Երգիչ Վահագ Ռաշը (Վահագն Ռուշանյան) վերջերս հանրությանը ներկայացրեց Միսաք Մեծարենցի հայտնի ստեղծագործություններից մեկի հիման վրա գրված «Կարմիր ծաղիկ մը» երգը` նոր երաժշտությամբ: Վահագը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսել է համարձակ այդ քայլից, անդրադարձել իր արվեստի մասին հնչած քննադատություններին, նշել ակումբում չերգելու պատճառները:
-Վահա՛գ, արդեն ծանոթ բանաստեղծությունը նոր մեղեդու ուղեկցությամբ մատուցելը ռիսկային չէ՞ր: Չվախեցա՞ք, որ մարդիկ այն կհամեմատեն Ռոբերտ Ամիրխանյանի` իրենց ականջին արդեն ծանոթ երաժշտության հետ եւ, հնարավոր է,նաեւ չընկալեն:
-Նախ ասեմ, որ իմ մատուցած երաժշտությունը գրվել է Ռոբերտ Ամիրխանյանի երաժշտությունից առաջ, հորս` Աշոտ Ռուշանյանի կողմից, եւ ես առաջինը հենց այդ տարբերակն եմ լսել: Իսկ տարիներ հետո, երբ լսեցի նաեւ Ամիրխանյանի տարբերակը, որոշեցի, որ այդ երգին այլեւս չեմ անդրադառնա: Սակայն վերջերս մի հավաքույթի ժամանակ հայրս երգեց իր գրած երաժշտությամբ երգը, եւ ես որոշեցի, որ այն պետք է անպայման ձայնագրվի, ափսոս է: Թող նույն բառերով երկու երգ լինի: Ի դեպ, Ամիրխանյանի երգում Մեծարենցի տեքստը մի քիչ թերի է, իսկ մենք խոսքերն ամբողջությամբ պահել ենք: Ինձ թվում է` այս նոր տարբերակն էլ կսիրվի ժողովրդի կողմից: Ճիշտ է, քայլը ռիսկային է, սակայն ինձ համար էլ է շահեկան, որ այն ուրիշ տարբերակ ունի, քանի որ մարդիկ հետաքրքրությամբ կլսեն նորը:
-Առաջին անգամը չէ, որ հայ դասականի բանաստեղծության հիման վրա երգ եք գրում: Դասականներին ընտրում եք, որովհետեւ հոգեհարազա՞տ են, թե նոր սերնդին նրանց մասին հիշեցնելու խնդիր եք Ձեր առջեւ դրել:
-Ինձ հոգեհարազատ են այն բանաստեղծությունները, որոնք կարդացել, սովորել եմ դեռ մանկուց, դրանց վրա ավելի հեշտ է երգ կառուցելը, քան նոր, անծանոթ տողերի, որոնք դեռ պետք է մարսել: Երեւի 15-20 օրից կձայնագրենք Տերյանի «Հրաժեշտի խոսքեր» բանաստեղծության հիման վրա գրված երգը, Իսահակյանի խոսքերով «Գիշերն եկավ» երգը կմատուցեմ ինձ հարազատ ոճում, ինչպես նաեւ ռուս պոետներից Իննոկենտի Աննենսկիի բանաստեղծություններից մեկի հիման վրա մի երգ եմ մշակում, այն գործիքավորման փուլում է:
-Ձեր արվեստի մասին դրական խոսքերից զատ լսել եմ նաեւ կարծիք, որ դրանում առկա է որոշ պաթոս: Ի՞նչ կասեք:
-Շատերին հոգեհարազատ չեն իմ երգերի ռոքային էլեմենտները, ավագ սերնդին շատ դուր չի գալիս հայկական երգերը լսել էլեկտրոկիթառի նվագակցությամբ, երեւի դրա համար են ոմանց դրանք խորթ թվում. այս առումով նրանք երգը մարսելու կարիք ունեն: Իսկ, առհասարակ, ինձ համար ավելի լավ է ունենալ փոքրաքանակ, բայց որակով լսարան: Ի վերջո, ես միայն հաճույքի համար եմ երգում, եւ երգարվեստն ինձ համար բիզնես չէ:
-Ի դեպ, մի առիթով նշել էիք, որ գումար աշխատում եք՝ երգարվեստի հետ առհասարակ կապ չունեցող աշխատանք կատարելով: Թերեւս, եթե արտիստը եկամտի այլ աղբյուր ունի, նա ավելի ազնվորեն է նվիրվում իր արվեստին…
-Համաձայն եմ: Լինում է երկու տեսակ երգ` հոգով գրված եւ պատվերով: Այս վերջինը շատ կարճ կյանք է ունենում, իսկ հոգով գրված երգը լսվելու է միշտ: Ինքս էլ երբեմն ունենում եմ պատվերներ, նաեւ ուրիշների երգերն եմ գործիքավորում, բայց դա պահի երգ է ստացվում, այդ պահին ակորդները շարեցիր, վերջ. սոլֆեջիո է: Անկեղծ ասած` իմ ասած հոգով գրված երգեր մեր արդի երգարվեստում երկար ժամանակ է` չեմ լսել. ոնց որ նույն երաժշտությունը տարբեր բառերով երգեն: Ինչ վերաբերում է կողմնակի եկամտին, այո, հիմա էլ շինարարության ոլորտում եմ աշխատում, զբաղվում եմ ապրանքների ներկրմամբ: Ունեմ ծրագրավորողի, նաեւ հաշվապահական կրթություն, բայց իմ մասնագիտությամբ չեմ աշխատում, թեեւ օգտագործում եմ որոշ հմտություններ:
-Ակումբներում ինչո՞ւ Ձեզ չենք տեսնում:
-Չեմ ուզում այդ տեղերում երգել, կարծում եմ` այդ կերպ երգիչները սպառում են իրենց: Պատկերացրեք` ես ակումբներում ամեն օր երգեմ, Դուք, ասենք, ամիսը երկու անգամ գաք, ինձ լսեք, էլ Դուք կգա՞ք իմ մենահամերգին: Եվ հետո, ակումբներում երգում են հիմնականում հայտնի երգերի «քավեր» տարբերակներ, ոչ ոք չի ուզենա, որ ես գնամ իմ ոչ հիթային երգերից կատարեմ…
-Իսկ մտածո՞ւմ եք մենահամերգի մասին: Երկրպագուները երկար ժամանակ է` սպասում են, սակայն այն չի իրականանում, ինչո՞ւ:
-Հայաստանում հիմնականում բարեգործական համերգների եմ հրավիրվում, երկար ժամանակ է` ուզում եմ համերգ տալ, սակայն խմբիս անդամներից մեկը միշտ բացակայում է երկրից: Նրանց չեմ կարող մեղադրել. եկամտի ուրիշ աղբյուրներ ունեն, արտասահմանում են աշխատանք փնտրում, չեմ կարող ասել` միայն ինձ մոտ նվագեք: Դրա համար էլ Հայաստանում դժվար է կոնկրետ մեկ բենդ պահելը, ուստի շատ հավանական է, որ մյուս տարվանից ուրիշ երաժիշտների հետ աշխատեմ: Տեսնենք` ինչպես կստացվի…
DJ ՍԵՐԺՈՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԻՐԵՆ ԳՐԱԳՈՂ ԱՆՎԱՆՈՂՆԵՐԻՆ
Վերջերս կայքերում եւ բլոգերում հայտնվեցին նյութեր, որոնցում հեղինակները DJ Սերժոյին մեղադրում էին գրագողության մեջ: Նշվում էր, որ «Մի քանի հոգի» խմբի «Աղջիկ-չղջիկ» երգի երաժշտության հեղինակ DJ Սերժոն երգի սկզբնամասն ամբողջովին վերցրել է Ադրիանո Չելենտանոյի «Pay, pay, pay» երգից: «Բայց ինչո՞ւ մենք սկսեցինք բավարարվել ուրիշի ոգեշնչումից ծորած մտքերով, արդյո՞ք արժանի չենք մեզ համար ստեղծված երգը լսել, մեզ համար գրված խոսքը կարդալ»,-նշված էր նյութերից մեկում։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Սերժոն «հակահարված» հասցրեց բոլոր քննադատություններին եւ որակումներին: «Հիփ-հոփ եւ ռեփ երաժշտության կուլտուրայում գոյություն ունի «սեմփլինգ» հասկացություն. որեւէ երգից, հիմնականում` ավելի հին, վերցվում է որեւէ մաս, եւ դրա շուրջ կառուցվում է բիթը, այն բիթը, որի հիման վրա հետո ռեփերը կարդում է երգը: Բոլոր հայտնի ռեփերները կիրառում են այս պրակտիկան: Օրինակ` Թուփաքի բիթերի մեծ մասում օգտագործված են հին ամերիկյան ջազային երաժշտության կտորներ: Խնդիրն այն է, թե երաժիշտը ինչ կանի այդ կտորի հետ, ինչպես այն կձեւափոխի եւ ինչպես կմատուցի»,-մեկնաբանեց Սերժոն` հավելելով, որ «գողություն» որակումը տվյալ դեպքում ոչ միայն անտեղի է, այլեւ անգրագետ:
Իդեպ, քննադատական նյութերից մեկում նման մեկնաբանություն էր արվել. «Ամբողջ լկտիությունը նրանում էր, որ ոչ մի բան գրված չէր երգի մեջ, թե վերցրել ենք այստեղից կամ զղջում ենք։ Դասական գողություն»:
Այս առնչությամբ Սերժոն տեղեկացրեց, որ ձայնասկավառակում, որտեղ ներառված է «Աղջիկ-չղջիկ» երգը, նշված է, թե որ երգի դեպքում ինչ ռետրո երգի նմուշ է օգտագործվել. «Տվյալ երգի դեպքում էլ գրված է, որ օգտվել եմ Չելենտանոյի «Pay,pay,pay» երգից: Ի դեպ, միայն այս երգի հետ չէ, որ նման փորձ ենք արել. ստեղծագործություններից մեկում էլ Օրբելյանի երաժշտությունից ենք օգտվել եւ կրկին նշել ենք այդ մասին: Դա հո չի՞ նշանակում, թե գողություն ենք արել»,-եզրափակեց Սերժոն:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՍԵՎԱԿԸ` ԳԵՐՄԱՆԵՐԵՆՈՎ
«Ու ծակում հոգիս» խորագրի ներքո գերմանախոս ընթերցողի դատին են հանձնվել Պարույր Սեւակի ստեղծագործությունները: Հոկտեմբերի 22-ին Հայաստանի գրողների միությունում անցկացվել է Սեւակի 24 եւ 4 բանաստեղծություններն ամփոփող հայերեն-գերմաներեն գրքի շնորհանդեսը: «Բնակվում եմ Գերմանիայում արդեն 30 տարի: Պարույր Սեւակի բանաստեղծությունների այս փոքրիկ գիրքը ստեղծվել է իմ եւ գրող Հայդե Ռիկի շնորհիվ: Ընտրել ենք 24+4 բանաստեղծություններ. 24-ը խորհրդանշում է ապրիլի 24-ը, 4¬ը` չորրորդ ամիսը` ապրիլը: Պարույր Սեւակի բանաստեղծական բոլոր շերտերը գերմանացի ընթերցողին ներկայացնելու նպատակ ունեինք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է բանաստեղծ, գրքի թարգմանիչ Ագապի Մկրտչյանը: Նրա խոսքով` ավելի վաղ Գերմանիայում հրատարակվել են Սեւակի բանաստեղծությունները ներառող ժողովածուներ: «Այս ժողովածուի առաջին շնորհանդեսն այստեղ ենք անում, պատրաստվում ենք նոյեմբերի 20-ին էլ Վիզբադենում շնորհանդեսն անել: Գիրքը տպագրվել է 1000 օրինակով Բեռլինի «Hans Schiler» հրատարակչությունում»,- նշել է Ագապի Մկրտչյանը` հավելելով, որ գերմանացի ընթերցողը լավ է ընդունում Սեւակին:
ԵՐԿՐՈՐԴ ՇԱՆՍ
Ինչպես հայտնի է՝ Քլոե Քարդաշյանի ամուսինը` բասկետբոլիստ Լամար Օդոմը, թմրադեղերի ազդեցության տակ մարմնավաճառների հետ ունեցած «արկածներից հետո» կոմայի մեջ էր ընկել: Օրերս նա ուշքի է եկել, ու նրան Լաս Վեգասից տեղափոխել են Լոս Անջելես: TMZ-ի փոխանցմամբ` Քլոե Քարդաշյանի դատապաշտպանը՝ Լաուրա Ուասերը, հետ է վերցրել ապահարզանի մասին դիմումը, որը Քլոեն երկու տարի առաջ էր տվել: Ինչպես հայտնում են պորտալի աղբյուրները՝ Քլոե Քարդաշյանն ու Լամար Օդոմը հետ են կանչում ապահարզանի թղթերը ու իրենք իրենց երկրորդ շանս են տալիս: Ընտանիքի վերամիավորման մասին որոշումը զույգը միասին է կայացրել այն բանից հետո, երբ Լամարը Քլոեին խոստացել է այլեւս թմրադեղեր չընդունել: