Ո՞ՐՆ Է ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ. ՂԱԶԱՐՅԱՆՆ ԱՆՏԵՂՅԱԿ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ խոստովանել է, որ ինքը տեղյակ չէ, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ինչ է կատարվում: Սա այն դեպքում, երբ Հայաստանի ֆուտբոլը հենց այն ոլորտն է, որտեղ ակնհայտ խայտառակ իրավիճակ է տիրում: Մի քանի տարի առաջ բոլորը մեծ հույսեր էին կապում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ, քանի որ դրա կազմում բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստներ ընդգրկվեցին: Սակայն Հայաստանի հավաքականը խայտառակ ձեւով տապալվեց «Եվրո-016»-ի ընտրական փուլում. ութ խաղերից վեցում պարտվեց, իսկ երկուսում կարողացավ միայն ոչ ոքի խաղալ: Եւ պետք է արձանագրել, որ Հայաստանի ֆուտբոլը, թերեւս, այն եզակի ոլորտներից է, որտեղ միանշանակ ակնհայտ է՝ տարվող քաղաքականությունը սխալ է, եւ փոփոխության պետք է ենթարկել: Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը ոչ միայն իրավունք չունի ֆուտբոլում տիրող իրավիճակին ծանոթ չլինել, այլեւ, որպես ոլորտում պետական քաղաքականությունը իրականացնող գերատեսչություն, ուղղակի պարտավոր է ամենայն մանրամասնությամբ պարզել, թե ՀՖՖ-ում ինչ է կատարվում, եւ որոնք են ազգային հավաքականի ձախողման պատճառները՝ միջոցներ ձեռնարկելով իրավիճակը շտկելու համար: Սակայն նախարարը քաղաքական անմեղսունակություն դրսեւորելով՝ հայտարարել է, թե անտեղյակ է:
Իհարկե, հասկանալի է, որ նախարար Գաբրիել Ղազարյանին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պարզապես արգելել է ֆուտբոլով հետաքրքրվել, եւ ինքը, «շառից-փորձանքից հեռու», այդ սպորտաձեւի մասին մոռացել է: Բայց այդպես մի տեսակ սիրուն չէ:

 

 

 
Հայաստանի ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի շինարարության հարցը ՀՀ կառավարության օրակարգից որոշ ժամանակով դուրս է եկել: Այդ մասին է վկայում «Ժողովուրդ»-ի հարցմանը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի տված պատասխանը: Իհարկե, ՀՀ կառավարությունում այդ փաստն ուղղակի չեն խոստովանում, նշում են, որ ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը տասը տարով երկարաձգվելու է, եւ իրենք նոր էներգաբլոկի շինարարության խնդիրը լուծելու համար դեռ ժամանակ ունեն: Սակայն մյուս կողմից խոստովանում են, որ նոր էներգաբլոկի շինարարության համար շուրջ 5 միլիարդ դոլար գումար է հարկավոր, որից միայն մեկուկես միլիարդի տեղը միայն գիտեն, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը խոստացել է՝ որպես ներդրում տրամադրել ատոմային կայանի ռեակտոր` իր սարքավորումներով հանդերձ: Իսկ ամենակարեւորը մնացած գումարը «հայթայթելու» հարցն է, որի լուծումը ՀՀ կառավարությունը դեռեւս չունի:

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 26-ին Կարեն Դեմիրճյանին հետմահու պարգեւատրելու են՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում մեծ ավանդ ունենալու համար: Բայց ոչ ՀՀ իշխանությունների կողմից: Բանն այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով Մոսկվայում համառուսաստանյան հանձնաժողով կա ձեւավորված, որն էլ պատրաստվում է հուշամեդալներ հանձնել այն հայտնի քաղաքական գործիչներին, որոնք լուրջ ներդրում են ունեցել Հայոց ցեղասպանության ճանչման գործում: Ու հենց այդ հանձնաժողովն էլ Կարեն Դեմիրճյանին հետմահու պարգեւատրելու մասին որոշում է կայացրել: Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանը մութ ճանապարհներով հարստացած հայաստանյան մի շարք գործարարների կոստյումներին մեդալներ փակցրեց: Իսկ Կարեն Դեմիրճյանը որեւէ ձեւաչափով չհիշվեց. արդյո՞ք նա ոչինչ չէր արել ցեղասպանության ճանաչման հարցում:

 

 

 

 
Առաջիկա օրերին ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը հավանաբար նիստ կգումարի, որպեսզի ի վերջո որոշի, թե իրենց խմբակցությունից ովքեր են ցանկանում անվճար եթերաժամում ելույթներ ունենալ: Հիշեցնենք՝ Թեւան Պողոսյանը, որպես «Ժառանգություն» խմբակցության քարտուղար (քանի որ Զարուհի Փոստանջյանը դեռ պաշտոնապես խմբակցության ղեկավար չէ) կարող է դիմել եթերաժամ ստանալու խնդրանքով, բայց հայտարարել է, որ դա անելու է պայմանով, եթե իմանա, թե ինչ են մտածում այդ առնչությամբ խմբակցության մյուս անդամները: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե արդյոք ինքը մասնակցելու է այդ նիստին: «Մենք խմբակցությունում հարցը կքննարկենք, ու կարծում եմ, որ այդ հարցը կլուծվի: Կարծում եմ, որ եթերաժամ ունենալու է խմբակցությունը»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն էլ հավելեց. «Կարծում եմ այս օրերին կզրուցեմ Ռուբեն Հակոբյանի, Ալիկ Արզումանյանի հետ ու արդեն հստակ դիրքորոշում կներկայացնենք, թե ով ինչպես է ցանկանում օգտվել եթերաժամից»: Մեզ չհաջողվեց այս առնչությամբ Ալիկ Արզումանյանից մեկնաբանություն ստանալ:

 

 

 

 

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի վերջին քննարկման ընթացքում Ժիրայր Սէֆիլյանը հայտարարեց, թե դեկտեմբերի 1-ին իրենք հանրահավաք են անցկացնելու, որին հրավիրում են վճռական տրամադրված քաղաքացիների` սկսելու զանգվածային անհնազանդություն: Սէֆիլյանը ընդգծեց, որ իրենք օգտագործելու են խաղաղ անհնազանդության իրավունքը` զորեղ ճնշում գործադրելու համար իշխանությունների վրա` նրանց թողնելով ընտրությունը` նահանջել խաղաղ ձեւով, թե ոչ խաղաղ:
Սէֆիլյանի այս հայտարարությունները, վստահաբար, շատերի մոտ առաջացրին «դեժավյու», ընդ որում, շատ թարմ` ոչ վաղ անցյալից: Նա, հիշեցնենք, նույնաբովանդակ հայտարարություններով հանդես եկավ նաեւ անցած մարտի վերջին, երբ ղեկավարում էր «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը եւ իր համախոհների հետ նպատակ էր դրել տապալել հենց ապրիլի 24-ի միջոցառումները: Այդ ժամանակ էլ Սէֆիլյանն ասում էր, որ իրենք տանից դուրս են գալու եւ էլ չեն վերադառնալու, մինչեւ «ռեժիմին» չտապալեն, եւ որ եթե «ռեժիմը» իրենց նկատմամբ ուժ կիրառի, ապա իրենք էլ իրենց իրավունք կվերապահեն դիմելու համարժեք գործողությունների: Թե ինչ եղավ դրանից հետո, բոլորին է հայտնի: Ապրիլի 7-ին ձերբակալված Սէֆիլյանն ու նրա ընկերները կարճ ժամանակ անցկացրին ճաղերի հետեւում, ապա ազատ արձակվեցին` դրանից հետո, ըստ էության, այլեւս մոռանալով «100-ամյակն առանց ռեժիմի» իրենց կարգախոսը:
Եվ հիմա, փաստորեն, Սէֆիլյանն ու նրա ընկերները փորձ են անում խաղարկել նույն սցենարը` հստակ իմանալով, որ իշխանությունների հակազդեցությունը չի ուշանալու: Երեկ արդեն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Սէֆիլյանի` դեկտեմբերի 1-ին զանգվածային անհնազանդության կոչերի կապակցությամբ հայտարարել է.«Ի՞նչ է, իրավապահները ձեռքերը ծալած պետք է նստեն, որ մարդկանց անհնազանդության կոչեր անեն, եւ քաշքշուկներ սկսվի սեփական ժողովրդի հե՞տ: Դա թույլ չենք տալու»: Կարելի է չկասկածել, որ Բաղդասարյանի սպառնալիքները զուտ վախեցնելու համար չեն, եւ որ հարկ եղած դեպքում իշխանությունները չեն վարանի հերթական անգամ գործի դնել բռնաճնշումների մեքենան: Եթե նրանք դա արեցին անգամ Բաղրամյանի ցույցերի օրերին, այս դեպքում հաստատապես կանեն:
Այլ խնդիր է, թե ինչու են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներն ամեն ինչ անում (հերթական անգամ իշխանությունների կողմից «հալածյալի» իմիջ ստանալու համար) հստակ գիտակցելով, որ սահմանադրական հանրաքվեից վեց օր առաջ հնարավոր չէ զանգվածային այնպիսի մասշտաբի անհնազանդություն իրականացնել, որը թույլ կտա իրավիճակ փոխել:
Տխուր է, բայց կարծեք թե իրավացի են այն գործիչները, որոնք պնդում են, թե «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հիմնական նպատակը ոչ թե իշխանափոխությունն է կամ հանրաքվեի տապալումը, այլ ընդդիմադիր դաշտում կայանալը` 2017թ. խորհրդարանական ընտրությունների մարաթոնից առաջ:




Լրահոս