ՆՈՐ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՄԱՍԻՆ ԱՌԱՅԺՄ ՄՈՌԱՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ատոմային էլեկտրակայանի նոր` երրորդ էներգաբլոկի կառուցման համար անհրաժեշտ է 5 միլիարդ դոլար: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի անունից ստացված գրությունից:

Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման մասին խոսվում է ավելի քան յոթ տարի: Սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, այս թեման պաշտոնական լրահոսում մի տեսակ մոռացության է մատնվել: Ուստի մենք ՀՀ կառավարությունից փորձեցինք պարզել, թե ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներից այս պահին որքանն է հնարավոր եղել հայթայթել: Երվանդ Զախարյանի ստորագրությամբ տրված պատասխանում նշված է. «2010 թ. ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ստորագրվել է «ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկ(ներ) կառուցելու համագործակցության մասին» համաձայնագիրը, որով ՌԴ-ն հանդիսանում է ներդրող եւ ներդրման մասը հավասար է «ռեակտորային կղզյակի» սարքավորումների արժեքին` ընդհանուր ներդումների մոտ 35 տոկոսը»: Այլ կերպ ասած՝ անցած տարիների ընթացքում ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման համար անհրաժեշտ միջոցներից մինչ օրս հաջողվել է միայն ռուսական կողմից կոնկրետ խոստում ստանալ` ռեակտորը եւ կից սարքավորումները մատակարարելու տեսքով, որոնց արժեքը կկազմի մոտ մեկուկես միլիարդ դոլար: Իսկ շինարարության համար անհրաժեշտ մնացած ֆինանսական միջոցների հայթայթելու մասին, ստացվում է, որ նորություններ չկան:
Նշենք, որ հիշատակված համաձայնագրի ստորագրումից անցել է ավելի քան հինգ տարի, բայց նոր էներգաբլոկի կառուցման գործընթացն այդպես էլ տեղից չի շարժվում: Նաեւ այս փաստի պատճառով է, որ լուրեր են շրջանառվում այն մասին, թե ռուսական կողմը հրաժարվել է ֆինանսավորել Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարությունը: Այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան՝ Երվանդ Զախարյանը պատասխանել է. «ՌԴ-ն չի հրաժարվել իր ստանձնած պարտավորություններից: Պարզապես հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը մեզ հնարավորություն եւ ժամանակ է տալիս եւս մեկ անգամ վերլուծել միջուկային տեխնոլոգիաների միջազգային շուկայի առկա եւ սպասվող առաջարկները՝ մասնավորապես միջին հզորության էներգաբլոկի հետ կապված»:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի վերը բերված պատասխանից ակնհայտ է դառնում, որ նոր էներգաբլոկի կառուցման համար պակասող 3,5 միլիարդ դոլարը հայթայթելու հարցում ՀՀ կառավարությունը ոչ մի առաջընթաց չի արձանագրել: Պարզապես ՀԱԷԿ-ի երկրորդ` գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու հանգամանքը Հայաստանի իշխանություններին հնարավորություն է տալիս այս խնդրի լուծումը եւս մի քանի տարով հետաձգել: Այն հանգամանքը, որ ՀՀ իշխանություններին չի հաջողվել անցած տարիներին այդ խնդիրը լուծել, շատ պարզ բացատրություն ունի: Բանն այն է, որ Հայաստանն ակնկալում էր այդ գումարը ստանալ եվրոպական կառույցներից: Ուստի քանի դեռ Հայաստանը բանակցում էր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր կնքելու շուրջ, ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության խնդիրը շարունակում էր օրակարգում մնալ:
Բայց այն պահից, երբ Սերժ Սարգսյանը 2013-ի սեպտեմբերի 3-ին հայտարարեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին, էներգաբլոկի շինարարության հարցը մեխանիկորեն օրակարգից դուրս եկավ: Եվրոպական կառույցների մոտեցումը լրիվ հասկանալի է, ինչու պետք է նրանք ֆինանսավորեն մի նախագիծ, որի արդյունքում Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից կդառնա անշրջելի: Իսկ եթե Հայաստանը ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը ստորագրեր, ապա հնարավոր կլիներ ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկը կառուցել առանց ռուսական կողմի ներգրավվման: Բանն այն է, որ Ռուսաստանը վերը նշված համաձայնագրով, որը ստորագրվել է 2010-ին, խոստացել է Հայաստանին հատկացնել ՋՋԷՌ-1000 տեսակի ռեակտոր, որի հզորությունը հազար մեգավատ է: Բայց Ֆրանսիան կարող է տրամադրել 600 մեգավատ հզորությամբ, որը ռուսական ռեակտորից անհամեմատ էժան կարժենա, եւ Հայաստանի էներգետիկ հզորությունն էլ դրանից չի տուժի, քանի որ այն ամեն դեպքում ՀԱԷԿ-ի ներկայիս 400 մեգավատ հզորությամբ էներգաբլոկից մեկուկես անգամ ավել հոսանք կարտադրի: Այլ կերպ ասած՝ առաջիկա տարիներին Հայաստանը գործնականում պետք է մոռանա ատոմային նոր էներգաբլոկ կառուցելու մասին, քանի որ դրա հիմքում խորքային քաղաքական խնդիրներ են ընկած, որոնք Հայաստանի ներկա իշխանությունները ի վիճակի չեն լուծել: Հայաստանի ներկա իշխանությունները ի վիճակի չեն Ռուսաստանին ոչ ասել, իսկ եվրոպացիներն էլ չեն ցանկանում «հենց այնպես» նման լուրջ գումարներ ներդնել:
Ամենեւին էլ պատահական չէ, որ հենց Ռուսաստանը խոստացավ ֆինանսավորել ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները: Այս նպատակով ռուսական կողմը խոստացել է Հայաստանին տրամադրել 270 մլն դոլարի «արտահանման վարկ» եւ 30 մլն դոլարի դրամաշնորհ: Այլ կերպ ասած՝ ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման աշխատանքների իրականացումը, այդ թվում նաեւ անհրաժեշտ նյութատեխնիկայի ապահովմամբ հանդերձ, կիրականացնի ռուսական կողմը, ինչը կձեւակերպվի որպես վարկ:
Ի դեպ, մեր հարցմանն ի պատասխան՝ Երվանդ Զախարյանը նշել է, որ ՀԱԷԿ-ի էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներն արդեն իսկ սկսվել են: Մեր տեղեկություններով՝ արդեն իսկ Հայաստան են ժամանել շուրջ երկու հարյուր ատոմային էներգետիկայի ռուս մասնագետներ, որոնք զբաղված են ՀԱԷԿ-ի գործող վիճակի գնահատմամբ: Հիշեցնենք, որ այդ աշխատանքները պետք է ավարտվեն 2017 թվականին, եւ դրանց արդյունքում ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը պետք է երկարացվի մինչեւ 2027 թվականը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
Հոկտեմբերի 11-ին Հայաստան-Ալբանիա ֆուտբոլային խաղից հետո ալբանական եւ սերբական կայքերը սկսեցին լուրեր տարածել այն մասին, որ ալբանացիները Հայաստանի հավաքականի չորս խաղացողների 500 հազարական դոլար գումար են վճարել, որպեսզի այդ հանդիպումը ալբանացիների օգտին ավարտվի: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում 3:0 հաշվով պարտվեց ալբանացիներին: Այս խաղը ալբանացիների համար առանցքային նշանակություն ուներ, քանի որ հաղթանակի դեպքում նրանք առաջին անգամ իրավունք էին ստանալու մասնակցել ֆուտբոլի եվրոպայի առաջնությանը, որը եկող տարի տեղի է ունենալու Ֆրանսիայում: Հենց այդպես էլ տեղի ունեցավ. Ալբանյան «Եվրո-2016»-ին մասնակցելու իրավունք ստացավ: Ըստ լուրերի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում որոշակի ներքին ուսունասիրությունների արդյունքում եկել են այն եզրակացության, որ հավաքականի առանձին խաղացողներ, հնարավոր է, ալբանացիների հետ ինչ-որ «համագործակցության» գնացած լինեն: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս առիթով ՀՖՖ մամլո խոսնակ Արայիկ Մանուկյանից մեկնաբանություն ստանալ, սակայն ապարդյուն: Ուստի անհնար եղավ իմանալ՝ ի՞նչ է սպասվում «կասկածյալ» ֆուտբոլիստներին:

 

ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԹԻՎԸ ԴԵՌ ՊԱՐԶ ՉԷ
Սահմանադրական հանրաքվեի կազմակերպման միջոցառումների ժամանակացույցի համաձայն՝ երեկ տեղամասերի կազմավորման վերջին օրն էր: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ գործընթացն ավարտվել է: «Լիազոր մարմինը՝ համայնքի ղեկավարի եւ տարածքային հանձնաժողովի անդամների մասնակցությամբ ավարտել է տեղամասերի կազմավորման աշխատանքները: Դրանից հետո արդեն այդ տեղեկությունները փոխանցվում են համայնքի ղեկավարին, որպեսզի վերջիններս սահմանեն տեղամասային կենտրոնները: Տեղամասային կենտրոնները սահմանվելուց հետո դրանք կփոխանցվեն արդեն համապատասխանաբար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ, կիրականացվի համարակալումը, եւ մենք կհրապարակենք տեղամասերի թիվը: Տեղամասերը կկազմավորվեն մինչեւ հոկտեմբերի 24-ը, իսկ հոկտեմբերի 26-ին կսահմանվեն տեղամասերի համարները»,- տեղեկացրեց Մուկուչյանը:

 

ՊԱՐՏՔԵՐԸ ՎՃԱՐԵԼ Է
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը (մականունը՝ Ճոյտ) վստահեցրեց, որ ՀՀ ֆինանսների նախարարության հետ բոլոր պարտք ու պահանջի հարցերը լուծված են: Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Հակոբ Հակոբյանին կալանավորել էին հարկային պարտավորությունները չկատարելու համար: Երկու ամիս անց նա ազատ արձակվեց, քանի որ հարկային պարտավորությունների մի մասն արդեն իսկ վճարել էր:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԼՐԱՎՃԱՐ ԿՏԱՆ
Կառավարությունը լրավճար կտա պետական եւ տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող պետական բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձր լեռնային վայրերում աշխատելու համար։ Լրավճարի չափը աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տեւողության դեպքերում կազմում է ամսական 8 հազար դրամ:

 

ՏԵՂՅԱԿ ՉԻ ԵՂԵԼ
Անդրադառնալով ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գիտխորհրդում նախօրեին կայացված որոշմանը` ոչ ասել սահմանադրական փոփոխություններին, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ArmLur.am-ին ասել է, թե ինքը նախօրեի երեկոյան է իմացել հրավիրված նիստի մասին եւ մանրամասներին չի տիրապետում. «Իրենք ուղղակի ասել են, որ կարելի էր հիմա չանել, որովհետեւ պատերազմական իրավիճակում գտնվող երկիր ենք, կարելի էր հետաձգել դա»: Սիմոնյանը հավաստիացրել է, որ իր կողմից ֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հանդեպ ճնշումներ չեմ եղել եւ չեն լինի: Հիշեցնենք, որ Երեւանի պետական համալսարանի խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է:

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է
Երեկ Սերժ Սարգսյանը Մադրիդում հանդիպել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլին: Զրուցակիցները քննարկել են ԵԺԿ-ի հետ հետագա համագործակցության զարգացմանը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հեռանկարին, ՀՀԿ-ԵԺԿ միջկուսակցական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Կողմերն անդրադարձել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին: Ավելի ուշ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովին:

 

900 ԿՐԱԿՈՑ
Հոկտեմբերի 21-ին եւ լույս 22-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:




Լրահոս