
Ի զարմանս շատերի՝ օրերս Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում կայացած Խուլիո Իգլեսիասի մենահամերգն անցավ շատ կազմակերպված, ավելին, հանդիսատեսը ստիպված չեղավ սպասել մեկ ժամ, մինչ համերգը սկսվի: Երգչի երեւանյան առաջին մենահամերգի բացումն արեցին հաղորդավարներ Մհեր Բաղդասարյանն ու Արփինե Գաբրիելյանը: Մոտ 2 ժամ տեւողությամբ համերգն անցավ հայ հանդիսատեսի ակտիվ մասնակցությամբ, շատերն անգամ իսպաներեն չգիտեին, բայց երգչին հավասար երգում էին: Իսպանացի 69-ամյա երգիչը հանդիսատեսի հետ շփվել է անգլերենով եւ իր խոսքում նշել, որ 45 տարի սպասել է հայաստանյան իր այցին, եւ որ իր կյանքում շատ հայերի է հանդիպել: Իսկ Հայաստանի մասին պատմողներից մեկը եղել է իր վաղեմի ընկեր Շառլ Ազնավուրը: