«Մետաքսի» մոտ տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի մերձավորներից է. ինչն է եղել կրակոցների պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 25-ին «Մետաքս Գոլդ»-ի մոտ տեղի ունեցած կրակոցները տարաբնույթ հրապարակումների տեղիք տվեցին: Լուրեր շրջանառվեցին, թե բախումը տեղի է ունեցել Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի մերձավորների և մի քանի այլ երիտասարդի միջև, որոնք էլ իրենց հերթին հանդիսանում են քրեական հեղինակություն համարվող Մետաքսի Պելեի մտերիմները:

Այն, որ Մետաքսում տեղի ունեցած միջադեպը պետք է կապվեր Գագիկ Բեգլարյանի հետ, միանգամայն տրամաբանական է, քանի որ նա համարվում է Մետաքս թաղամասի գլխավոր դերակատարը, կամ, ինչպես ասում են, հարց լուծողը: Բայց հոկտեմբերի 24-ին հնչած կրակոցներն այնքան էլ «բարձրաստիճան» չէին:

Նախ հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին հիշատակված վայրում հրազենային վիրավորում է ստացել չորս երիտասարդ՝ Վլադիմիր և Վահագն Գևորգյանները, Արման Ավագյանն ու Արման Սրապիոնյանը: Երիտասարդները հայտարարել էին, թե չեն ճանաչում «հակառակորդ» կողմին: Սակայն կարճ ժամանակում հայտնի դարձավ, որ, իրականում, նրանք իրար ավելի քան լավ են ճանաչում:

Այսպես, ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ վիրավոր 4 երիտասարդներն իրեց «թայֆայով»  մշապես բախման մեջ են եղել Մետաքսի Մայիսիկի եղբորորդի Դավիթի, նրա փեսա Մետաքսի Պելեիի շրջապատի հետ: Իսկ հերթական կրակոցը հնչել է նրանց ունեցած վաղեմի թեմայի համար. երկու խմբավորումները թաղամասում իրենց ազդեցությունը մեծացնելու համար մշտապես վիճել են միմյանց հետ` պարբերաբար բախվելով միմյանց: Մեզ տեղեկություններ հասան նաև, որ մոտ մեկ տարի առաջ տղաները ևս մի լուրջ միջադեպի մեջ են ընկել, պարզապես ամեն ինչ այս անգամվա ավարտը չի ունեցել, աղմուկ չի բարձրացել:

Սակայն այս անգամ հնչած կրակոցները մեծ աղմուկ առաջացրին, քանի որ «գործի մեջ ոստիկան» կար: Մեր հավաստի տեղեկություններով՝ վիրավորված Վլադիմիր Գևորգյանը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանի որդու աներձագն է: Դրա համար էլ այս անգամ հնարավոր չի եղել անաղմուկ կարգավորել խնդիրները, և այսօր կրակոցների փաստի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:

Ու մինչ խնդիրը իրավական հարթությունում քննության առարկա կդառնա, ցուցմունքներ կվերցնեն ու ընթացք կտան, կողմերին Մետաքսի դերակատարները արդեն «բարիշեցրել են»:

Տաթև Հարությունյան




Լրահոս