Ինչպես արդեն հայտնել է ArmLur.am-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստիին», Կահիրեում ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մի շարք զինյալներ: Հայտնի է, որ ծայրահեղականների կողմնակիցները մի շարք ահաբեկչություններ են պլանավորել Եգիպտոսի հանգստավայրերում:
Աղբյուրը հայտնում է, որ իսլամիստները Եգիպտոս են ժամանել Լիբիայից: Նրանց շարքում եղել են Հայաստանի, Սիրիայի, Իրանի, Սերբիայի ու անգամ Բելառուսի քաղաքացիներ: Տեղի հատուկ ծառայությունների տվյալներով` ահաբեկիչները հետևել են գլխավոր զբոսաշրջային օբյեկտներին` Գիզայի բուրգերը, Կահիրեի զվարճանքի կենտրոնները, ինչպես նաև ոստիկանական տեղամասերն ու զբոսանավերը: Նրանց մոտ հայտնաբերել են Եգիպտոսի ոստիկանական հագուստ, ինչպես նաև «Իսլամական պետության» խորհրդանիշով հագուստ:
ArmLur.am-ին Արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ նման տեղեկություն իսկապես կա, սակայն մուսուլմանի անուն-ազգանուն ունեցող հիշատակված մարդը Հայաստանի քաղաքացի չի հանդիսանում: Այժմ տեղի դեսպանատունը զբաղվում է խնդրով՝ հասկանալու համար ինչ առնչություն ունի այդ մարդը Հայաստանի հետ: