ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե անձն ինչպես կարող է ստանալ երկքաղաքացիություն: Խնդրում եմ մի փոքր ծանոթացնել դրա ձեռք բերման կարգին: 
Համլետ Պետրոսյան 
(30 տարեկան, ծրագրավորող)
ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ նշենք, որ ՀՀ երկքաղաքացի է համարվում այն անձը, որը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի, ունի նաեւ այլ պետության (երկրների) քաղաքացիություն:
ՀՀ երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես ՀՀ քաղաքացի: Սույն նորմը տարածվում է նաեւ 1995թ. հունվարի մեկից հետո առանց սահմանված կարգի ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիությունից միակողմանի հրաժարված ՀՀ քաղաքացիների վրա:
Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի վերջինիս քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները եւ կրում է ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ ՀՀ միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում պարտավոր է այդ մասին ՀՀ կառավարության սահմանած կարգով, մեկամսյա ժամկետում հայտնել ՀՀ ոստիկանության ԱՎ վարչություն կամ ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներին, իսկ օտարերկրյա պետություններում՝ գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին: Ժամանակին չհայտնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն՝ տուգանք՝ 50.000 դրամի չափով:
ՀՀ սփյուռքի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե Հայաստանի Հանրապետությունում չբնակվող եւ մեր երկրի հետ չառնչվող քաղաքացին կրում է տեղաբնակի համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, ապա յուրաքանչյուր ոք կձգտի օր առաջ հրաժարվել անձնագրից` վերը նշվածից խուսափելու նպատակով:




Լրահոս