Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը խորհրդարանում քննադատում են ոչ միայն ընդդիմության, այլև իշխանության ներկայացուցիչները:
Զեկույցը սուր քննադատության արժանացրեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: «Բյուջեից այդքան ռեսուրսներ են ծախսվում, որ ունենանք անատամ ու ոչինչ չասող տարեկան զեկո՞ւյց», – նշեց նա, հավելելով, որ այդ ամբողջը ջուր ծեծոցի է:
Ֆարմանյանը մեջբերեց այն հատվածները, որոնք, ըստ իրեն, անլուրջ են: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում միջատները կծել են դատապարտյալների ոտքերը և ձեռքերը: Գրեիք, որ հատուկ ուսուցում անցած ճանճերը խանգարել են դատապարտյալների քունը: Կարելի՞ է այդքան անլրջացնել ՄԻՊ զեկույցը»,- հարցրեց նա:
Ֆարմանյանը ընդգծեց, որ իրենք ՄԻՊ-ին հրավեր էին ուղարկել մասնակցելու և ելույթով հանդես գալու Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական պատվիրակությունների հանդիպմանը. «Մենք պատասխան ենք ստանում, որ միջոցառմանը կներկայանա իր առաջին տեղակալը: Դուք սկի մի տեղակալ չեք, ո՞նց եք տեղակալ ուղարկում նման հանդիպմանը»,- հավելեց նա: