիրությունը կավարտվի մինչեւ Սուրբ Զատիկի տոնը ու ոչ թե դրանից հետո:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ