Տավուշի մարզի Կողբ գյուղում բնակվող, 1988թ. ծնված Անուշավան Մաճկալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Տավուշի մարզի Բերդավան գյուղի «Միստրեստ» հանդամասում, օգտվելով Բերդավանի բնակչուհի, 1999թ. ծնված աղջկա անօգնական վիճակից, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ: Դատարանում որպես իրեղեն ապացույց ներկայացված են աղջկա շապիկը, վարտիքն ու անդրավարտիքը: Անուշավան Մաճկալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասով («Անչափահասի նկատմամբ բռնաբարությունը»): Նրան այդ հոդվածով սպառնում է 8-15 տարվա ազատազրկում: Ա. Մաճկալյանը նախկինում դատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով («Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում»), նրա դատվածությունը մարված չէ: Բերդավանցի անչափահաս աղջկա բռնաբարության գործով դատավարությունը սկսվել է մարտի 15-ին` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը՝ Իջեւան):
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ