Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորումն անհնար է առանց փախստականների խնդրի լուծման. ԵԱՀԿ ՄԽ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքու կատարած այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ֆրանսիացի համանախագահ Պիեռ Էնդրյուն և ռուս համանախագահ Իգոր Պոպովը հանդիպել են ղարաբաղյան կոնֆլիկտի գոտու փախստականների հետ:

Ինչպես նշել է ռուս համանախագահ Իգոր Պոպովը, հանդիպումն արդյունավետ է եղել: «Այսօր ավարտվում է մեր այցը տարածաշրջան: Հայաստանում մենք քննարկել ենք քաղաքական գործընթացները, շփման գծում լարվածության աճը, հումանիտար համագործակցության ձևավորման հարցերը: Նախագահների առաջիկա հանդիպման հույս ունենք»,-մեջբերում է APA-ն:

Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել է, որ քանի դեռ լուծված չէ փախստականների խնդիրը, անհնար կլինի կոնֆլիկտի կարգավորման համակողմանի լուծում գտնել: Իր հերթին ֆրանսիացի համանախագահ Պյեռ Էնդրյուն նշել է, որ պետք է հաշվի առնել փախստականների գործոնը: «ԿԽՄԿ հետ հանդիպման ժամանակ Ղարաբաղում պատերազմի ընթացքում զոհերի թիվն ու անձը հաստատելու նախաձեռնություն ենք առաջ քաշել: Այդ գործընթացն իրականացվում է և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում»,-հավելել է ֆրանսիացի համանախագահը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս