ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ՀՅԴ-ում արդեն ձեւավորվել է 5 քարոզչական խումբ, որոնք նոյեմբերից արդեն ակտիվ քարոզչություն են իրականացնելու հանրապետության բոլոր մարզերում: Ըստ ՀՅԴ-ականի՝ կուսակցությունը ծանրաբեռնված է լինելու հիմնականում ոչ աշխատանքային օրերին, որպեսզի քարոզչություն իրականացնող անձինք չթերանան նաեւ իրենց աշխատանքային պարտավորություններում: Ա. Մինասյանն այն տեսակետին է, որ այո-ի քարոզարշավն իրականացվելու է շատ ակտիվ, ու հանրությանը ներկայացվելու է Սահմանադրության փոփոխության գլխավոր նպատակը:
-Պարո՛ն Մինասյան, ՀՅԴ-ն պետք է այս օրերի ընթացքում որոշում կայացներ, թե ով է ղեկավարելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շտաբը: Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՅԴ-ն արդեն գերագույն մարմնի նիստ է անցկացրել ու որոշում է կայացրել: Ո՞վ է ղեկավարելու ՀՅԴ-ի շտաբը հանրաքվեի ժամանակ:
-Բնականաբար, ինչպես ցանկացած դեպքում, առավել եւս հանրաքվեի համար կազմակերպչական աշխատանքները ՀՅԴ-ում կատարվել են, կազմավորվել է շտաբը, ու, բնականաբար, շտաբում գլխավոր հարցերից մեկն էլ հանդիսանում է քարոզչական խումբը, խմբի ձեւավորումը: Այդ աշխատանքներն արդեն արվել են, նոյեմբերի սկզբից սկսած արդեն կլինեն մարզային տարաբնույթ այցելություններ, հանդիպումներ քաղաքացիների հետ, քարոզչական խմբերի ենք բաժանված, որպեսզի հանրապետության ամբողջ տարածքով մեկ կարողանան ներկայացնել սահմանադրական փոփոխությունների դրական կողմերը ու այն սպասելիքները, որոնք պետք է ունենա հանրությունը սահմանադրական փոփոխությունների տեսքով:
-Եթե արդեն ՀՅԴ-ում քարոզչական խմբեր են ստեղծվել, ապա այդ դեպքում ո՞վ կղեկավարի կուսակցության շտաբը, այդ հարցը դեռեւս չե՞ք որոշել:
-Քանի որ շտաբը գործում է գերագույն մարմնի ներքո, իսկ գերագույն մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունի գերագույն մարմնի ներկայացուցիչը, եթե այլ լիազորություններով գերագույն մարմնի այլ անդամ օժտված չէ, այս պահի դրությամբ գերագույն մարմնի ներկայացուցիչ է Աղվան Վարդանյանը: Ուստի ՀՅԴ շտաբը ղեկավարելու է Աղվան Վարդանյանը: Ինչպես արդեն նշեցի, արդեն ձեւավորվել է 5 քարոզչական խումբ, որն ունի 3-4 անդամ, ու այդ 5 խումբը միաժամանակ իրականացնելու է քարոզչությունը հանրապետության մարզերում: Նախատեսվում է, որ հիմնական բեռնվածությունը կլինի շաբաթ եւ կիրակի օրերին՝ հանգստյան օրերին, որպեսզի նաեւ այդ անձինքն իրենց աշխատանքային պարտականություններում չթերանան, պատգամավորները եւ այլ անձինք, որոնց օրենքով թույլատրվում է քարոզչության ներգրավումը: Երկրորդ հարցը, որը մեզ համար կարեւոր է, որ մենք օգտագործելու ենք օրենքով նախատեսված բոլոր հնարավորությունները, այդ թվում վճարովի եթերից օգտվելու, ինչպես նաեւ՝ մեր անվճար հնարավորություններից, ինչպիսինն է թե՛ բանավեճերի մասնակցությունը, թե՛ համայնքային կառույցներում քարոզչական պաստառների տեղադրումը, հանդիպումները, միտինգները, բոլոր եղանակները, որոնք թույլատրված են օրենքով:
-Տպավորություն կա, որ «Այո»-ի ճակատը որեւէ ակտիվ քարոզչություն չի իրականացնելու, քանի որ վստահ է այն հարցում, թե հանրությունն իրենց «կողմից» է: Ինչո՞ւ մինչեւ այժմ որեւէ ակտիվություն չեք ցուցաբերում, ինչո՞ւ եք նման «դանդաղկոտությամբ» առաջ շարժվում: Որտեղի՞ց է «Այո»-ն նման վստահություն ձեռք բերել:
-Ես, անկեղծ ասած, «Այո»-ի ճակատի այլ ներկայացուցիչների փոխարեն չեմ կարող պատասխանել, իսկ մեր մասով կարող եմ ասել, որ մինչեւ այս էլ մենք այցելություններ ունեցել ենք մարզերում, մեր հանդիպումները հիմնականում եղել են մեր կուսակցական ընկերների եւ համակիր կուսակցության շրջանակների հետ, առանձին դեպքերում նաեւ ունեցել ենք հանդիպում հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ, բայց դա չենք որակում, որպես քարոզչական գործընթաց: Հետեւաբար, այդ տեսակետից մենք նոր չէ, որ պետք է սկսենք մարզային այցելությունները, ինչն օրենքով թույլատված է, եւ քննարկումները: Մյուս կողմից՝ չպետք է մոռանանք, որ այո ասողների խմբի մեջ էլ տարբեր հիմնավորումներ կան, մասնավորապես մեզ համար լինելով այս փոփոխությունները սկզբունքային հարց, 20 տարիներից ավելի այս փոփոխությունների մեծ մասը փորձել ենք, տվյալ պահի իշխանություններին համոզել ենք, որ իրացնեն, այս պահին դա հաջողել է մեզ: Ու, բնականաբար, սա համարում ենք մեր անմիջական մասնակցությամբ մշակված, մեր հայացքները, եթե ոչ ամբողջությամբ, ապա մեծամասամբ իրացված սահմանադրական փոփոխություններում: Այս տեսանկյունից քարոզչությունը հիմնված է սկզբունքների եւ համոզվածության վրա, այլ այո ասողների մեջ էլ կան մարդիկ, ովքեր որ տվյալ պահին են կողմնորոշվել կամ հիմա են համարել անհրաժեշտ այդ փոփոխությունների իրականացումը: Հետեւաբար, բովանդակային, խորքային առումով տարբեր են այո ասողները, բայց սա չի նշանակում, որ «Այո»-ի ճամբարում գտնվողները պետք է մեկուսի ու տարբեր գործեն: Սահմանադրական փոփոխությունների հետ կապված «Այո»-ի ճամբարը նույն դիրքորոշումն ունի, ու նույն կերպ այն պետք է ներկայացվի հանրությանը, որն էլ մենք անում ենք:
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ «ՈՉ»-Ի ՃԱԿԱՏԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԼԻՆԵԼ ՎՃՌԱԿԱՆ
Երեկ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը քննարկում է իրականացրել, որի ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանը նշել է, որ իրենք դեկտեմբերի 1-ին հանրահավաք են իրականացնելու, որպեսզի հանրությանը տեղեկացնեն, թե իրականում ինչու են իշխանություններն իրականացնում Սահմանադրության փոփոխությունը: Սէֆիլյանը նշել է, որ այդ օրը իրենք իշխանությունների վրա ճնշում են գործադրելու, որի ժամանակ նրանք պետք է հստակ որոշում կայացնեն՝ խաղաղ միջոցով նահանջեն, թե՞ ոչ:
Քննարկման ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանի գլխավորությամբ ստեղծված միասնական շտաբի անդամներին միացել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Այնուհետեւ անակնկալ ձեւով քննարկման դահլիճ է մուտք գործել Լեւոն Զուրաբյանն ու մի քանի րոպե նստել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կողքին: Ներկա են եղել նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ժիրայր Սէֆիլյանը ներկայացրել է, թե ինչպես պետք է հասնեն ռեժիմի հեռացմանը. «Քանի այս տականքն է կառավարում մեր երկիրը, մեր երկրի ղեկից այս թայֆային, զորիբալայանական կլանին հեռացնելը դասական քաղաքական ձեւով հնարավոր չէ, սա բոլորս պիտի գիտակցենք»: Ըստ նրա՝ մեր ժողովուրդը պատրաստ չէ երկարատեւ պայքարի այս ռեժիմի դեմ, պատրաստ է պոռթկալու, ընդվզելու, դա փաստ է, որ պետք է նկատի ունենալ.«Երկրորդ հանգամանքը, որ պետք է նկատի առնենք, հստակ իշխանափոխության, ռեժիմը ռադ անելու օրակարգով ժողովուրդը դժվարանում է փողոց դուրս գալ: Չեմ ուզում փակագծերը բացել, բայց մենք պետք է համապատասխան մարտավարությամբ այս դժվարությունները շրջանցենք»:
Սէֆիլյանը նշել է նաեւ, որ դեկտեմբերի 1-ին իրենք հանրահավաք են հրավիրում. «Մենք հրավիրում ենք դեկտեմբերի 1-ին, բայց ոչ այն նպատակով, որ հերթական անգամ հավաքվելու ենք Ազատության հրապարակում եւ նորից գնալու ենք տուն: Ոչ, այդպես չի լինելու: Մենք ուժեղ ճնշելու ենք, զորեղ ճնշելու ենք այս ռեժիմին: Ռեժիմը նահանջելուց բացի՝ այլընտրանք չունի: Ունի նահանջելու երկու տարբերակ՝ խաղաղ միջոցով եւ ոչ խաղաղ միջոցով»:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ հայտարարել է, թե. «Պատահական չէ, որ Հովիկ Աբրահամյանին շտաբի պետ նշանակեցին որպես վարչապետ, անելիք չունի, ո՛չ աշխատավարձ պիտի բարձրացնի, ո՛չ նպաստ, ո՛չ էլ թոշակ, մարդը անելիք չունի, մի բանով պիտի զբաղվի, չէ՞»:
Մարտիրոսյանը հավելել է նաեւ, թե տարիներ շարունակ, չունենալով ընտրված իշխանություն, ազատ մրցակցային դաշտ, օրենքներով շարժվող իրավական համակարգ, այս ամենը բերել է նրան, որ ունենք միաշաղախված իշխանություն, որն ունի հանցավոր կապեր՝ կապակցված միմյանց հետ: Իսկ Զ. Փոստանջյանն էլ նշել է. «Մենք պետք է անհնազանդություն հայտնենք եւ ապացուցենք, որ մենք այդ փոքրիկ մարդկանցից չենք վախենում: Եկել է մեծ մարդկանց ժամանակը, հայ ժողովրդի շահը առաջ են մղելու ոչ թե փողով մեծ մարդիկ, այլ իրոք մեծերը»:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՈՍԿԵ ԶԱՎԱԿ ԴԱՏԱՎՈՐԸ
33-ամյա Դավիթ Հարությունյանը, որը 2011 թվականին նշանակվել է Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ մինչ այդ աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որպես հատկապես կարեւոր գործերի քննիչ, չնայած երիտասարդ տարիքին, բավական ունեւոր է: Ըստ իր պաշտոնական հայտարարագրի՝ Հարությունյանի դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 16 մլն դրամ եւ 200 հազար դոլար: Հարց է ծագում՝ իսկ ինչպես է երիտասարդը հասցրել այդքան ունեցվածք կուտակել: Նա ուսումն ավարտելուց հետո աշխատել է իրավապահ տարբեր կառույցներում՝ հիմնականում որպես քննիչ, հետագայում էլ դարձել է դատավոր: Ի դեպ, Հարությունյանի ամսական աշխատավարձը կազմում է 403 հազար դրամ: Դրանից բացի՝ նա 2014-ին ունեցել է նաեւ այլ՝ 893 դոլարի եկամուտ: Սակայն դատավորի կինը՝ Ռուզաննա Մանթաշյանը, ավելի հարուստ է: Նա ոչ մի տեղ չաշխատելով՝ ունի 457 հազար դոլար եւ 15 մլն դրամ դրամական միջոցներ:
Ու երբ հայտնի է դառնում, թե նա ում որդին է, ամեն ինչ իր տեղն է ընկնում. նա պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի (հայտնի է Կրակեմ Հրաչ անունով) որդին է: Կարծում ենք՝ արդեն ինչ-որ չափով հասկանալի է դառնում, թե երիտասարդ դատավորին եւ նրա կնոջը որտեղից այդքան ունեցվածք:
ԼԻՔԸ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը մրցույթ է հայտարարել քաղաքացիական ծառայության մի շարք թափուր պաշտոնների համար: Այդ պաշտոններն են ՀՀ արդադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի, շարժական գույքի նկատմամբ ապահոված իրավունքների գրանցման գործակալության պետի, օրենսդրության զարգացման եւ իրավական վերլուծությունների վարչության պետի տեղակալի, կազմակերպական-իրավական վարչության իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման եւ նոտարական համակարգի բաժնի պետի եւ այսպես շարունակ: Տարօրինակ զուգադիպությամբ ՀՀ արդարադատության նոր նախարարի նշանակվելուց հետո հենց այս գերատեսչությունում այդքան թափուր պաշտոններ են առաջացել:
ԴԱՀԿ-Ն ԾԽԱԽՈՏ Է ՎԱՃԱՌՈՒՄ
ՀՀ արդադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն այժմ էլ սկսել է ծխախոտ վաճառել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել արտասահմանյան արտադրության ծխախոտներ՝ 2010 տուփ «Վինսթոն», 1000 տուփ «Մարլբորո», 220 տուփ «Քամել» եւ տեղական արտադրության «Երեւան»՝ 80 տուփ: Ընդհանուր աճուրդի հանված ծխախոտների թիվը կազմում է 3310, դրանք վաճառվում են մեկ ամբողջական լոտով՝ 1 մլն 111 հազար դրամ արժեքով: