Ի՞նչ է կատարվում կանանց գաղութում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ մի քանի օր է՝ ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում լարված մթնոլորտ է տիրում: Անազատության մեջ հայտնված կանայք վստահեցնում են, որ իրենց նկատմամբ ճնշումներ են գործադրվում, իրավունքները խախտվում են:

Այսպես, ArmLur.am-ի խմբագրություն է դիմել կին դատապարտյալներից մեկի ազգականը, ով խնդրել է իր անունը չհրապարակել և հայտնել, որ անազատության մեջ հայտնված իր մերձավորը պատրաստվում է հացադուլ հայտարարել: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ պատճառը կալանավորներից մեկի պատժախցում հայտնվելն է: Իսկ սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՔԿՀ աշխատակիցը հայհոյել է դատապարտյալ կնոջը, վերջինս էլ փորձել է պաշտպանել իր իրավունքները:

Վրդովված քաղաքացին պատմեց, որ իր տեղեկություններով՝ դատապարտյալ Էդիտա Ներկարյանի և ՔԿՀ օպերլիազոր Կարեն Սարգսյանի միջև դեռևս անհայտ հարցի շուրջ վիճաբանություն է սկսվել և այն աստիճան սրվել, որ կողմերն իրար սկսել են հայհոյել: Կարեն Սարգսյանը, ըստ լուրերի, անգամ հարվածել է տիկնոջը: Եվ դրանից հետո պատժախցում հայտնված կնոջ բախտակից ընկերուհիները որոշել են անժամկետ հացադուլ հայտարարել՝ ասելով, որ նրանցից յուրաքանչյուրն էլ կանգնած է Էդիտայի կարգավիճակում հայտնվելու վտանգի առջև:

Երբ փորձեցինք կատարվածի շուրջ մեկնաբանություն ստանալ ՔԿ հիմնարկից, պաշտոնապես չհաջողվեց: Միայն վստահեցրին, որ իրականում կին դատապարտյալն է հրահրել աշխատակիցներին հայհոյել իրեն, և տեղի է ունեցել անցանկալին:

ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ այս միջադեպի պատճառով հացադուլ է հայտարարել կանանցից միայն մեկը՝ Սիրանույշ Թադևոսյանը, ում ցանկացել է միանալ ևս 3 դատապարտյալ, սակայն Էդիտայի՝ հացադուլ չհայտարարելուց հետո նրանք հետ են կանգնել իրենց որոշումից: Իսկ Սիրանույշ Թադևոսյանի հացադուլը մեկ օր է տևել:

Մենք պարզեցինք նաև, որ Էդիտա Ներկարյանը երկու օր պատժախցում մնալուց հետո այսօր վաղ առավոտյան ՔԿՀ է վերադարձել, սակայն այս հանգամանքը բախտակից կանանց այնքան էլ չի հուսադրել: Նրանք շարունակում են պնդել, որ իրենց նկատմամբ ճնշումներ են գործադրվում՝ հաճախ կնոջ իրավունքները խախտելու գնով:

Սա, թերևս, այնքան էլ զարմանքի տեղիք չի տալիս, քանի որ վերջին շրջանում պարբերաբար լուրեր են շրջանառվում այն մասին, որ հանրապետության տարբեր ՔԿ հիմնարկներում բախումներ են լինում: Վերջին թարմ նորությունը, թերևս, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տիրող վիճակն է, որի առնչությամբ ծառայողական քննություն է ընթանում:

Տաթև Հարությունյան




Լրահոս