ԻՆՉՈՎ ԵՆ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում լուծելով Սերժ Սարգսյանի համար ամենակենսական հարցը` իշխանությունն իբրեւ դրական նորամուծություն մատնանշում է փոխվարչապետի ինստիտուտի ուժեղացումն ու մեկից ավել փոխվարչապետների առկայությունը: Ստորեւ հարկ է հասկանալ, թե ինչպիսի լիազորություններ են հատկացվելու նոր փոխվարչապետներին, եւ որքանով է միջազգային փորձը կիրառվել այստեղ:

Այսպես, ՀՀ կառավարության կազմը եւ կառուցվածքը սահմանող 147-րդ հոդվածով արձանագրվում է, որ կառավարությունը բաղկացած է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից: Ըստ այդմ` փոխվարչապետների թիվը չի կարող գերազանցել երեքը, որոնք վարչապետի հանձնարարությամբ իրականացնում են կառավարության գործունեության առանձին ոլորտների համակարգումը: Փոխվարչապետներից մեկը վարչապետի սահմանած կարգով փոխարինում է վարչապետին նրա բացակայության ժամանակ: Ինչպես տեսնում ենք՝ որեւէ արտառոց կամ նոր առաքելություն փոխվարչապետների համար սահմանադրական այս փոփոխություններով նախատեսված չէ: Միակ նորությունը լոկ փոխվարչապետների քանակն է, այսինքն` չափից դուրս ծանրացած բյուրոկրատիան էլ ավելի ենք ընդարձակում: Վստահաբար կարելի է պնդել, որ 1 կամ 3 փոխվարչապետ ունենալով չէ, որ կառավարությունը բարեխղճորեն կատարելու է իր պարտականությունները եւ հաշվետու է լինելու ժողովրդի առաջ: Ավելին` փոխվարչապետների առատությունը պարարտ հող կստեղծի, որ վարչապետը հեշտությամբ գցի իր վրայից պատասխանատվությունը` հղում անելով այն պարագայի վրա, որ տվյալ ոլորտում համակարգումը հանձնարարված է եղել փոխվարչապետին: Հետաքրքիր է, որ բանավոր պնդումներում իշխանության սպասարկուները ՀՀ արտաքին հարաբերությունների համակարգումը վերագրում են հենց փոխվարչապետներից մեկին` ստեղծելով մի անհեթեթ իրավիճակ:
Ըստ գործող Սահմանադրության` ՀՀ արտաքին հարաբերությունների ընդհանուր ղեկավարումը իրականացնում է ՀՀ նախագահը: Ըստ էության, վերջինս նշանակում է ԱԳ նախարար, որն էլ նրա անունից ապահովում է արտաքին քաղաքականության իրականացումը: Փաստացիորեն նախագահ-ԱԳ նախարար հարաբերության մեջ մեկը հանդես է գալիս վերադասի դերում, մյուսը` կատարողի: Սահմանադրության փոփոխություններից հետո, սակայն, նախագահի պարտականություններն արտաքին հարաբերություններում վերածվում են արարողակարգային ձեւականության, քանզի նա այլեւս չի կարողանալու ղեկավարել հանրապետության արտաքին քաղաքականությունը: Խորհրդարանական դասական կառավարման մոդելով այդ պարտականությունը հանձնվում է վարչապետին: Ենթադրվում է, որ վարչապետը, իրականացնելով արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարությունը, ԱԳ նախարարին պիտի վերապահի դրա հիմնական ուղղությունների վարումը: Այստեղ, սակայն, հարց է ծագում` իսկ ի՞նչ է անելու նոր փոխվարչապետը, որին հանձնարարվելու է համակարգել արտաքին հարաբերությունների ոլորտը: Վերջապես, ի՞նչ է, արդյո՞ք փոխվարչապետը կարգավիճակով բարձր է լինելու ԱԳ նախարարից եւ կարողանալու է նրանից հաշվետվություն պահանջել: Պարզից էլ պարզ է, որ եթե վարչապետն է ստանձնելու արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարությունը, ապա կա՛մ այդ ոլորտը համակարգող փոխվարչապետի, կա՛մ էլ փաստացի նույն գործառույթն իրականացնող ԱԳ նախարարի կարիքը չպետք է լինի: Ստացվում է, որ արտաքին քաղաքականությունը վարելու են 3 հոգի` գումարած ՀՀԿ առաջնորդը: Հասկանալի է, որ Քոչարյանի ու Սարգսյանի օրոք արտաքին քաղաքականության փոխարեն հարմարվողականության ու օտարներին բազմազան ծառայությունների մատուցման միջոցառում է եղել, սակայն դա չի նշանակում, որ սահմանադրական նորմերը պետք է իջեցնենք այդ աստիճանի: Այս անորոշ վիճակը մի՞թե ձեռնտու է արտաքին լուրջ մարտահրավերների առաջ կանգնած Հայաստանին: Ի վերջո, խորհրդարանական կառավարման «բազմակարծության» մասին շաղակրատումներից իրականություն վերադառնալով` այս փոփոխությունների հեղինակները պիտի պատասխան տան, թե որքանո՞վ է նպատակահարմար արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների օրեցօր լարման, Թուրքիայում ու Մերձավոր Արեւելքում տիրող խառնաշփոթի, Իրանի աշխարհաքաղաքական դերի փոփոխության եւ վերջապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության բարդագույն փուլում այսպես լղոզել արտաքին հարաբերություններում պաշտոնյաների պատասխանատվությունը:
Ինչ վերաբերում է միջազգային փորձին, ապա հարկ է նկատել, որ Իտալիայում ընդհանրապես գոյություն չունի փոխվարչապետի պաշտոն, այնտեղ գործադիրը բաղկացած է վարչապետից, նախարարներից ու կառավարության ղեկավարի քարտուղարությունից: Իսկ, ահա, Գերմանիայում հատուկ առանձնացված չէ փոխվարչապետի ինստիտուտը, որտեղ նախարարներից մեկը համատեղության կարգով միաժամանակ դառնում է փոխկանցլեր: Ըստ գերմանական տարբերակի` փոխկանցլերը գործադիր իշխանության երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է: Ի դեպ, այսօր Գերմանիայի փոխկանցլեր Սիգմար Գաբրիելը միաժամանակ երկրի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարն է: Կառավարության ղեկավարի բացակայությամբ իրականացնելով հանդերձ կանցլերի պարտականությունները` փոխկանցլերը կանցլերի մահվան կամ լիազորությունների իրականացման անհնարինության դեպքում չի կարող առանց Բունդեսթագի հավանության դառնալ կանցլեր: Այսպիսով` Գերմանիայում եւս չեն գնացել փոխվարչապետների ինստիտուտի ստեղծմանը` դա անիմաստ համարելով:
Սակայն նույն Գերմանիայի եւ Իտալիայի փորձն ամեն առիթով մեջբերող նոր Սահմանադրության ջատագովները Հայաստանում այդպիսի նորամուծությունը համարում են առաջադեմ ու գովելի: Կարելի է ավելի առաջադեմ մեկ այլ տարբերակ մոգոնել` մի փոխվարչապետին վստահել տնտեսությունը, մյուսին` արտաքին քաղաքականությունը, երրորդին` զինված ուժերը, եւ նախագահ-վարչապետ երկյակին ուղարկել պատվավոր հանգստի: Միեւնույն է` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը տանը չի նստելու եւ, ըստ ամենայնի, հենց նա է իրականում ղեկավարելու նաեւ փոխվարչապետներին:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԴԵԿՈԴԵՐՆԵՐԻՑ ԼՈՒՐ ՉԿԱ
Տեւական ժամանակ է, ինչ հեռուստաընկերությունների միջոցով Հայաստանի բնակչությանն իրազեկվում է, որ հանրապետության ողջ տարածքում այժմ իրականացվում է հեռուստատեսային հաղորդումների թվային հեռարձակում՝ բարձր որակով: Հայտարարվել է, որ բնակչության սոցիալապես անապահով խավերի համար դեկոդերներ ձեռք կբերի եւ դրանք կարիքավորներին անվճար կտրամադրի Հայաստանի կառավարությունը: Սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք հազիվ են հոգում հանապազօրյա հացը, թվային հեռարձակմամբ հաղորդումներ դիտելու համար նոր հեռուստացույց գնելու կամ միջինը 15 հազար դրամով դեկոդերներ ձեռք բերելու միջոցներ չունեն: 2016 թվականից Հայաստանում անալոգային հեռարձակումը կդադարեցվի: Մինչեւ տարեմուտ 2 ամսից քիչ ավելի ժամանակ է մնացել, սակայն պետության կողմից հատկացվող դեկոդերների մասին տեղեկություն չկա: Տավուշի մարզի անապահով ընտանիքներից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ իրենք ցանկացել են անվճար դեկոդերների հատկացման ժամկետի մասին տեղեկություն ստանալ Տավուշի մարզպետարանից եւ Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանցերի Տավուշի տարածքային բաժնից, սակայն երկու կառույցներում նշել են, որ իրենք դեռ որեւէ տեղեկություն չունեն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԻՆՉ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Թուրքական «Հյուրիյեթ» թերթի կայքը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի` Մոսկվայի այցից հետո գրում է, թե անհայտ է մնում, թե ինչ ճանապարհով է Ասադի ինքնաթիռը հասել Մոսկվա: Մասնավորապես կայքը գրում է, որ անհայտ է, թե որ երկրների տարածքն է օգտագործել Ասադը` Մոսկվա հասնելու համար: Ըստ կայքի` Սիրիայի նախագահի ինքնաթիռը Մոսկվա հասնելու երեք հավանական ճանապարհ ունի, ամենահավանական տարբերակն այն է, որ ինքնաթիռն անցել է Իրաքի ու Իրանի օդային տարածքով, ապա՝ Հայաստանի եւ Վրաստանի վրայով հասել է Ռուսաստան: Որպես երկրորդ տարբերակ է առաջարկվում Իրաքի, Իրանի ու թյուրքական պետությունների օդային տարածքներով Ռուսաստան մտնելը: Իսկ ամենաանհավանական տարբերակն այն է, որ ինքնաթիռն անցել է Միջերկրական ծովով, ապա՝ եվրոպական երկրների օդային տարածքով ու Սեւ ծովով հասել է Ռուսաստան:

 

ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել վերջինիս Սիրիայի փրկության համար, գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով Կրեմլի կայքում տեղակայված հաղորդագրությանը: Ինչպես հայտարարել է Սիրիայի առաջնորդը՝ «ՌԴ-ն եւ ռուս ժողովուրդը անգնահատելի աջակցություն են ցուցաբերում Սիրիային»: Ասադը նշել է նաեւ, որ այն քաղաքական քայլերը, որոնք ձեռնարկել է ՌԴ-ն ճգնաժամի սկզբից, թույլ չեն տվել, որպեսզի Սիրիայում իրադարձությունները ողբերգական ելք ունենան: Կրեմլի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ ասվում է, որ կողմերը քննարկել են ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը, սիրիական զինված ուժերի աջակցությունը, երկրում ռուսական գործողությունները, ինչպես նաեւ երկկողմ համագործակցությունը:

 
Ի ՎԵՐՋՈ ԿԳՆԵՆ
ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչ Մարիետա Աբրահամյանը դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն նույն քաղաքի Անկախության 4/3 հասցեում գտնվող շենքը գնելու խնդրանքով: Ի դեպ, տվյալ գույքը նախկինում վարձակալված է եղել «Մասիս» ՍՊԸ-ի կողմից, որի բաժնետերերը եղել են Վիլհեմ Աբրահամյանը եւ ընտանիքի մյուս անդամները, ընկերությունը ղեկավարել է որդին՝ Յուրիկ Աբրահամյանը: Իսկ Մարիետա Աբրահամյանը տվյալ ընկերության բաժնետեր Վիլհելմ Աբրահամյանի դուստրն է:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերը նշված ընկերությունը պարտավոր էր մինչեւ 1997 թվականի սեպտեմբերի 10-ը վճարել մոտ 350 հազար դրամ կանխավճար: Սակայն նշված ժամկետում ընկերության կողմից կանխավճար չի վճարվել, հետեւաբար զրկվել է օբյեկտը գնելու իրավունքից: Ըստ դիմող Մ. Աբրահամյանի՝ շենքը գնելու համար նշված ժամկետում կանխավճար չկատարելու պատճառը հանդիսացել է իր եղբոր՝ Յուրիկ Աբրահամյանի հանկարծակի մահը, ով զբաղվում էր մասնավորեցման հարցերով: Այժմ դիմումատուն խնդրել է հնարավորություն ընձեռել եւ այդ ժամանակ գործող օրենսդրության շրջանակներում սեփականաշնորհման խնդրին կրկին ընթացք տալ: Հավելենք, որ տվյալ անշարժ գույքը ներկայումս հաշվառված է ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության հաշվեկշռում: Իսկ վերջինս առաջարկում է գույքն ուղղակի վաճառքի ձեւով մասնավորեցնել Մ. Աբրահամյանին: Նկատենք, որ շենքը գտնվում է ծայրահեղ անբավարար վիճակում: Մ. Աբրահամյանը գրությամբ հայտնել է, որ գույքը գնելու դեպքում նախ այն պետք է քանդվի, եւ քանդելուց հետո միայն պարզ կդառնա կատարվելիք ներդրումների չափը: Այսպիսով, ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում համաձայնություն կտա վերոնշյալ անշարժ գույքն ուղղակի վաճառքի ձեւով մասնավորեցնել Մարիետա Աբրահամյանին: Նշենք, որ այս տարվա հունիսի 10-ին շենքի գնահատված արժեքը կազմել է 900 հազար դրամ: Նաեւ գնորդին կմասնավորեցվի գույքին հատկացված 520 քմ մակերեսով հողամասը` 421.200 դրամ կադաստրային արժեքով:




Լրահոս